«Նշյալ մարդը չպետք է ղեկավարի ԵԽ ԽՎ-ն, նա կարող է լինել ինչ-որ դիկտատորական կառույցի ղեկավար». Էդմոն Մարուքյանը՝ ԵԽ ԽՎ նախագահի կոչի մասին
«Ես դատապարտում եմ ԵԽ ԽՎ նախագահի հայտարարությունը՝ և՛ իմ անունից, և՛ կուսակցության»,-168.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը կոչ է արել հայկական զորքերը դուրս բերել «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:
-Ինչպե՞ս եք գնահատում ԵԽ ԽՎ նախագահի այսօրվա կոչը, և ըստ Ձեզ՝ այն ի՞նչ ազդեցոթյուն կարող է ունենալ ղարբաղա-ադրբեջանական սահմանի լարված և լայնամասշտաբ գործողությունների, իրավիճակի վրա:
-Եվրոպայի խորհուրդը այն կառույցն է, որը հիմնված է մարդու իրավունքների և ժողովրդավարության և իրավունքի գերակայության արժեքների վրա, և նշված կառույցի խորհրդարանական վեհաժողովի ղեկավարն ուղղակի չի կարող նման միակողմանի հայտարարություն անել, և նման միակողմանի հայտարարություն անելն այս պայմաններում նշանակում է աջակցել կողմերից մեկին՝ աջակցել Ադրբեջանի իշխանություններին, որոնք հենց այս պահին պատերազմի հանցագործություններ են թույլ տալիս:
Այսինքն՝ նրանց գործողությունները միջազգային քրեական իրավունքի շրջանակներում կոչվում է պատերազմական հանցագործություններ, հետևաբար՝ նա աջակցում է պատերազմական հանցագործութուններ իրականացնող իշխանություններին, և ես խորհուրդ կտայի նրան, որպես ԵԽ ԽՎ-ի նախագահ, հայտարարություն աներ և պահանջեր Ադրբեջանի քաղբանտարակյալների ազատ արձակում, մարդու իրավուքների ոտնահարումների դադարեցում, իրավապաշտպանների բանտերից ազատում, խոսքի ազատության վերականգնում և այլն:
Բայց նա աջակցում է պատերազմի հանցագործներին, և, հետևաբար, ինքը նույնպես մեղսակից է նրան, ինչ հիմա կատարվում է Ադրբեջանում՝ ներքին առումով և նաև այն, ինչ կատարվում է այս պահին Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքում: Մենք գիտենք, որ քաղաքացիական բնակչության վրա լայնամասշտաբ հարձակում է տեղի ունենում, ինչը պատերազմական հանցագործություն է: Միջազգային որևէ անդրադարձ չեմ կարծում, որ կլինի, որովհետև բոլորին հայտնի է, որ այս պահին գործող ԵԽ ԽՎ նախագահը իրենից որևէ բան չի ներկայացնում, իր ունեցած հայտարարությամբ նա նաև ցույց է տալիս, որ ինքն իրենից որևէ բան չի ներկայացնում:
-Ինչո՞վ եք պայմանավորում նման հայտարարությամբ հանդես գալը:
-Ես դա պայմանավորում եմ նրա սերտ հարաբերություններով Ադրբեջանի իշխանությունների հետ: Դա բոլորին է հայտնի. հայկական պատվիրակությունն էլ, բոլորն էլ միշտ ասել են, բարձրաձայնել են նրա ընտրվելու պահին էլ, մենք շատ ենք խոսել: Նա վարկաբեկում է Եվրոպայի խորհուրդը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը և նա չի գործում ելնելով այն արժեքներից, ինչի վրա խարսխված է Եվրոպայի խորհուրդը:
-Ըստ Ձեզ՝ հայկական կողմն այստեղ անելիք ունի՞, ի՞նչ պետք է անի, որ նման հայտարարություններ չլինեն:
-Հայկական կողմը դիվանագիտական մակարադակում աշխատանքներ տանում է, բայց նմանատիպ պաշտոնատար մարդկանց հետ ուղղակի պետք է պաշտոնական հայտարարություններ լինեն առ այն, որ նշված պաշտոնատար անձը չի համապասխանում իր պաշտոնին: Ես հիմա ասում եմ, որ նա չի համապատասխանում այդ պաշտոնին, նշյալ մարդը չպետք է ղեկավարի ԵԽ ԽՎ-ն, նա կարող է լինել ինչ-որ դիկտատորական կառույցի ղեկավար, որը մարդու իրավունքի գերակայության և ժողովրդավարության հետ որևէ աղերս չունի: