Ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում. ԼՂ ՊԲ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված: Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ: Հիշեցնենք, որ ևս 2 տանկ և 1 ՀՄՄ հակառակորդն այսօր կորցրել է հարավարևելյան ուղղությամբ: Ընդհանուր առմամբ երեկ և այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ): Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ:
Մարտագծի հարավարևելյան ուղղությամբ ևս ընթանում են դիրքային թեժ մարտեր:
Հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի վրա ՄՄ-21 («Գրադ») հրթիռահրետանային կայանքից և 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով: