«Ղարաբաղյան գոտու հետագա զարգացումները միայն հայերի և ադրբեջանցիների ձեռքում են». Ռիչարդ Կոզլարիչ

«Ողբերգական մարտերի ողջ պատասխանատվությունը Բաքվի և Երևանի վրա է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ամերիկացի դիվանագետ, Բոսնիա-Հերցեգովինայում ԱՄՆ նախկին դեսպան (1997-1999 թթ.), Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան (1994-1997 թթ.), ներկայումս Ջորջ Մեյսոն համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի «Մուսուլմանական աշխարհ» հատուկ նախաձեռնության տնօրեն Ռիչարդ Կոզլարիչը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ապրիլի 1-ից Ադրբեջանի ԶՈՒ սանձազերծած մարտական գործողություններին:

Նախկին դեսպանը հետևում է իրադարձությունների զարգացմանը, ավելին, իր թվիթերյան միկրոբլոգում մեկնաբանում լուրերն ու վերլուծությունները: Մեզ հետ զրույցում Կոզլարիչը նշեց, որ չունի բացատրություն, թե ինչու ողբերգական մարտերը բռնկվեցին Ալիևի և Սարգսյանի վաշինգտոնյան հանդիպումներից հետո: Ըստ նրա՝ կողմերը պետք է դադարեցնեն արտաքին պատճառներ փնտրել ներկայիս իրավիճակում:

«Այս ողբերգական մարտերի պատասխանատվությունը Բաքվի և Երևանի քաղաքական իշխանությունների վրա է: Մարտերը դադարեցնելու համար Երևանն ու Բաքուն դիմում են միջազգային խաղացողներին: Դա անիմաստ է»,- նման տեսակետ հայտնեց Ռիչարդ Կոզլարիչը: Վերջինիս համոզմամբ՝ պետք է դադարեցնել Մինսկի խմբին մեղադրել այն բանի համար, որ Երևանն ու Բաքուն չեն բանակցում լրջորեն:

«Մինսկի խումբը բանակցային հարթակ է Ադրբեջանին և Հայաստանին միմյանց հետ բանակցելու գործընթացին աջակցելու համար»,- ընդգծեց նախկին դիվանագետը: Ռիչարդ Կոզլարիչի համոզմամբ՝ ԼՂ հակամարտության գոտու հետագա զարգացումները հայերի և ադրբեջանցիների ձեռքում են միայն:

Տեսանյութեր

Լրահոս