Բաժիններ՝

«Հայաստանում մարդիկ լացում են, գրկում քեզ ու ասում՝ «շնորհակալություն»՝ միայն նրա համար, որ դու եկել ես Գյումրի ու ֆիլմ ես նկարահանում երկրաշարժի մասին». Սարիկ Անդրեասյան

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Մայրեր», «Գողություն ամերիկյան ձևով», «Մաֆիա. Գոյատևման խաղ» ֆիլմերի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ֆիլմ է նկարահանել 1988թ. Գյումրիի երկրաշարժի մասին: Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են եկել Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիել Իզոտովը, Արտեն Բիստրովն ու Սաբինա Ահմեդովան:

Ինչպես խոստովանել է ռեժիսորը, ինքը երեք տարի երազել է այդ ֆիլմը նկարահանելու մասին, սակայն քաջ գիտակցում էր, որ այն գործարկելը բարդ է: «Ցանկացած պրոդյուսեր գիտակցում է, որ դա ծանր թեմա է, այն չէ, որով հնարավոր է դարձնել կինեմատոգրաֆիական տրենդ: Սա սովորական հասկացությամբ ֆիլմ-աղետ չէ՝ երկրաշարժը տևում է ընդամենը 40 վայրկյան, իսկ էկրանային մնացած ժամանակում մարդիկ փորձում են հաղթահարել դրա հետևանքները»,- խոստովանել է ռեժիսորը RIA Novosti-ի հետ զրույցում: Վերջինս պատմել է, որ ֆիլմի գաղափարը ներկայացրել է նախագծի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանին, ով իր թիմի հետ օգնել է մշակել սցենարը:

«Երբ ես կարդացի արդեն չորրորդ կամ հինգերորդ տարբերակը, լացեցի, այնքան ինձ հուզեց պատմությունը: Ես շատ լավ եմ հիշում այդ պահը՝ գիշեր, կինս ու որդիս քնած են, ես մտածում եմ, որ նրանց չարթնացնեմ, իսկ ինքս մտածում եմ նրանց չզարթնացնելու մասին ու ինքս լացում եմ»,- պատմում է Սարիկ Անդրեասյանը:

Ռեժիսորի խոսքով՝ նկարահանման 40 օրն անցել է ծանր պայմաններում: «Ֆիլմի մի մասը նկարահանել ենք Մոսկվայում՝ հին ավերված գործարանում, այնպես որ, կարողացանք մի քիչ խնայել դեկորացիաների վրա, մասնակի նկարահանել ենք Հայաստանում, այդ թվում՝ խաղաղ կյանքի տեսարանները»,- ասում է նա:

Կարդացեք նաև

Լրագրողի հարցին, թե ինչ զգացմունքներով է գնացել Հայաստան, քանի որ   մեծացել է Հայաստանից դուրս՝ Ղազախստանում,- նա պատասխանում է.

«Ես 3 տարեկան էի, երբ մենք հեռացանք, և ես Հայաստանի հետ առնչվում էի տարին մեկ անգամ, երբ երկու շաբաթով հյուր էի գալիս ազգականներիս: Իսկ «Երկրաշարժի» հետ ես մնացի 2 ամիս ու զգացի, թե ինչպես է արթնանում ներքին «հայկականությունս: Մենք բոլորս, ովքեր ապրում են Մոսկվայում, շատ քիչ բան ենք անում մեկս մյուսի համար: Մենք միշտ զբաղված ենք: Այնտեղ դու հասկանում ես, որ աշխարհը մի քիչ այլ է՝ մարդիկ անկեղծ են, բաց: Մոսկվայում ես ոչ ոքից հաճոյախոսություններ չեմ սպասում սկզբունքորեն: Երբ ինձ հաճոյախոսում են, ես մտածում եմ, որ ինձ շողոքորթում են կամ գումար են ուզում: Իսկ Հայաստանում մարդիկ լացում են, գրկում քեզ ու ասում՝ «շնորհակալություն»՝ միայն նրա համար, որ դու եկել ես իրենց քաղաք ու ֆիլմ ես նկարահանում: Ու ես հասկանում եմ, որ նրանք իսկական են: Հարկավոր է այնտեղ գնալ մարդկայնանալու համար»:

Sarik1

Խոսելով գլխավոր դերակատարի՝ Կոնստանտին Լավրոնենկոյի մասին, ռեժիսորն ասում է, որ նա մեծ արտիստ է, իսկ «Երկրաշարժը»՝ նրա լավագույն դերերից մեկը: «Այդպես հավանաբար յուրաքանչյուր ռեժիսոր է մտածում, սակայն ես իսկապես այդպես եմ մտածում»,- ասում է Սարիկ Անդրեասյանը:

Հարցին, թե՝ արդյո՞ք նա զգում է հայերի աջակցությունը, Անդրեասյանը պատասխանում է, որ ինքը միշտ եղել է ռուսների շրջապատում:

1400335072

«Իմ առաջին հայ ընկերները հայտնվեցին Մոսկվայում: Սակայն ես աջակցություն, իհարկե, զգում եմ: Ես Facebook-ում գրեցի «Երկրաշարժի» մասին նորությունը, ու միանգամից մեկնաբանություններ գրեցին: Ես հասկանում եմ, որ դրանք հայերն են գրում: Նրանք անհանգստանում են, ու դա շատ հաճելի է: Սակայն ես կինոյի համար ոչ մի հայից գումար չեմ վերցրել, երդվում եմ»,- խոստովանել է ռեժիսորը:

Հիշեցնենք, որ Դիշդիշյանի ու Անդրեասյան եղբայրների համատեղ նախագծի մասին հայտնի դարձավ 2014 թվականին:

«Մի երկրաշարժի պատմություն» դրամայի սցենարը ստացել է Կինոյի հիմնադրամի աջակցությունը՝ երրորդ տեղը զբաղեցնելով սցենարների մրցույթում:

Ֆիլմը ստեղծողները նպատակ ունեն զուգահեռ նկարահանել նաև վավերագրական ֆիլմ 1988թ. դեկտեմբերյան իրադարձությունների մասին:

Սյուժեի կենտրոնում երկու հերոսներ են՝ ռուս ճարտարապետ Անդրեյ Բերեժնին ու 25-ամյա Ռոբերտ Մելքոնյանը:

Երկար տարիներ առաջ ավտովթարում Բերեժնու մեղքով զոհվել են Մելքոնյանի ծնողները: Անդրեյը կրում է իր պատիժը բանտում, իսկ Ռոբերտին ապաստանում են ազգականները:

1400342339

Տարիներ անց նրանք երկուսն էլ հայտնվում են նույն փրկարարական ջոկատում: Հայտնի է, որ հայ հերոսների դերակատարների որոնումները տևել են 6 ամիս: Փորձերից հետո ընտրվել են Վիկտոր Ստեփանյանը, Տաթևիկ Հովակիմյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանն ու Սոս Ջանիբեկյանը:

Ֆիլմի ստեղծման մեջ 100 հազար դոլար են ներդրել ՀՀ մշակույթի նախարարությունն ու Կինոյի հիմնադրամը: Ֆիլմի նկարահանումներին աջակցել են ՀՀ Պաշտպանության ու Արտակարգ իրավիճակների նախարարությունները:

Սպասվում է, որ ֆիլմը պատրաստ կլինի 2016 թ. օգոստոսի վերջին, իսկ էկրաններ կբարձրանա դեկտեմբերի 7-ին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս