Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին

Այս հարցը բազմիցս է հնչել՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից սկսած, երբ պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը։ Իհարկե, պատասխանները նույնպես շատ են հնչել։ Սակայն դրանք եղել են առավելապես քաղաքական կամ աշխարհաքաղաքական հարթության մեջ և առնչվել են հիմնականում Հայաստանի անվտանգության հետ կապված հարցերին։

Սակայն տնտեսական առումով՝ այս հարցին պատասխան դեռ չէր հնչել։ Այսինքն՝ ի՞նչ է Հայաստանը շահել ԵԱՏՄ-ին անդամակցությունից, և ինչպիսի՞ն կլիներ տնտեսության վիճակը, եթե չանդամակցեինք այս կառույցին։

Իհարկե, վիճակագրությունը վաղուց ամփոփել է մեր անդամակցության առաջին տարվա՝ 2015 թվականի ցուցանիշները։ Մենք գիտենք՝ որ ուղղությամբ աճ կա, որ ուղղությամբ՝ անկում։ Սակայն գնահատելը, թե այդ անկումը կամ աճը որքանով է պայմանավորված ԵԱՏՄ անդամակցությամբ, չափազանց դժվար գործ է։

Այս տարվա հունվարին պարզ դարձավ, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության, ցանկանում է պարզել՝ ինչ ազդեցություն է ունեցել ՀՀ տնտեսության վրա ԵՏՄ-ին անդամակցությունը 2015 թվականի առաջին կիսամյակում: Վերլուծությունը պատվիրվել է «Ավագ Սոլյուշնս» ՍՊԸ-ի, որի սեփականատերն ու ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանն է։ Աշխատանքի համար «Ավագ Սոլյուշնս» ընկերությանը վճարվել է 3 մլն 955 հազար դրամ։

Տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը երեկ լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ զեկույցն արդեն պատրաստ է և հրապարակված է նախարարության կայքում։ Վ. Գաբրիելյանն այդ զեկույցի հիման վրա մի քանի դիտարկումներ է արել՝ կապված արտահանումների, տրանսֆերտների վրա ԵԱՏՄ անդամակցության ազդեցության հետ։ Սակայն խորհուրդ է տվել ուսումնասիրել ամբողջական զեկույցը, ինչը և փորձել ենք անել։
«ՀՀ տնտեսության վրա ԵԱՏՄ անդամակցության առանձին ազդեցությունների գնահատումը 2015 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով» հետազոտությունը 46 էջանոց փաստաթուղթ է, որը գնահատում է ԵԱՏՄ անդամակցության ազդեցությունը հետևյալ ուղղություններով՝ արտահանում՝ հիմնվելով համանման տնտեսություններ ունեցող այլ երկրների արտահանման միտումների հետ համեմատության վրա, ինչպես նաև՝ միկրոտնտեսական փոփոխությունների բացահայտում

  • ներմուծում, հետևյալ կտրվածքներով՝

– ներմուծման վերակողմնորոշման միտումներ ընդհանուր առմամբ և մասնավոր ազդեցություններ այնպիսի ապրանքների մասով, ինչպիսիք են բնական գազը, բենզինը, հացահատիկը և ադամանդները,

– ֆիսկալ ազդեցություններ՝ ներմուծման ռեժիմի փոփոխության հետևանքով,

  • ներդրումներ,
  • տրանսֆերտներ։

Չենք ցանկանում ընթերցողին ծանրաբեռնել մասնագիտական ձևակերպումներով, այդ իսկ պատճառով կընդգծենք առավել կարևոր եզրահանգումները։

Նախ՝ արտահանման մասով։ Հետազոտողների առաջ խնդիրը դրված է եղել հետևյալ կերպ՝ ինչպիսի՞ն կլիներ արտահանումը Հայաստանից ներկա իրավիճակում, եթե երկիրը ԵԱՏՄ անդամ չհանդիսանար: Այստեղ գործը բարդացել է նրանով, որ միության անդամ չհանդիսանալը կարող է երկու տարբերակով լինել՝ պահպանել չեզոքություն, կամ վարել ԵՄ հետ հարաբերությունների սերտացման քաղաքականություն: Ըստ այդմ, «եթե»-ին պատասխանելու համար դիտարկվել են Հայաստանի տնտեսությանը մոտ բնութագրիչներ ունեցող այլ ետխորհրդային պետություններում արտահանման փաստացի զարգացումները: Համադրելի են ընտրվել Վրաստանը և Մոլդավան։

Համեմատության արդյունքում պարզվել է, օրինակ, որ համադրվող երկրների շարքում դեպի Ռուսաստան արտահանման ամենափոքր կրճատումը, ինչպես հարաբերական, այնպես էլ՝ բացարձակ առումով, գրանցվել է ՀՀ-ում։

Մյուս կողմից, ըստ հետազոտության, ՌԴ տնտեսությունում տեղի ունեցող բացասական զարգացումներն ուղղակիորեն ազդում են Հայաստանից, Մոլդավայից և Վրաստանից արտահանման ծավալների վրա, և այդ ազդեցությունները բավականին մոտ են իրար՝ կանխատեսելով ՌԴ 7 տնտեսական անկման նկատմամբ համանման արձագանքներ բոլոր երեք երկրներում: Արտահանման մասով վերլուծության հեղինակները եկել են այսպիսի եզրակացության՝ հաշվի առնելով ՀՀ արտահանման փաստացի կատարողականը, ԵԱՏՄ անդամակցությունն այս տեսանկյունից կարող է լինել առավել բացասական զարգացումներից խուսափելու կարևոր գործոն։

Այսինքն՝ ԵԱՏՄ անդամակցությունից արտահանումը չի շահել, սակայն, եթե չանդամակցեինք, պատկերն ավելի տխուր կլիներ։

Ներմուծման վերլուծության մասով խնդիր է դրված՝ գնահատել ներմուծման վերակողմնորոշման միտումները, ինչպես նաև՝ առանձին ապրանքատեսակների գծով նաև հնարավոր գնային ազդեցությունները։ Հետազոտության հեղինակները փաստում են, որ ԵԱՏՄ անդամակցության ազդեցությունը ներմուծման վերակողմնորոշման վրա ընդհանուր առմամբ դեռևս նկատելի չէ: Մյուս կողմից՝ առանձին ապրանքատեսակների գծով լուրջ փոփոխություններ կան:

Օրինակ՝ բենզինի ներմուծումը 2014-2015թթ. ընթացքում մեծապես սկսել է իրականացվել ՌԴ-ից՝ հասնելով 67 տոկոսի, մինչդեռ դեռևս 2012թ. Ռուսաստանի մասնաբաժինը ներմուծման մեջ կազմում էր ընդամենը 26 տոկոս:

Լա՞վ է սա, թե՞ վատ՝ դժվար է ասել։ Ամեն դեպքում, զեկույցի հեղինակները հավաստիացնում են, որ ՌԴ-ից ներմուծվող բենզինի գինն էապես նվազել է։ Իհարկե, հատուկ ուշադրության է արժանացել բնական գազը։ «Եթե Հայաստանը ԵԱՏՄ անդամ չլիներ, ապա ներկայումս գործող գազի ներմուծման գինը կլիներ 2013թ. գնի մակարդակին՝ շուրջ 280 ԱՄՆ դոլար 1000 խմ համար»,- նշվում է փաստաթղթում։

Շահել ենք նաև ներմուծման մաքսատուրքերի առումով։ 2015թ. մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում ՀՀ ԵԱՏՄ մաքսատուրքերից ստացել է շուրջ 88 մլն ԱՄՆ դոլար, ԵԱՏՄ-ին չմասնակցելու պայմաններում՝ ՀՀ փաստացի ներմուծման 2015թ. ծավալներով մաքսատուրքերը կկազմեին շուրջ 70 մլն ԱՄՆ դոլար:

Մյուս առումներով պատկերն ուրախ չէ։

Օրինակ՝ օտարերկրյա ներդրումների դինամիկան վերջին տարիներին բարենպաստ չի Հայաստանի համար: Փաստաթղթում նշվում է, որ ԵԱՏՄ մասնակցությունը դրականորեն չի ազդել այդ միտման վրա: 2015թ. առաջին կիսամյակի արդյունքներով շեշտակիորեն նվազեն են ինչպես՝ ՕՈՒՆ-ներն ընդհանրապես, այնպես էլ՝ ՌԴ-ի կշիռը դրանցում: ՕՈՒՆ-ները 2015թ. հունվար-հունիս ամիսների արդյունքներով՝ 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազել են գրեթե 60 տոկոսով, իսկ ՌԴ-ից եկող ներդրումները՝ 90 տոկոսով:

Հետազոտության հեղինակներն անկեղծորեն խոստովանել են, որ սովորաբար ինտեգրացիոն սպասումներն առաջ են բերում լրացուցիչ հետաքրքրություն երկրի նկատմամբ՝ դրական ազդելով նաև ներդրումների վրա: Սակայն Հայաստանի պարագայում նման ազդեցություն ԵԱՏՄ անդամակցության հայտարարությունից հետո չի նկատվել:
Չնայած սրան՝ հեղինակները չեն ցանկացել շատ վատաբանել ԵԱՏՄ-ին և բաժնի վերջում ընդգծել են՝ ներդրումների կրճատումը չի կարող վկայել ԵԱՏՄ բացասական ազդեցության մասին, քանի որ, ինչպես բազմիցս շեշտվել է սույն փաստաթղթում, Հայաստանի անդամակցության շեմն ու սկիզբը համընկավ ՌԴ տնտեսությունում արձանագրված խիստ բացասական երևույթների հետ:

Մի քանի խոսք էլ տրանսֆերտների մասին։ Հետազոտության մեջ նշվում է, որ Հայաստանը 2015թ. առաջին կիսամյակում 2014թ.՝ միևնույն ժամանակաշրջանի հետ համեմատած՝ կորցրել է դրամական փոխանցումների ավելի քան 40 տոկոսը։ Այն, որ ԵԱՏՄ անդամներ հանդիսացող Բելառուսի և Հայաստանի տրանսֆերտներն ավելի շատ են կրճատվել, քան Ադրբեջանի և Ղրղըզստանի հոսքերը, ըստ հետազոտության հեղինակների, կարող են վարկածի հիմք հանդիսանալ, որ ԵԱՏՄ անդամակցությունը տրանսֆերտների առումով առավել նպաստավոր միջավայր դեռևս չի ձևավորել։

Եզրակացությունների մասում հետազոտության հեղինակները նշել են՝ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության առաջին 6 ամիսների արդյունքով փաստացի դիտարկվող տնտեսական իրավիճակը խնդրահարույց է, սակայն դիտարկվող միտումները դժվար թե պայմանավորված լինեն ինտեգրացիոն գործընթացներով:

ՌԴ տնտեսական ճգնաժամը չափազանց մեծ ազդեցություն է թողնում տարածաշրջանի երկրների վրա, ուստի մեկուսացնել այդ ազդեցությունները ԵԱՏՄ հետևանքներից գործնականորեն հնարավոր չէ:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության չափազանց արագ գործընթացը պահանջում է անդամակցությունից հետո ևս շարունակել քաղաքականությունների և կարգավորումների մոտարկման գործընթացը, ինչը թույլ կտա հայաստանյան գործարարներին և ներդրողներին փաստացի զգալ անդամակցության դրական հետևանքները:

Տեսանյութեր

Լրահոս