«Մեր կողմից առաջարկվող փոփոխությունների նախագիծը թույլ կտա ոչ միայն՝ պահպանել և բարելավել հին օդանավակայանի ճարտարապետական տեսքը, այլև՝ կրճատել որոշակի ծառայությունների համար գանձվող գումարների չափը». Անահիտ Թարխանյան

Այսօր «Մեդիա կենտրոնում» «Զվարթնոց օդանավակայանի կլոր մասնաշենքի արդիականացման նոր նախագիծը» թեմայով քննարկում էր, որին մասնակցում էին ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, «Հայնախագիծ» ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, Ավիատորների ազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նախագահ Գրիգորի Վարդանյանը:

Քննարկման բանախոս, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն իր խոսքը սկսեց «Զվարթնոց» օդնավակայանում կատարված վերջին տարիներին իրականացված կառուցապատումներից.

«Կառուցումը եղել է սխալ որոշում, որը հանգեցրել է տարբեր խնդիրների. նախ՝ այն եղել է ոչ շահավետ, ինչի պատճառով մոտ 160 մլն դոլարի ներդրում է արվել, որից հետո մենք ունեցել ենք ընդամենը վեց հիմնական գեյթ, բացի դրանից՝ ձևավորվել է մի իրավիճակ, որի համար առ այսօր Հայաստանից դուրս մեկնելու համար մենք շարունակում ենք վճարել շատ ավելի թանկ գին, քան, օրինակ, հարևան հանրապետությունները»:

Անդրադառնալով իր համար շատ կարևոր թեմային՝ Անահիտ Թարխանյանը հավելեց. «Երկար տարիներ մեզ համոզում էին, որ «Զվարթնոց» օդանավակայանը հնարավոր չէ օգտագործել՝ դարձնելով այն առավել արդիական, սակայն մեր իրականացված նախագիծը ցույց է տալիս, թե որքան հարմարավետ և պարզ ճանապարհով կարելի է օգտագործել օդանավակայանը՝ պահեստային տարածքների շնորհիվ: Նախկինում մեքենաների կայանատեղին եղել է օդանավակայանի տակի հատվածում: Եթե մենք այդ կայանատեղիները հանենք այդտեղից, ինչն անվտանգության տեսակետից նաև միջազգային ստանդարտներին համապատասխան պահանջ է, կձևավորվեն ազատ տարածքներ՝ ողջ օդանավակայանի տակի հատվածում, որը հնարավորություն կտա ձևավորել օդանավակայանի ֆունկցիոնալ աշխատանքը»:

Կարդացեք նաև

Թե ինչպես է հնարավոր ներկայիս օդանավակայանում ստանալ լրացուցիչ 28 քմ տարածք, ունենալ ֆունկցիոնալ օգտագործման համար առավել շահավետ պայմաններ, այդ թվում՝ նաև թվով 11 գեյթեր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը ցույց տվեց սլայդ-շոուի օգնությամբ: Ըստ բանախոսի՝ իրենց կողմից առաջարկվող փոփոխությունների նախագիծը թույլ կտա ոչ միայն՝ պահպանել և բարելավել հին օդանավակայանի ճարտարապետական տեսքը, այլև նկատելիորեն կրճատել օդանավակայանի որոշակի ծառայությունների համար գանձվող գումարների չափը:

Հանդիպման մյուս բանախոսը՝ Ավիատորների ազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նախագահ Գրիգորի Վարդանյանը, նշեց՝ զրկվել պատմական այնպիսի խորհրդանիշից, ինչպիսին «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքն է, այն էլ՝ այն պարագայում, երբ ամբողջ աշխարհում պահպանում են անգամ ամենաչնչին, նույնիսկ՝ ոչ պատմական նշանակության կառույցները, անթույլատրելի է:

«Հայնախագիծ» ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը կարծում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի շուրջ կրքերը թեժացել են այն պատճառով, որ շինությունը ճանաչվել է՝ որպես մշակութային մեծ արժեք, և ոչ միայն՝ Հայաստանում, այլև արտասահմանում՝ համարվելով 20-րդ դարում կառուցված հուշարձանների լավագույն նվաճումներից մեկը:

«Օդանավակայանը, բնականաբար, այն կառույցն է, որ անդադար զարգացման կարիք ունի՝ տեխնիկական, մեխանիկական իմաստով, և այլն: Իհարկե, չի բացառվում, որ դրա հետևանքով շենքային պայմանները որոշակի փոփոխությունների կարիք զգան, բայց դա չի նշանակում, որ մշակութային արժեքը պետք է ստորադասվի այդ խնդիրներին: Բոլոր երկրներում, որ այսպիսի հարց է ծագել՝ արժեք ներկայացվող օդանավակայանները պահվել են և օգտագործվել մեկ այլ նպատակներով, բայց ոչ՝ քանդվել»,- ասաց նա:

«Զվարթնոց» օդանավակայանի պարագայում բանախոսը նշում է, որ շենքային պայմաններն այնպիսին չեն, որպեսզի այն օգտագործվի այլ նպատակների համար, բայց հնարավորություն ունի շարունակելու ծառայել՝ որպես օդանավակայան, բնականաբար, մասնակի փոփոխությունների ենթարկվելով. «Հայպետնախագիծն» այն կառույցն է, որ ի սկզբանե մշակել է այս նախագիծը, արխիվային բոլոր նյութերը մեզ մոտ են, և մենք պատրաստ ենք դա տրամադրել ամեն անգամ՝ ցանկացած մասնագիտական քննարկման ժամանակ: Բացի այդ, մեր ստեղծագործական և ինժեներական ներուժն այնպիսին է, որ օդանավակայանի մասնակի նորոգման հետ կապված ցանկացած պահի ծագած ցանկացած խնդիր կարող ենք լուծել»:

Հիշեցնենք, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, որ դեպի Հայաստան՝ օդային գլխավոր դարպասն է, սկսել է գործել դեռևս 1961 թվականից, իսկ շուրջ հինգ տարի տևած շինարարությունից հետո՝ 1982 թվականին, շահագործման է հանձնվել Կլոր համալիրը:

Համաձայն ՀՀ կառավարության և արգենտինական Corporacion America ընկերության (արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին պատկանող) միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2002 թվականի հունիսից 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:

 

Տեսանյութեր

Լրահոս