ՌԴ-ն ու ԱՄՆ-ը Մինսկի խմբում աշխատում են՝ միմյանց քարտ-բլանշ տալով
Մեր զրուցակիցն է «Կովկաս» ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը
– Օրերս ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը վերջնականապես հստակեցրեց, որ Ալիև-Սարգսյան հանդիպում Վաշինգտոնում ընթացող Անվտանգության վեհաժողովի շրջանակում չի ծրագրվում, սակայն հիմնավոր տեղեկություններ կային այն մասին, որ ԱՄՆ-ը լուրջ ջանքեր է ներդրել, որպեսզի նման թեկուզ կուլիսային հանդիպում կայանա, հաշվի առնելով նաև ԱՄՆ ակտիվությունն ու նախաձեռնողականությունը հակամարտության կարգավորման գործընթացում։ Պնդումներ կան, որ հանդիպումը տապալել է ադրբեջանական կողմը։ Ի՞նչ եք կարծում այս մասին։
– Ես կարծում եմ, որ դա այլևս մեծ նշանակություն չունի։ Այո, ԱՄՆ-ը ջանքեր էր ներդրել, որպեսզի նման հանդիպում կայանար։ Սակայն, եթե այն նույնիսկ կայանար, ինձ թվում է, որ սպասել դրանից ինչ-ինչ մեծ արդյունքներ՝ ամենևին պետք չէր, ինչպես չեն եղել արդյունքներ նախորդ հանդիպումներից հետո և չեն լինելու մոտակա մյուս բոլոր հանդիպումներից հետո։ Ուստի կարծում եմ, որ այս ամենը լրատվական փուչիկ է, որն ինչ-որ մասշտաբով գոյություն ունի Հայաստանում և Ադրբեջանում։ Իսկ հայկական և ադրբեջանական կողմերի իրավիճակն այնպիսին չէ, որպեսզի նման հանդիպումներից լուրջ արդյունքներ ակնկալելու առիթ ունենանք։
– Տեսակետներ են շրջանառվում, որ Վաշինգտոնյան հանդիպման տապալմամբ ամերիկյան ակտիվությունը, առաջնորդությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում կավարտվի, և կսկսվի ռուսականը։ Տեսնո՞ւմ եք նման հեռանկար։
– Ես չեմ մեկնաբանում այն ամենը, ինչ այլք են ասում։ Մինսկի խումբը միակ առանձնահատուկ ձևաչափերից մեկն է միջազգային հարաբերություններում, որ, երևի թե, միայն Աֆղանստանից բացի, որտեղ ամերիկացիները, եվրոպացիներն ու ռուսներն աշխատում են ունիսոն կերպով։ Իսկ Աֆղանստանի դեպքում դա նույնիսկ պաշտոնական բնույթ չի կրում, ինչպես Մինսկի խմբի։ Սա այն միակ հարթակն է, որում համանախագահող երեք երկրներն աշխատում են միասին՝ ունենալով հզորագույն խնդիրներ ԱՄՆ-ՌԴ, Եվրոպա-ՌԴ հարթությունում։
Մտածել, որ իրարից լիազորություններ են խլում, պայքարում միմյանց դեմ առաջնորդության համար մի հակամարտությունում, որին չկա կարգավորում արդեն 25 տարի, դա, ես կարծում եմ, ոչ կոմպետենտության և քաղաքականացված տեսակետի համադրության հետևանք է։ Համանախագահները Մինսկի խմբի ներսում աշխատում են՝ միմյանց քարտ-բլանշ շնորհելով։ Իհարկե, այնտեղ կա մրցակցություն, բայց ընդհանուր առմամբ նպատակը բոլոր համանախագահների մոտ նույնն է, այդ նպատակը հակամարտության կարգավորումը չէ ամենևին, քանի որ հակամարտությունը ներկայումս կարգավորել հնարավոր չէ, դա բոլորն են հասկանում։
Նպատակն այն է, որպեսզի գործընթացը շարունակվի, և որպեսզի պահպանվի անվտանգության այն ձևաչափը, որը կա, այսինքն՝ Մինսկի գործընթացը, որը կարգավորման քաղաքական անվտանգության ձևաչափերից մեկն է, այստեղ երեք կողմերը համագործակցում են միմյանց հետ, երբ Ռուսաստանի համար է հեշտ, մեծ աշխատանք Ռուսաստանն է ծավալում, ինչպես ռուս-վրացական պատերազմից հետո «Մայդորֆը», այստեղ Ռուսաստանն ուներ քարտ-բլանշ ամերիկացիներից, այսօր ամերիկացիներն ավելի մեծ ակտիվություն են ցուցաբերում, դա աշխատանքի ինչ-որ տիպ է, որում բոլոր երեք կողմերին անհրաժեշտ է համարյա թե նույնը։
– Ձեր նշած զարգացումները փոխե՞լ են արդյոք իրավիճակը ԼՂ հակամարտության շուրջ, համանախագահ երկրների շահերը։
– Ես լուրջ փոփոխություններ չեմ տեսնում ԼՂ հակամարտության հարցում։ Լուրջ փոփոխություններ տեղի ունեցան 4-5 տարի առաջ, երբ ադրբեջանական կողմն ակտիվացրեց ռազմատենչ քաղաքականությունը, և դա սկսեց փոխել իրենց էությունը՝ փոխհրաձգությունից դեպի դիվերսիոն հարձակումներ և այլն, իր մասին հիշեցնելով նաև հայ-ադրբեջանական սահմանին։ Սա փոփոխություն էր։ Այն փոփոխությունները, որոնք կարող են հիմա տեղի ունենալ, կապված են նավթի գների անկման հետ, Ադրբեջանում առկա լուրջ խնդիրների հետ, բայց, իմ կարծիքով, այդ փոփոխությունները դեռ նոր են սկսվում, և ցանկանում եմ դեռ տեսնել, թե ինչ հունով են ընթանալու այդ փոփոխությունները։ Այլ ոչինչ չի փոխվել։
– Անհանգստություններ կան, որ ռուս-թուրքական հակամարտությունը, մերձավորարևելյան իրադարձությունները բարձրացրել են Ադրբեջանի գինը Ռուսաստանի համար, և գուցե տապալված հանդիպումից հետո սեպարատ գործողություններ սկսվեն ռուս-ադրբեջանական բևեռում։
– Կրկին ասեմ, որ այլոց տեսակետները չեմ կիսում ու մեկնաբանում։ Իմ կարծիքով՝ խուճապային տրամադրությունները կամ վախը ներհայաստանյան քաղաքական դաշտին բնորոշ գործոն է, և դա որևէ առնչություն չունի արտաքին զարգացումների հետ։ Խուճապային տրամադրություններ կային, երբ Ռուսաստանը Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ուներ, հիմա այդպիսի տրամադրություններ են վատթարացման առնչությամբ։ Ադրբեջանն արժեք ունեցել է Ռուսաստանի համար, ունի և ունենալու է։
Դա մշտական ձևաչափ է Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում, հիշենք սպառազինության վաճառքը, համագործակցությունը տրանսպորտային հաղորդակցության ոլորտում, հիշենք Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը, դա մշտական գործոն է, որին պետք է հետևել մշտապես, դրան պետք է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել։ Չպետք է նաև մոռանալ, որ նմանատիպ հայ-ռուսական համագործակցության ձևաչափ գոյություն ունի ռազմատեխնիկական, քաղաքական ոլորտում, տնտեսական ոլորտում։
Սպասվում է ՌԴ վարչապետի այցը Երևան։ Ռուսաստանի համար իրենցից արժեք են ներկայացնում թե՛ Հայաստանը, և թե՛ Ադրբեջանը, և նրանք չեն պատրաստվում կորցնել ոչ մեկին, և ոչ էլ՝ մյուսին։ Հայաստանի հետ համագործակցության մակարդակը փոքր-ինչ ավելի բարձր է, բայց Ադրբեջանը ներկայացնում էր իրենից տնտեսական արժեք, սակայն դա այսօր փոխվում է։ Դա մշտական գործընթաց է։
– Մեդվեդևի այցից հասարակությանը հետաքրքրում է գազի գինը։ Ըստ Ձեզ՝ կարելի՞ է ակնկալել գազի գնի իջեցում ՌԴ-ի կողմից։ Դա կլինի՞ այցի օրակարգում։
– Դատելով ամենից, կլինի գների իջեցում ՀՀ տարածքում։ Ընդհանրապես գազի գները չափազանց հետաքրքիր կերպով են ձևավորվում, ի տարբերություն նավթային գների, բիրժաների։ Գազային բիրժաներ գոյություն չունեն, դրանք ձևավորվում են տեղական մակարդակում, գլոբալ գազի գին չկա, ներկայումս ՌԴ-ում ցանկանում են գազային բիրժա ստեղծել Սանկտ Պետերբուրգում, չի ստացվում, թեև դա ևս տեղական է։ Գազային գներն արագորեն փոփոխվում են, այդ թվում՝ քաղաքական ընկալումներից ելնելով։ Այսինքն՝ այս գործոնից ելնելով՝ կարելի է այս գների հետ «խաղալ», բայց երկար հնարավոր չէ։ Կարծում եմ՝ այդ մասին կհայտարարվի առաջիկա այցի ընթացքում։