«Ռուսաստանը չի կարող հավասարակշռությունն ամբողջությամբ թեքել Հայաստանի կամ Ադրբեջանի կողմը»

168.amի զրուցակիցն է քաղաքագետ Գևորգ Մելիքյանը

– Պարոն Մելիքյան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում  հայտնի դարձավ, որ ԱՄՆ յոթերորդ նահանգը ճանաչեց ԼՂՀ անկախությունը: Ըստ Ձեզ`  պատահակա՞ն էր արդյոք Հավայի նահանգի կողմից ԼՂՀ անկախության  ճանաչումը հենց այս օրերին:

– Հավայի նահանգի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կապ ունի Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարած այցի հետ: Հայ Դատը փորձում է  շնորհակալություն հայտնել Սարգսյանին  այն բանի համար, որ ՀՀ իշխանությունները կոալիցիայում տեսել են դաշնակցականներին, նրանց նախարարական պորտֆելներ տվել: Այսինքն` վստահաբար Հայ Դատը մեծ աշխատանք է տարել, և յոթ նահանգների դեպքում, որոնք  ճանաչել են  ԼՂՀ անկախությունը,  Հայ Դատի ներդրումը մեծ է: Այստեղ կարևոր է նաև այլ դիտանկյունից  նայել այս հարցին, թե որքանով են  նման ճանաչումները  քաղաքականապես կարևոր և  ինչ ազդեցություն, արժեք ունեն: Յոթ նահանգներ ճանաչել են, և ավելի շատ է այն նահանգների  քանակը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:  Որքանո՞վ է  սա անդրադառնում ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա, ոչ մի կերպով: Կարծում եմ, որ ՀՀ-ն պետք է դադարի ոգևորվել նման  տեղական բնույթի քաղաքականությամբ, համայնքները որոշակի աշխատանք են տանում տեղերում, և հասկանալի է, որ ինչպես,  օրինակ, Ֆրանսիայում տարբեր քաղաքներում կարող են լինել  Ցեղասպանությանը նվիրված  միջոցառումներ, խաչքարերի բացումներ և այլն, իհարկե, Ֆրանսիան ճանաչել է Ցեղասպանությունը,  սա մեծ հարցի փոքր մասն է, որքանով են ճանաչումները  նպաստում գլոբալ քաղաքականության առաջմղմանը: ՀՀ-ն մի կողմից՝ բանակցային  գործընթացի մեջ է ԼՂ  հիմնախնդրի լուծման ուղղությամբ, բայց մյուս կողմից՝  ներսում աշխատանք է տարվում անկախության ճանաչման համար: Այսինքն` նորից հարց է առաջանում, թե ի՞նչ է  Հայաստանը ցանկանում ԼՂ հակամարտության հարցում: Եթե նույնիսկ 50 նահանգ ճանաչի ԼՂՀ անկախությունը, դա չի ունենա նշանակություն: Եթե այս դինամիկայով շարժվենք, ապա 50 տարի անհրաժեշտ կլինի, որպեսզի բոլոր նահանգները ճանաչեն ԼՂՀ անկախությունը, և ոչ մի փոփոխություն դրանից, ուստի ի՞նչն է մեզ ոգևորում:

– Ոգևորում է, որովհետև  նման  որոշումները նույնացվում են ԱՄՆ իշխանությունների դիրքորոշման հետ,  թեկուզ  նահանգներն  անկախ  են  ֆեդերալ իշխանությունից: Այնուամենայնիվ, այստեղ իշխանության գործոն   կարո՞ղ է լինել:

– Ընդհանրապես չկա, բացակայում է, զրո, սա Հայաստան չէ, ԱՄՆ-ում տեղական ինքնակառավարման մարմինները շատ անկախ են, դրանք նահանգներ են, որոնք ժամանակին պետություններ են եղել և պահպանում են իրենց անկախությունը, բայց արտաքին քաղաքականությունը կարող է փոխել, վարել միայն ֆեդերալ իշխանությունը և, մասնավորապես, ԱՄՆ նախագահը: Իսկ արտաքին քաղաքականության փոփոխություն գոնե այս պահին մենք չենք կարող սպասել, որովհետև ընտրություններ են  ԱՄՆ-ում, մինչև հունվար դեռևս պետք է սպասել: ԱՄՆ-ի համար ներկայումս առաջնահերթություն է միջազգային ահաբեկչությունը, կարևորագույն խնդիր է Հյուսիսային Կորեան, Չինաստանը և հատկապես՝ Ռուսաստանի  հետ իր հարաբերությունները: Մնացած հարցերը  և ԼՂ հակամարտության կարգավորումը տեղում Հայաստանի և Ադրբեջանի  խնդիրն է, մենք պետք է միշտ հասկանանք, որ  ԱՄՆ-ը, Եվրոպական միությունը կառույցներ և պետություններ են, որոնք մեզնից ավելի շահագրգռված չեն կարող լինել ԼՂ հակամարտության կարգավորմամբ: Նրանք ընդամենը  միջնորդում են, նրանք կարող են ինչ-որ բաներ առաջարկել, ու, ցավոք, Հայաստանում խորհրդային պատկերացում կա քաղաքականության մասին, այն պետք է թելադրված լինի վերևից, այնինչ դա Հայաստանի խնդիրն է, ու Հայաստանն այն պետք է լուծի: Մնացածը քաղաքականություն և բիզնես է:

– Տպավորություն է ստեղծվել, ինչը նաև մի շարք  փորձագետներ են պնդում, որ վերջին ժամանակաշրջանում ծավալված բանակցություններում Հայաստանն ու Միացյալ Նահանգները հայտնվել են նույն հարթությունում, իսկ Ռուսաստանն ու Ադրբեջանը` մեկ այլ, ինչն ավելի հստակ է երևակվում ԱՄՆ առաջարկած միջադեպերի վերահսկողության մեխանիզմի ներդրման հարցում այս երկրների դիրքորոշումներում: Միևնույն ժամանակ,  պայմանավորված հատկապես ռուս-թուրքական առճակատմամբ, Ադրբեջանի նշանակությունն էլ ավելի է բարձրացել Ռուսաստանի համար, և Ռուսաստանը գուցե փորձի ադրբեջանահաճո գործողությունների դիմել: Կիսո՞ւմ եք այս կարծիքները:

– Մի քանի շերտ նշեցիք: Որոշ հատվածների հետ համամիտ եմ, որոշների հետ` ոչ: Ռուսաստանը, իհարկե, ունի շահեր  մեր տարածաշրջանում, և այդ շահերի մեջ են մտնում Ադրբեջանի հետ լավ հարաբերությունները: Ադրբեջանը  կարևոր խաղացող է Ռուսաստանի համար, դերակատարությունը միայն Հայաստանում է, որ փորձում են նվազեցնել, ինչպես  որ Ադրբեջանն է փորձում Հայաստանի դերակատարությունը նվազեցնել: Բայց «real politic»-ն այլ բան է, եթե հայկական  ոսպնյակի միջով չնայենք, ապա, իհարկե, Ռուսաստանը  չի կարող հավասարակշռությունն այնքան թեքել, որ այն տեսանելի կերպով  լինի մեկի կամ մյուսի կողմը, այսինքն`  թեքի ամբողջովին հայկական կողմը, կամ ադրբեջանական, դա միայն կարող  է լինել, եթե,  Աստված մի արասցե, այնքան  խիստ տարբերվեն շահերը, որ Ռուսաստանը ստիպված լինի դիրքորոշում արտահայտել հայ-ադրբեջանական հակամարտությունում: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և  Հայաստանի դիրքորոշումներին մեխանիզմի ներդրման հարցում, ապա տեսեք ԵՄ-ն, այսինքն` ֆրանսիացի համանախագահը ևս առանձնապես ակտիվ չէ այս առումով: Մի քանի ամիս առաջ Վաշինգտոնում էի, երբ Ուորլիքը Հայ Դատի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսեց  այդ մեխանիզմների մասին, կարծում եմ՝ նորից  այստեղ ավելի շատ Հայ Դատի ակտիվացման խնդիրն է էական, Հայ Դատն ակնհայտորեն կորցնում է իր դիրքերը Նահանգներում, որովհետև  Ցեղասպանության 100-ամյակն անցավ, ուստի կամաց-կամաց այդ կորն իջնելու է, և Հայ Դատը  փորձում է նոր օրակարգ ձևավորել, որտեղ շատ մեծ  կարևորություն է տալիս  ԼՂ հիմնահարցին, որն ընդհանրապես  բացակայում էր տասը տարի առաջ, և իրենց հետաքրքիր չէր, վստահ եմ, որ հինգ-վեց տարի անց ՀՀ տնտեսությունը կկարևորվի իրենց համար, և այլն, և այլն:  Ուստի այս առաջարկներն  ականջ շոյելու համար են, քան  հակամարտության վերաբերող իրատեսական լուծումների առաջարկներ, քանի որ Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան, և ԱՄՆ-ը դա շատ լավ  հասկանում է: Երկրորդը` ո՞վ է վճարելու այդ մեխանիզմի ներդրման համար, որևէ մեկը պատրաստ չէ վճարել նման գումարներ այս սարքերը տեղակայելու համար, սարքերը տեղադրելու հարցում, ֆինանսական կողմից բացի, կա  նաև ակնհայտ  բովանդակային հարց: Եթե խնդիր դրված լիներ, որ լուծեինք  ԼՂ հակամարտությունը, այդ լուծումը կարելի էր գտնել, բայց  նման հարց, գոնե ինձ համար, տեսանելի չէ: Դժվար է հասկանալ` ինչն է խանգարում լուծումը գտնելուն: Չկա ցանկությո՞ւն, չկա քաղաքական կա՞մք, ուրեմն պետք է Հայաստանն ու Ադրբեջանը  ազնիվ գտնվեն ու ասեն, որ չկա այդ կամքը, կա ատելությո՞ւն, այդ մասին պետք է խոսել: Լուծում կար 45թ., երբ Գերմանիան ու Ֆրանսիան որոշեցին, որ պետք է դադարեցնել հակամարտությունը, երբ որոշեցին, այդ ժամանակ էլ սկսեցին լուծումներ առաջարկել, ոչ թե դա տևեց  15-20-30 տարի, երբ փորձում են  անընդհատ միասին գալ նստել, իրար նայել, հիանալ ու հեռանալ:

– Այսինքն` կասկածում  եք ԱՄՆ անկեղծությանը:

– Իհա՛րկե կասկածում եմ: Ոչ թե  ԱՄՆ-ն է կեղծում, այլ պարզապես ԱՄՆ-ը ունի հայկական համայնքի  և հայկական լոբբինգի խնդիր, հասկանալի է, որ  հայկական լոբբինգը  միշտ էլ օգտագործում է, և նրանց հարմար է լոբբինգի հետ աշխատել, որովհետև ընտրություններ են, և շատ հարցեր կան:  ԱՄՆ-ը նաև պետք է ցույց տա, որ շահագրգռված է կարգավորմամբ, որպեսզի տարբերվի Ռուսաստանից, թերևս ցույց տա, որ  ավելի խաղաղասեր է, քան Ռուսաստանը: Շատ բաներ պետք է նայել քաղաքական խաղերի տեսանկյունից, և շատ դժվար է հասկանալ՝ որտե՞ղ են իրենք անկեղծ և որտե՞ղ են խաղ խաղում, ոչ թե՝ որովհետև մենք վատ վերլուծաբաններ ենք, այլ՝ քաղաքականության բնույթն է այդպիսին:

 

Տեսանյութեր

Լրահոս