Երևանում բացվեց Հայ մամուլի անկախացման 25-ամյակին նվիրված երգիծանկարների ցուցահանդես
Այսօր Պուշկինի 3ա հասցեում բացվեց Հայ մամուլի անկախացման 25-ամյակին նվիրված երգիծանկարների ցուցահանդես, որին ներկայացված էին 22 հեղինակների տարբեր տարիներին ստեղծված և մամուլի էջերում տպագրված երգիծանկարչական ժանրի 250-ից ավելի աշխատանքներ: Ցուցահանդեսի կազմակերպիչը Երգիծանկարիչների ասոցիացիան էր, որի մտահղացմամբ ցուցահանդեսը մեկնարկեց տպագիր մամուլի՝ տեղում կազմակերպված վաճառքով: Թերթի ապրիլմեկյան վաճառքը բացառիկ էր նրանով, որ դրան մասնակցում էին հենց թերթի ստեղծողները՝ լրատվամիջոցը ներկայացնող խմբագիրները: Այս առնչությամբ երգիծանկարիչ, Երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանը (Toto) 168.am-ի հետ զրույցում ասաց. «Հայաստանի Հանրապետության որևէ թերթի խմբագիր թող գլուխ չգովի, թե ինքն այդքան տղամարդկություն ունի, ինչքան Սաթիկ Սեյրանյանը, որովհետև ինքն այսօր ինձ ու մի քանի այլ մարդկանց հետ միասին այստեղ թերթ է վաճառել: Թեև բոլոր խմբագիրները զգուշացված էին, բայց պարզվեց, որ մեկը հիվանդ էր, մեկն ուշացել էր, մեկն ինչ-որ Գիքորի էր ուղարկել՝ իր փոխարեն, մեկը հեռվից էր նայում…
Իրականում այս ակցիան հատուկ նպատակ ուներ՝ բարձրացնելու տպագիր մամուլի հեղինակությունը, մենք ուզում էինք տեսնել մարդկանց ռեակցիան, հասկանայինք, թե ժողովուրդն ինչքանո՞վ է պատրաստ ընկալելու տպագիր մամուլ վաճառելու մեր ակցիան: Բանը նրանում է, որ մենք արդեն սովորել ենք ստանդարտներին, դրանք սովորական ու ընդունելի բան են դարձել մեզ համար, բայց երբ դրանք փոխում ես, մարդիկ կամաց-կամաց սկսում են կողմնորոշվել: Սկզբում մարդիկ պասիվ էին՝ մտածում էին՝ ի՞նչ է սա, արժե՞ առնել, թե՞ չէ, իսկ քիչ անց, երբ հասկացան, որ՝ այո, արժե, սկսեցին ակտիվանալ, և եկավ մի պահ, որ նրանք արդեն ազարտի մեջ ընկած՝ նույնիսկ մեծ գումարներ էին վճարում: Թերթերը վաճառվում էին պայմանական գնով, և հասույթն էլ, որ սիմվոլիկ գումար էր կազմել, օրինակ՝ «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը գումարը տվեց ուսանողներին, ընդ որում՝ այն ուսանողներին, ովքեր սովորում են ժուռնալիստիկայի ֆակուլտետում»:
«Երգիծանկարչական ժանրն այսօր մեր երկրում ծայրահեղ ծանր վիճակում է, այլ կերպ ասած՝ մեռնում է»: Ահա այս կարծիքին է երկար տարիներ այս ժանրում ստեղծագործող նկարիչ, ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը: Երգիծանկարիչը ցավով է հայտնում, որ ժանրի նկատմամբ անտարբեր վերաբերմունքը որևէ կերպ փոխելուն միտված քայլեր կամ ջանքեր չեն գործադրվում: «Անկախության առաջին տարիներին՝ 90-ականների սկզբին, երբ մամուլն ազատություն էր ձեռք բերել, ու էլ չկար Գլավլիտ, այս ժանրը նկատելի առաջխաղացում և ձեռքբերումներ ունեցավ: Շատերը սկսեցին երգիծանկարչությամբ զբաղվել, և այսպես՝ մինչև 1995 թվականը: Դրանից հետո սկսեցին կամաց-կամաց հասկանալ, որ սա, չասեմ՝ վտանգավոր բան է, այլ ծանրություն է, որոշակի բեռ, ու սկսեցին հեռու պահել այս ժանրը մամուլի էջերից:
Իսկ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն՝ արգելեց այս ժանրի դրսևորումները մամուլի էջերում, այլև, բառի բուն իմաստով ՝ փակեց թթվածնի բալոնները: Ցանկացած բան, որ նկարում էի, գլխավոր խմբագիրս ասում էր՝ Սուքիաս ջան, արի սա չդնենք թերթում: Հարցնում էի՝ ինչի՞ համար, ասում էր՝ նեղանում են… Բանը հասավ նրան, որ ինձ արգելեցին նույնիսկ ավանակ նկարել: Եվ ահա այսօր այստեղ է նաև այն «քերթած» ավանակը, որի մասնակցությամբ մի ժամանակ ես ԱԼՄ հեռուստաընկերությամբ անիմացիոն շարք էի պատրաստում և հեռարձակում: Իմիջիայլոց՝ ավանակին հանկարծ չկերակրեք, իրա կաշին քերթել են, ու մենք հազիվ բերել-հասցրել ենք այստեղ: Արգելում եմ իրեն կերակրել, ինչքա՞ն կարելի է ավանակներին կերակրել, չեմ հասկանում»,- կեսլուրջ կատակում էր երգիծանկարիչը:
Ի դեպ, ցուցահանդեսի բացմանը հայտնի դարձավ, որ բոլորովին վերջերս Սուքիաս Թորոսյանն աշխարհի լավագույն քաղաքական երգիծանկարիչների տասնյակում է հայտնվել: Այդ մասին 168.am-ին հայտնեց ինքը՝ երգիծանկարիչը. «Պարզվում է, ինձ ընտրել են աշխարհի լավագույն 10 երգիծանկարիչների շարքում: Այդ մասին ինձ հայտնել են էլեկտրոնային փոստով, դեռ չգիտեմ՝ կոնկրետ որերորդ տեղում եմ, բայց հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում կմեկնեմ Պրահա, որտեղ տեղի կունենա պաշտոնական արարողությունը»:
Հայ մամուլի անկախացման 25-ամյակին նվիրված՝ ծաղրանկարների ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև ապրիլի 7-ը: