«Անկախ այն բանից, թե անձնական հարաբերությունները ինչպիսին են, Թուրքիան շարունակում է մնալ ԱՄՆ դաշնակիցը». Ռ. Սաֆրաստյան
«Չեմ կարծում, որ Ադրբեջանը պատրաստ է հրաժարվել իր ագրեսիվ պահվածքից, որը նա ցուցաբերում է վերջին շրջանում: Դրա նախադրյալները, համենայնդեպս, չկան: Ադրբեջանի այս ագրեսիվ պահվածքն ունի ռազմավարական նպատակ: Նա փորձում է փոխել այն ստատուս-քվոյի իրադրությունը, որ տարիների ընթացքում գոյություն ունի ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ: Այսինքն՝ սա ոչ միայն զուտ ագրեսիվ քաղաքականություն է, որն ունի որոշակի ներքին քաղաքական նպատակներ, այլ նաև ունի Ադրբեջանի շրջանակներում ռազմավարական նպատակներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Թուրքագետի կարծիքով՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը որոշակի ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի պահվածքի վրա, այն առումով, որ ըստ նրա՝ Ադրբեջանը կձգտի, այսպես ասած, հաշվի առնելով ավագ եղբոր խորհուրդներն ու հորդորները՝ է՛լ ավելի սրել իրադրությունը Հարավային Կովակասում ՝ Ղարաբաղի և Հայաստանի սահմաններին՝ այդպիսով իսկ նպաստելով թուրքական ծրագրերի իրականացմանը. «Թուրքիան ռուս-թուրքական սրացման արդյունքում կփորձի որդեգրել այնպիսի քաղաքականություն, որը կհանգեցնի Հարավային Կովկասում իրադրության սրմանը, և որպես գործիք փորձում է ու կշարունակի փորձել օգտագործել Ադրբեջանին: Ելնելով այս դրույթներից, կարծում եմ, որ ներկա իրավիճակում սպասել կտրուկ կարևոր դրական փոփոխությունների Արցախի հարցի կարգավորման շուրջ իմաստ չունի»:
168.am-ի հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված Օբամայի պահվածքը Էրդողանի նկատմամբ, ու ԱՄՆ-ը ի՞նչ մեսիջներ էր ուզում դրանով փոխանցել Թուրքիային, նա պատասխանեց. «Էրդողանը՝ որպես անհատականություն, Օբամայի մոտ՝ որպես անհատականության մոտ, առաջացնում է շատ բացասական էմոցիաներ, և սա Էրդողանի պահվածքի արդյունքն է: Նա այդպիսի մարդ է, և շատերը աշխարհի առաջնորդներից համապատասխպան մոտեցում ունեն նրա այդ պահվածքի նկատմամբ: Օբաման էլ դա ցույց է տալիս: Այս ամենի երկրորդ ու կարևոր կողմն այն է, որ Թուրքիան ԱՄՆ-ի համար ունի կարևորագույն աշխարհաքաղաքական նշանակություն, և անկախ այն բանից, թե անձնական հարաբերությունները ինչպիսին են, Թուրքիան շարունակում է մնալ ԱՄՆ դաշնակիցը Մերձավոր Արևելքում, և, ընդհանրապես, Թուրքիան շարունակում է ակտիվ դերակատարում ունենալ ՆԱՏՕ-ի շրջանակներում և որևիցե նախանշան, որ այս իրավիճակը կփոխվի, ես չեմ տեսնում»: