«Կովկասն արդեն իսկ լարված էր». Ֆելգենգաուերը` «Ստրատֆորի» վերլուծության մասին
«Ղարաբաղում` անկախ ՌԴ-Արևմուտք հակամարտությունից, իրավիճակի բռնկման վտանգը բարձր է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս հեղինակավոր ռազմական փորձագետ, սյունակագիր Պավել Ֆելգենգաուերը` անդրադառնալով «Ստրատֆոր» մասնավոր ամերիկյան վերլուծական կենտրոնի տարածած հաշվետվությանն այն մասին, որ ՌԴ-Արևմուտք հակամարտությունը սրվում է Հարավային Կովկասում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
Հիշեցնենք, որ «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի փորձագետներն իրենց օգտոստոսյան հաշվետվությունում նշել էին, որ ԽՍՀՄ փլուզումից հետո յուրաքանչյուր օգոստոս ամիսը «սև ամիս» է եղել Ռուսաստանի համար, քանի որ հենց այդ ամսվա ընթացքում են գրանցվել ամենաանսպասելի և բացասական զարգացումները Ռուսաստանի համար: Այս օգոստոսը, ըստ կենտրոնի, չի տարբերվում նախորդներից՝ իր լարված զարգացումներով: «Ուկրաինական հակամարտության սրման ֆոնին լարվում են նաև ՌԴ-Արևմուտք հարաբերությունները: Ի դեպ, առճակատման կենտրոնը միգուցե Ուկրաինայից տեղափոխվի Կովկաս` Ադրբեջան, Հայաստան, Վրաստան»,- կարծում են «Ստրատֆորի» փորձագետները:
Ըստ Ֆելգենգաուերի, ԼՂ հակամարտության գոտում լարվածություն և փոխհրաձգություն եղել է 1994թ. կնքված հրադադարից հետո մինչ այսօր: Նրա խոսքով` եղել են հակամարտության ակտիվ ու պասիվ փուլեր՝ պայմանավորված նաև աշխարհաքաղաքական զարգացումներով:
«Իրավիճակը հակամարտության գոտում, այո, պայթյունավտանգ է: Բայց, իմ համոզմամբ, լայնամասշտաբ պատերազմի այն չի վերածվի, քանի որ լայնամասշտաբ պատերազմ պետք չէ ոչ մի կողմի, խոսքը և՛ հակամարտող կողմերի, և՛ միջնորդների մասին է: Սակայն, ըստ էության, պատերազմի վտանգը բարձր է, քանի որ այսօր լարվածությունը և վստահության բացակայությունն այնքան բարձր մակարդակի վրա են, որ ցանկացած սադրանք կարող է վերաճել լուրջ ռազմական բախման: Սրանից է, որ պետք է զգուշանալ»,- ասաց ռազմական փորձագետը:
Ինչ վերաբերում է ՌԴ դերին հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, փորձագետը գտնում է, որ հրադադարի ողջ ընթացքում ՌԴ-ն դեմ չի եղել խաղաղապահներ տեղակայել Ղարաբաղում: Բայց, ըստ նրա, այսօր դա հնարավոր չէ, քանի որ ՌԴ-ն արդեն իսկ լուրջ ռեսուրսներ է ներդրել այլ գոտիներում խաղաղության համար և մեծ թվով խաղաղապահներ չի կարող ուղարկել Ղարաբաղ:
«Այսօր նույնիսկ խոսելն այն մասին, թե ՌԴ-ն ինչ-որ կերպ ունի դերակատարություն հակամարտության գոտում, սխալ է, քանի որ ՌԴ-ն ամբողջությամբ այլ խնդիրների վրա է կենտրոնացած` ուկրաինական ճգնաժամ, Իսլամական պետության սպառնալիք, իրավիճակը Միջին Ասիայում, հակամարտություն Արևմուտքի հետ, որն ավելի ու ավելի է սրվում: ՌԴ ղեկավարությունն այսօր կենտրոնացած է այս խնդիրների վրա, ինչը բնական է»,- ասաց Պավել Ֆելգենգաուերը: Վերջինիս համոզմամբ` լարվածություն Հարավային Կովկասում արդեն կա, քանի որ կան չկարգավորված հակամարտություններ, չկարգավորված հարաբերություններ, ինչն անընդհատ լարում և սադրում է իրավիճակը: