Բաժիններ՝

Ռեկորդակիր գործազրկություն և վտանգավոր հանքարդյունաբերություն

Հայաստանում գործազրկությունը հերթական ռեկորդն է սահմանել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Ըստ նրա՝ ԱՎԾ հրապարակած ցուցանիշները վկայում են, որ գործազրկության թիվը, որ անցած տարվա ընթացքում բավականին նվազել էր և երրորդ եռամսյակում 16.6% էր, դեկտեմբերին հասել է 19.6%-ի: Գործազրկությունը միջինում 2015թ.-ին կազմել է 18.6%, որը նախորդ տարվա համեմատ՝ ավելի է 1%-ով:

«Միջազգային տնտեսագիտության մեջ նորմալ է համարվում 5-6% գործազրկությունը: ՀՀ ցուցանիշները վկայում են, որ որևէ քայլ չի արվում աշխատատեղերն ավելացնելու առումով: Գործազրկության աճը շատ անհանգստացնող է, և միտումը շարունակվում է, որն ամենավտանգավորն է ու նշանակում է, որ բացի նրանից, որ մարդկանց թիվն է պակասում, գործազրկությունը չի պակասում: Մարդիկ աշխատանքի խնդիր ունեն, գնում են երկրից, թվում է, թե դա լուծում է, բայց ոչ: ՀՀ-ում տնտեսության թիվ մեկ խնդիրը գործազրկությունը կարելի է համարել»,- ասաց Վ.Խաչատրյանը:

Նա նշեց, որ ԱՄՆ պահուստային ֆոնդի քաղաքականությունը 2 հիմնական ուղղությամբ է կատարվում՝ գնաճի կանոնակարգում, որը բերում է տնտեսական աճի, և գործազրկություն: Վ.Խաչատրյանի խոսքով՝ 2009թ.-ից մինչև անցած տարվա նոյեմբեր, ֆոնդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը չէր բարձրացնում, քանի որ գործազրկությունը չէր համապատասխանում այն խնդիրներին, որ պահուստային ֆոնդն իր առջև դրել էր.

«Եվ երբ 10%-ից գործազրկությունն իջավ 5.2%, նոր միայն իրենք նոյեմբերին այդպիսի որոշում կայացրին: Նաև Եվրոպական Կենտրոնական բանկը, որն իր առջև գործազրկությունը որպես հիմնական նպատակ չի դնում, բայց այն երկրներում, որտեղ լուրջ տնտեսական խնդիրներ են առաջացել՝ Հունաստան, Իսպանիա, Պորտուգալիա, իրենք ավելի ակտիվ քաղաքականություն չեն կարողանում վարել հենց այդ պատճառով, թեև պաշտոնապես դրա մասին չեն խոսում»:

Վ.Խաչատրյանը նշեց, որ ՀՀ տնտեսական ակտիվության բարձր տոկոսը պայմանավորված է արդյունաբերության ոչ թե՝ մշակող, այլ՝ հանքարդյունաբերության ճյուղով, որի 40% աճը ոչ թե անհանգստացնում է, այլ շատ մեծ վտանգ է ներկայացնում, որովհետև միջազգային շուկայում գների մեծ փոփոխություն չի եղել, պղնձի գինը 4600-4700-ից դարձել է 5000 դոլար, սակայն դա էական ազդեցություն չպետք է ունենար:

«Այստեղ ես լուրջ բնապահպանական խնդիր եմ տեսնում և կարծում եմ, որ այն պետք է բոլորիս մտահոգի: Նաև անցած տարվա աճի համեմատ՝ այս աճն այսքան չպետք է լիներ, որովհետև անցած տարվա աճը բացատրվում էր Թեղուտի աշխատելով, իսկ այս տարի կարելի է միայն ենթադրել, որ Թեղուտն առաջին ամիսներին ողջ թափով չի աշխատել, և մի եռամսյակ էլ պետք է սպասել: Բայց այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ լրջագույն խնդիր է դարձել հանքարդյունաբերության այսպես էքստենսիվ, ոչ արդյունավետ եղանակով աճի տեմպը»:

Գյուղտնտեսության ոլորտում, Վ.Խաչատրյանի կարծիքով, կասկածելի են թվերը հատկապես բուսաբուծության աճի հետ կապված՝ 23%, նաև հաշվի առնելով այն, որ մենք երրորդ երկրներից ներմուծում ենք գյուղմթերքներ, բայց դրանք՝ որպես ներմուծում, չեն երևում.

«Այդ ներմուծման և արտահանման տարբերությունն էլ բավականին մեծ է՝ մոտ 80%, որը հարցեր է առաջացնում: Այսինքն՝ կարիք կա ճշտելու, թե այդ 23% աճը բնամթերային առումով իրենից ինչ է ներկայացնում: Ես գտնում եմ, որ հնարավոր չէ, որ նման բարձր տնտեսական աճ լինի, հատկապես չի էլ երևում, որ այդքան աճ ունենք»:

Անդրադառնալով ներդրումներին՝ Վ.Խաչատրյանը նշեց, որ, թեև ընդհանուր ներդրումներն ավելացել են, բայց հստակ չէ, թե այդ պորտֆելային ներդրումները որտեղ են կատարվել, կարող է հենց ՀԷՑ-ի բաժնետոմսերի առքուվաճառքը լինի.

«Ավելի անհանգստացնող է ուղղակի ներդրումների նվազումը, թեև խոստանում էին ներդրումների աճ: Ներդրումների աշխարհագրությունը դիտարկելիս՝ ստացվում է, որ դրանք եկել են օֆշորային երկրներից, հիմնականում ուղղվել են հանքարդյունաբերություն՝ մոտ 45%, Կիպրոսից, Գերմանիայից և Շվեյցարիայից: Գերմանիայից ներդրումները, կարելի է ենթադրել, որ Քաջարանի ՊՄԿ-ում է, մյուսները պարզ չեն: Այստեղ հիմնական անհանգստությունը կապված է ներդրումների օրինականության հետ, որ օֆշորային երկրներից են գալիս, որն արդեն ոչ միայն՝ Հայաստանի, այլև՝ համաշխարհային խնդիր է»:

Տնտեսագետը նկատեց, որ այս պաին պարզ չէ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի գումարների ճակատագիրը, որովհետև 180 մլն-ից 90 մլն դոլարը 2015թ.-ին պետք է տային, մնացածը՝ 2017-ին, և դա ԱՄՆ ռեզիդենտի կողմից կատարված ներդրում պետք է լիներ, բայց որևէ ձևով չի երևում, ԱՄՆ-ից ներդրումներն ընդամենը 11-12 մլն դոլար է:

«2015թ. ընթացքում ՀՀ ռեզիդենտների ֆինանսական ակտիվների զուտ ձեռքբերումը 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատ՝ նվազել է 457.7 մլն դոլարով և կազմել 30.7 մլն դոլար: Այսինքն՝ մեր երկրում ներդրում անողները ոչ թե ՀՀ-ում գրանցված կազմակերպություններ են, թեև նույն Կիպրոսից կամ Լյուքսեմբուրգից ներդրումները կարող է ՀՀ ռեզիդենտների կամ ֆիզիկական անձանց կողմից արված լինեն, բայց հենց ՀՀ-ից ներդրումները 457 մլն-ով պակասել են»,- արձանագրեց նա:

Վ.Խաչատրյանը նաև մտահոգություն հայտնեց, որ առևտրի և ծառայությունների ոլորտում անընդհատ անկում կար, անցած տարի մինչև 8% անկում գրանցվեց, այս տարվա փետրվարին էլ այդ անկումը շարունակվում էր: Ըստ նրա՝ կարևոր հանգամանք է նաև այն, որ մենք այս տարին համեմատում ենք արդեն նվազ թվերի հետ, օրինակ՝ տրանսֆերտները 15%-ով են պակասել, բայց անցած տարի էլ 40%-ով էին պակասել:

«Առևտրի և ծառայությունների ծավալն այս տարի նվազել է 1.8%, կարող է թվալ, թե քիչ է, բայց սա ցույց է տալիս մեր գնողունակությունը, այսինքն՝ մեր բնակչությունը շարունակում է ավելի քիչ գնել և ավելի քիչ ծառայություններից օգտվել: Սա պայմանավորված է նաև արտագաղթով, և, երբ նայում ենք տրանսֆերտների փոփոխությունը, անմիջական կապվածությունը երևում է՝ մոտ 600 մլն դոլարով տրանսֆերտներն են նվազել, և այդքան էլ վճարային հաշվեկշիռն է ավելացել, այսինքն՝ մեզ մոտ այս ամբողջ գումարը գնում էր առևտրի համար, և տրանսֆորտներն անմիջական ազդեցություն ունեն առևտրի համար: Եվ երբ մենք տարիներ շարունակ աճ ենք ապահովում առևտրի հաշվին, այժմ այլ աճի հնարավորություն չկա, բացի հանքարդյունաբերությունից»,- ասաց նա:

Վ.Խաչատրյանի կարծիքով՝ մի ուշագրավ հանգամանք էլ կա՝ ապրանքների պաշարների ապահովվածությունը, որը, եթե փետրվարին 50 օր էր, մարտի 1-ի դրությամբ՝ դարձել է 43 օր, իսկ անցած տարիներին եղել է մոտ 100 օր: Թե ինչո՞ւ են ներկրողները կրճատում պաշարները, ըստ Վ.Խաչատրյանի, պայմանավորված է ֆինանսական միջոցների պակասով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս