Բաժիններ՝

«Հայաստանյան շուկայում որակյալ հագուստի պակաս է զգացվում, ապրանքների մեծ մասն էլ ներկրված է Թուրքիայից»

Սիրիահայ Վիգեն Քետիկյանը Դամասկոսում դիզայներ-ճարտարապետ էր, բայց 4 տարի առաջ պատերազմը ստիպեց նրան ընտանիքի հետ տեղափոխվել Հայաստան: Այստեղ նա փոքրիկ խանութ բացել է ու զբաղվում է բիզնեսով: Նա իր ընտանիքի հետ 6 ամիս է, ինչ մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: Հիմա Վիգենի հետ Երևանում են ապրում մայրն ու հայրը, իսկ կինը երեխաների հետ առայժմ Ուկրաինայում է:

«Պարբերաբար գնում-գալիս եմ Սիրիա. Դամասկոսում պայմանները համեմատաբար խաղաղ են, քաղաքն էլ առանձնապես չի ավերվել, բայց տնտեսական առումով, իհարկե, տուժել եմ»,- զրույցի ընթացքում պատմեց Քետիկյանը: Նա նշեց, որ կինը և երեխաները պետք է շուտով տեղափոխվեն Երևան: Որդին 3 տարեկան էր, երբ նրանք հեռացան Սիրիայից: Հիմա ռուսերեն և ուկրաիներեն է խոսում, մի փոքր հայերեն, դպրոցում սովորում է անգլերեն ու ֆրանսերեն: Ասում է, որ եթե վերադառնան Սիրիա, երեխայի համար դժվար կլինի, քանի որ արաբերենը մոռացել է: Վիգենը պատմում է, որ իր կնոջ հայրը, ով ևս Ս իրիայից է, 1980-ականներին Ուկրաինայում է հանդիպել իր ապագա կնոջը, բայց հետո վերադարձել Սիրիա:

«Վերջին 2 տարվա մեջ 5-6 անգամ մեկնել եմ նրանց մոտ, բայց անկախ Ուկրաինայի համար ծանր ժամանակներից՝ չզգացի այնպիսի դժվարին պայմաններ, ինչպես Սիրիայում էր: Կիևում չես վախենում քայլելիս ականի վրա կանգնել»,- նշում է Քետիկյանը:

Սիրիայում Քետիկյանը մասնավոր բիզնեսով էր զբաղվում` շինարարությամբ: «Պատերազմող երկրում դժվար թե մարդիկ մտածեն շինարարության ու վերանորոգման մասին: Եթե պատերազմն ավարտվի, կարծում եմ գործս այնտեղ կրկին կծաղկի»,- հույսով հայտնեց նա: Ասում է, սակայն, որ Հայաստանում շինարարությամբ չի կարող զբաղվել նույն ազատությամբ, քանի որ Սիրիայում բիզնեսն ավելի մեծ էր: Լեզվային խոչընդոտները ևս խանգարող հանգամանք են. Հայաստանում այդ ոլորտում առավել գործածական են ռուսերեն եզրույթները, թեպետ նա արդեն լրացնում է ռուսերենի իր գիտելիքները:

Կարդացեք նաև

Նա 3-4 ամիս է, ինչ Հայաստան է ներկրում սիրիական բամբակյա հագուստ ու գործվածքներ, զուգահեռ շարունակում է արտասահմանից դիզայնի օնլայն պատվերներ ստանալ և ուղարկել: Նկատել է, որ Հայաստանյան շուկայում որակյալ հագուստի պակաս է զգացվում, ապրանքների մեծ մասն էլ ներկրված է Թուրքիայից: Հույս ունի, որ այս գործն առաջընթաց կապրի, Հայաստանում կտիրի խաղաղություն, ու նրանք ստիպված չեն լինի տեղափոխվել Ուկրաինա կամ որևէ այլ տեղ:

«Պապերս 1915 թ. դեպքերից հետո են գաղթել Սիրիա, հիմա էլ մենք ստիպված լքել ենք մեր տունը: Չենք ցանկանա, որ մեր թոռները տարիներ անց ստիպված լինեն նույն ուղով անցնել»,- ասում է Վիգենը: Նրա հայրն էլ, ով մասնագիտությամբ ոսկերիչ է, շատ է ուզում մնալ Հայաստանում:

Որոշ սիրիահայեր Երևանում բախվել են տարբեր դժվարությունների, բայց մեր հերոսը առանձնապես չի բողոքում: Նշում է միայն, որ բարդությունները կապված են ներկրվող ապրանքների մաքսազերծման ծախսերի հետ՝ Հայաստանում բավականին թանկ են` ի տարբերություն Սիրիայի կամ այլ երկրների: Վիգենը հիշում է, որ այդ հարցում ձմռան ամիսներին բարդություններ են եղել, սակայն հույս ունի, որ ամռանը վիճակը կբարելավվի: «Մինչև հիմա վնասով ենք աշխատել, բայց խանութը սկսել է անուն հանել. թափ հավաքելու համար ժամանակ է հարկավոր, մենք ջանք չենք խնայում այդ հարցում: Երբ բիզ նեսը կայունանա, կարծում եմ, Հայաստանում էլ շինարարական գործունեություն կծավալեմ»,- լավատեսորեն տրամադրված ասաց Վիգենը: Նա նաև հավելեց, որ Երևանում էլ նրանց առաջին իսկ օրվանից շատ լավ են վերաբերվել, պատահում է միայն, որ արևմտահայերենը դժվարությամբ են հասկանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս