Խաղերի երկիր, Հայաստանս

Պաշտոնական վիճակագրությունը շարունակում է մեզ համոզել, որ տնտեսության վիճակը ոչ թե՝ գնալով վատանում է, այլ՝ լավանում։ Օրինակ՝ 2016 թ.առաջին երկու ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է 4.7%-ով (նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ)։ Ոլորտներ կան, որ երկնիշին մոտ աճ են գրանցել (արդյունաբերություն և ծառայություններ)։ Ավելին, միջին ամսական աշխատավարձերն աճել են (2.5%-ով), իսկ սպառողական ապրանքների գները՝ նվազել։

Այլ կերպ ասած՝ կյանքն էժանացել է։

Թվում է՝ այսքանը բավարար է, որպեսզի ՀՀ քաղաքացիները բավարարված զգան ու գոհ լինեն սոցիալ-տնտեսական վիճակից։ Գո՞հ են իրականում։ Այս հարցի պատասխանը ձեզանից յուրաքանչյուրն ինքնուրույն կարող է տալ՝ իր սեփական և իր ծանոթների վիճակից ելնելով։ Մեր տեղեկություններով՝ գոհ չեն (մեղմ ասած)։ Գրեթե բոլորը դժգոհ են՝ աշխատանք ունեցողները, չունեցողները, փոքրից մինչև ամենախոշոր գործարարները դժգոհում են, խնդիրները գրեթե բոլորի մոտ ավելացել են։
Ասվածի անուղղակի ապացույցները կան նաև պաշտոնական վիճակագրության մեջ։

Օրինակ, ներքին առևտրաշրջանառության ծավալը շարունակում է նվազել։ Այս տարվա հունվար-փետրվարին ՀՀ քաղաքացիները կատարել են 264,2 մլրդ դրամի առևտուր, ինչը 1.8%-ով ցածր է 2015-ի հունվար-փետրվարի ցուցանիշից։ Ու սա զարմանալի չէ՝ մանավանդ դրսից եկող տրանսֆերտների նվազման ֆոնին։ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ այս տարվա հունվար-փետրվարին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային նպատակներով Հայաստան ուղարկված գումարը կազմել է 108.9 մլն դոլար, ինչը 13.4 միլիոն դոլարով (12.3%-ով) քիչ է նախորդ տարվա հունվար-փետրվարի ցուցանիշից։

Կարդացեք նաև

carayutyunner

Այս ամենին գումարենք ևս մեկ՝ շատ մտահոգիչ ցուցանիշ՝ ժամկետանց վարկերի աճը։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ՀՀ բանկային համակարգի ժամկետանց վարկերը 2016թ. փետրվարին կտրուկ աճել են և հասել ռեկորդային ցուցանիշի՝ 45.3 մլրդ դրամի։ Նախորդ ամսվա՝ հունվարի համեմատ, ժամկետանց վարկերի ծավալն աճել է շուրջ 5.4 մլրդ դրամով կամ 13.4%-ով, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 7.8 մլրդ դրամով կամ 20.8%-ով։ Փետրվարի վերջի դրությամբ՝ ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը բանկերի տրամադրած ընդհանուր վարկերի մեջ հասել է 2.13%-ի։ Բանկերի երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը 5.35% է։

Ժամկետանց վարկերի աճն ուղղակի վկայում է ֆինանսական դժվարությունների մասին. մարդկանց գումարը չի բավականացնում՝ վարկային պարտավորությունները ժամանակին կատարելու համար։ Այս ամենից հետո բնական է՝ հարց պետք է առաջանա՝ իսկ ինչի՞ հաշվին է ակտիվացել տնտեսությունը։ Արդյունաբերության ոլորտը, ինչպես նախկինում էլ բազմիցս գրվել է, աճել է հանքարդյունաբերության հաշվին։ Սակայն ծառայությունների ոլորտի 9.8%-անոց աճը մի տեսակ ուշադրությունից դուրս է մնացել։ Ու երբ դիտարկում ենք ծառայությունների ոլորտի մանրամասն ցուցանիշները՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր պաշտոնյաներն իրոք ճիշտ են՝ կյանքը գնալով անհոգ ու ուրախ է դառնում։

Բերված աղյուսակում ներկայացված է ծառայությունների ոլորտի կառուցվածքը հունվար-փետրվարին։ Այս ոլորտում առավել մեծ տեսակարար կշիռ ունեն ֆինանսական և ապահովագրական գործունեությունը (21.4%), տեղեկատվությունը և կապը (18%), մշակույթ, զվարճություններ և հանգիստ ենթաոլորտը (20.5%)։ Ամենից շատ աճել է հենց զվարճությունների ոլորտը՝ 50,5%-ով, և կազմել է 35.7 մլրդ դրամ։ Ի՞նչ է ներառում այս ոլորտը։ «Հանգիստ» բառը թող թյուրիմացության մեջ չգցի՝ հյուրանոցները ներառված են վերևի տողում (կացության և հանրային սննդի կազմակերպում), նույն տողում են ներառված նաև ռեստորաններն ու այլ սննդի օբյեկտները։

«Մշակույթ, զվարճություններ և հանգիստ»-ի մեջ, բնակաբար, մտնում են թատրոնները, կինոթատրոնները, ցուցահանդեսները, և այլն։ Սակայն հիմնական դերակատարն այստեղ ժամանցի ոլորտն է՝ մեծ փողերը հենց այստեղ են։

Պաշտոնական վիճակագրությունն ավելի մանրամասն չի բացում տվյալները, որպեսզի հասկանալի լինի՝ ըստ կոնկրետ ծառայությունների ոլորտի՝ ինչ ցուցանիշներ ունենք։ Սակայն «չար լեզուներն» ասում են, որ ժամանցի տակ պետք է առավելապես հասկանալ խաղատները։ Այդ «չար լեզուներից» մեկն էլ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնն է։ Ասուլիսներից մեկի ժամանակ նա հայտարարել էր, որ իրենց ուսումնասիրությունների համաձայն՝ «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ենթաոլորտի աճը պայմանավորված է կազինոների հաճախելիության աճով։ Ու եթե սա ճիշտ է, ապա մնում է անել 2 ենթադրություն։ Կա՛մ մեր հայրենակիցներն անհասկանալի վարքագիծ են դրսևորում՝ որքան վիճակը վատանում է, այնքան ավելի շատ են «կայֆերի» վրա փող ծախսում, կազինոներ և այլ ժամանցի վայրեր հաճախում։ Կա՛մ մեր երկրի վիճակը լավ է, բոլորի բարեկեցությունն աճել է, ուղղակի, հայի բնավորության համաձայն՝ բոլորը միշտ բողոքում են։

Ի դեպ, էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողներին կոչ է արել՝ տնտեսության մասին գրելիս՝ փորձել մտահոգությունը նաև զուգակցել դրական զարգացումների հետ, և միայն չհրապարակել թվեր` հիմնվելով ԱՎԾ-ի վրա, թե պարտքը 5 մլրդ-ն անցավ, և այլն։ Այսինքն՝ փորձել նաև դրական, լավատեսություն ներշնչող «մեսիջներ» փոխանցել։

Զվարճանքի վրա ուղղված գումարների աճն այս առումով կարելի է տեղավորել կոչի մեջ. Ճիշտ է, տեսակետ կա, որ մարդիկ խաղամոլության վրա ավելի շատ են ծախսում այն ժամանակ, երբ գումար չկա, ու խաղամոլության աճը՝ որպես այդպիսին, ամենևին ուրախալի բան չէ։ Սակայն եկեք միայն վատը չտեսնենք. եթե հաճույքների վրա գումարներ են ծախսում, ուրեմն փող կա։

Տեսանյութեր

Լրահոս