«Մենք ծեծում ենք ու լավ ենք ծեծում, այնքան ենք ծեծում, որ կարող ենք գլուխներս բարձր պահել». Վովա Վարդանովը՝ սահմանային լարված իրավիճակի մասին
«Միակ ուժը, ում կարող է այս ամենը պետք լինել, Թուրքիան է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը՝ խոսելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծի լարված իրավիճակի մասին:
Նրա խոսքով՝ թուրքական բանակն ընդհանուր առմամբ պատրաստ չէր այս լայնամասշտաբ գործողություններին, նրանք ներքևից պատերազմը սկսելու իրավիճակում հայտնվեցին.
«Իմ կարծիքով՝ թուրքական դիվերսանտներ են եղել, որոնց մեր դիրքապահները ոչնչացրել են: Նման բան կա՝ մեծ հանցանքը փորձում են մեծ արյունով թաքցնել, սա նման մի բան է»:
Նա այս իրավիճակը նմանեցրեց 1990-ական թվականների ստեղծված իրավիճակին, երբ, նրա խոսքով՝ «մեր դեմ կռվում էին բոլոր հակառուսական ուժերը և Ռուսաստանը». «Հիմա նույն բանն է ստացվում, մեր դաշնակիցն է փորձում է նեյտրալիտետ պահել, դա նույն բանն է, կարծես մեր դեմ կռվի, նույնը Թուրքիան է անում՝ նույն ձևով հորդորում է խաղաղություն»:
Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ Վ. Վարդանովն ասաց. «Մենք ծեծում ենք ու լավ ենք ծեծում, այնքան ենք ծեծում, որ կարող ենք գլուխներս բարձր պահել: Ոչ միայն բանակն է իրեն լավ պահում, այլև՝ հասարակությունը, սկանդալիստ լրագրողները»,- հայտարարեց նա:
168.am-ի հարցին, թե իրավիճակի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի երեկվա այն հայտարարությունը, թե հայկական զորքերը պետք է դուրս բերեն ադրբեջանական օկուպացված տարածքներից, Վ. Վարդանովը պատասխանեց, որ չի բացառվում, որ հատուկ են անում, որ թուրքը ոգևորվի. «Բայց իրենք շատ ավելի մեծ կորուստներ են ունենում»:
Խոսելով կամավորական ջոկատների սահման գնալու մասին՝ նա ասաց, որ կարծում է՝ դա դրական քայլ է, բայց այս պահին այնքան էլ չկա դրա անհրաժեշտությունը:
Վ. Վարդանովը նաև կարծում է՝ իրավիճակը հնարավոր էր կանխատեսել.
«Չգիտեմ՝ ստացե՞լ են ինֆորմացիան, վերլուծե՞լ են, թե՞ ոչ, կարող է՝ նույնիսկ սխալ վերլուծություն են տվել, բայց, որ պարտավոր էին այդ ինֆորմացիան ունենալ, դա անվիճելի է»:



