«Վտանգված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը». պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը

Ազգային ժողովն այսօր հերթական քառօրյա նիստերը սկսեց մեկ րոպե լռությամբ` հարգելով ղարաբաղաադրբեջանական շփման գծում զոհված հերոսների հիշատակը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի ագրեսիվ ահաբեկչական գործողությունների արդյունքում լայնածավալ ռազմական գործողություններ են սկսվել ղարաբաղաադրբեջանական գոտում:

«Ցավոք, Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում մենք ունենք մարդկային կորուստներ թե՛ քաղաքացիական բնակչության, թե՛ հերոս զինծառայողների շրջանում»,- ասաց Է.Շարմազանովը:

Նա նշեց, որ երեկ և այսօր ԱԺ բոլոր խմբակցությունների հետ ունեցել են քննարկումներ, և բոլոր պատգամավորները միասին ընդունել են հայտարարություն: ԱԺ փոխնախագահն ընթերցեց ԱԺ բոլոր խմբակցությունների և խմբակցություններում չընդգրկված պատգամավորների հայտարարությունը.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրավիճակի աննախադեպ սրումը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: 2016թ. ապրիլի 1-2-ի գիշերն ադրբեջանական բանակը սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ: 1994թ.-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ զինադադարից հետո առաջին անգամ մեծ քանակությամբ ծանր սպառազինությունների կիրառումը, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը, Լեռնային Ղարաբաղի խորքում ընկած ենթակառուցվածքների թիրախավորումն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Բաքուն կանգնել է հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու իր պատրանքը կյանքի կոչելու անհեռատես և վտանգավոր ուղու վրա: Ադրբեջանի այս արկածախնդիր քաղաքականության պատճառով կան բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ նաև քաղաքացիական բնակչության շրջանում:

Կարդացեք նաև

Վտանգված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը: Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանային անվտանգության համար: Ադրբեջանի բռնապետական ռեժիմը, տառապելով իր իշխանությունը ամեն գնով պահպանելու մտասևեռմամբ, փորձում է ներքին խնդիրներից շեղել իր և միջազգային հանրության ուշադրությունը և չի խորշում դրա համար զոհել մարդկային կյանքեր:

Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պաշտպանական մարտերում զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին և կիսում ենք կորստյան ծանր վիշտը, առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: Բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի՝ իրավիճակի կայունացմանն ուղղված գործողությունները, հայ զինվորների մարտական պատրաստականությունը, հայրենիքը պաշտպանելիս դրսևորած անձնազոհությունն ու արիությունը, ինչպես նաև մեր հասարակության միախմբումն ու միասնականությունը: Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից 1994 թվականի զինադադարի պայմանագրի խախտումը, Արցախի ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքի ոտնահարումը, քաղաքացիական բնակչության և բնակավայրերի թիրախավորումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված ձևաչափով հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերի նպատակային ձախողումն ու մերժումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականությունը: Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային կազմակերպություններին՝ հասցեական և համարժեք արձագանքել ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ադրբեջանական կողմին՝ կիրառելով ագրեսորի նկատմամբ զսպման բոլոր մեխանիզմները՝ լարվածության հետագա սրացումից և տարածաշրջանն ապակայունացնող քայլերից խուսափելու համար: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն` դատապարտելով Բաքվի ահաբեկչական քաղաքականությունը, և կմիանան Ադրբեջանին սանձելու միջազգային հանրության ջանքերին»:

Նախքան օրակարգին անցնելն Է.Շարմազանովը շնորհակալություն հայտնեց աննախադեպ կոնսոլիդացիայի համար ընդդիմադիրներին և ՀՀ քաղաքացիներին:

Տեսանյութեր

Լրահոս