Եթե գերտերությունները ցանկություն ունենան, կճանաչեն Ղարաբաղը, ու հարցը կլուծվի

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը

– Պարոն Սարգսյան, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Վաշինգտոնում ընթացող Միջուկային անվտանգության վեհաժողովի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը չի կայանալու, ինքն առանձին-առանձին է հանդիպելու նախագահների հետ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչը խանգարեց Սարգսյան-Ալիև հանդիպմանը, և ի՞նչ է քննարկելու Ուորլիքը նրանց հետ։

– Ճիշտն ասած՝ ես այդ ենթադրություններից ավելի շատ եմ զարմացել, մարդիկ անընդհատ խոսում էին այդ հանդիպման մասին, բայց պաշտոնական, կիսապաշտոնական կամ որևէ այլ հիմք չկար նման ենթադրություններ անելու։ Իսկ բանակցային պրոցեսում ընդամենը մի թեմա կա՝ շփման գծում սարքավորումների տեղադրման հետ կապված, այլ թեմա վաղուց արդեն չկա։ Վերջին հանդիպումներում անգամ երևում էր, որ Ադրբեջանը փորձում է այդ վիճակից դուրս գալ, որ թեման լինի ոչ թե դա, այլ՝ կարգավորման նախագծերը, բայց այս ամիսների ընթացքում մոտեցման մեջ փոփոխություններ չեղան։

– Ադրբեջանի նախագահը բացահայտ քննադատեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այս սլաքն ուղղեց ԱՄՆ-ի ուղղությամբ։

– Ադրբեջանի հիմնական գնահատականը հենց դրանից է, որ իրենց մտահոգում է բանակցային պրոցեսի թեման, դրա համար էլ քննադատում են։

– Ռուսաստանը, կարծես, նույն ճամբարում է հայտնվել Ադրբեջանի հետ և համակարծիք է այդ մեխանիզմի ներդրման հարցում։

– Համակարծիքը ո՞րն է, ուղղակի ամերիկյան կողմն է առաջարկել, Ռուսաստանն էլ լռում է, հարաբերությունները չի ուզում փչացնել Ադրբեջանի հետ՝ իմանալով, որ դա շատ լուրջ առաջարկ է, կատակ չէ, կարող է լրիվ փոխել վիճակը հակամարտության շուրջ։

– Ի՞նչ ուղղությամբ փոխել։

– Այն, ինչ որ շփման գծում անում է Ադրբեջանը, ոչ թաքցնում են, ոչ էլ, ասում են՝ դա իրենց ռազմական դիվանագիտությունն է և դա պետք է նպաստի բանակցային պրոցեսում, ըստ իրենց, առողջ մթնոլորտ ստեղծելուն։ Հիմա, փաստորեն, նրանք կզրկվեն դրանից, եթե նման բան լինի, դրա համար էլ այդպիսի կոշտ դիրքորոշում են ընդունել, ընդհուպ՝ մինչև ֆորմատի փոփոխություն, որպեսզի ամբողջ Մինսկի խումբը ներգրավվի բանակցություններում, այդ թվում և՝ Թուրքիան, որը ՄԽ անդամ 9 պետություններից մեկն է, ուղղակի համանախագահներն իրենց ձեռքն են վերցրել խնդիրը և երբեմն զեկուցում են ՄԽ անդամներին։ Հիմա Ադրբեջանը, բնական է, կոնտրքայլ է անում, որ համանախագահներ չլինեն, այլ ամբողջ Մինսկի խումբը զբաղվի։

– Բայց չէ՞ որ դա ավելի կբարդացնի հակամարտության կարգավորման գործընթացը, քանի որ կողմերն ավելի շատ հակասություններ կունենան։

– Դա քաղաքականություն է, մարդիկ միամտորեն չեն կարծում, որ կնստեն ու որոշման կգան։ Ուղղակի ամեն կողմ իր համար ավելի նպաստավոր վիճակ է ուզում ստեղծել այսօր։ Հիմա ԱՄՆ-ի այդ առաջարկը հայկական կողմն ընդունել է, և այն նպաստավոր է Հայաստանի համար, Ադրբեջանն էլ փորձում է իր քարտը դնել սեղանի վրա։

– Սերժ Սարգսյանի և Ալիևի ԱՄՆ այցից առաջ «նվեր» մատուցվեց երկուսին էլ, մեկին՝ հաճելի, մյուսին՝ տհաճ. ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչեց Արցախի անկախությունը, և արդեն ԱՄՆ 7-րդ նահանգն է, որ ճանաչում է։ Ի՞նչ է սա նշանակում։

– Դա պատահական չէ, նման պրոցեսներին բավականին մեծ տեղ է տրվում, դրա քաղաքական նշանակությունը շատ մեծ է։ Չենք կարող ասել, որ այն իրավաբանական մեծ նշանակություն ունի, բայց քաղաքականը շատ մեծ է, և ես տեսնում եմ, որ ամերիկացիները շատ ինտենսիվ օգտագործում են։ Խնդիրն այն չէ, որ երկիրը հետագայում ճանաչի Ղարաբաղը, խնդիրն այն է, որ դա շատ լուրջ ճնշող լծակ է։ Եվ պատահական չէ, որ Ալիևին կանչելով Միացյալ Նահանգներ՝ այս օրերին այդ քայլին գնացին։ Ընդհանրապես վերջերս նկատվում է, որ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի նկատմամբ զուգահեռ ինչ-որ կոշտ դիրքորոշում է ցուցաբերում Միացյալ Նահանգները, այս օրերին էլ մեծ ինտրիգ է՝ Օբաման Էրդողանին կընդունի՞, թե՞ չի ընդունի։ Այս ամենն աղմկոտ և նշանակալից երևույթներ են։ Պետք է հետևենք այս օրերի բոլոր իրադարձություններին։

– ՄԽ-ում կարծես 2 հակադիր բևեռներ են ձևավորվել՝ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա և ԱՄՆ-Հայաստան ու մնացյալ հանրությունը։

– Ես չեմ կարծում, բարդ եռանկյուն է, Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան միասին կապել չենք կարող՝ կապված ռուս-թուրքական հարաբերությունների հետ։ Ուրիշ խնդիր կա, որ Ռուսաստանն ամեն կերպ փորձում է ստեղծված իրավիճակում Ադրբեջանին իր ձեռքում, իր քաղաքականության ծիրում պահել, չթույլատրել հեռանալ իրենից, անգամ՝ կապված Թուրքիայի հետ։ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ Ադրբեջանը չմերձենա Թուրքիայի հետ։

– Իսկ ամերիկյան կողմի ակտիվացումն ինչո՞վ է պայմանավորված։

– Թուրքական խնդիրն ընդհանրապես շատ լուրջ է ԱՄՆ-ի համար, այս պահին կապված է սիրիական խնդրի հետ, ավելի կոնկրետ՝ քրդերի հետ։ Ես տեսնում եմ, որ ԱՄՆ-ը ավելի է ակտիվանում, հայտարարություն եղավ, որ իրենց ռազմական բազաներից զինվորների ընտանիքներին հրամայել են դուրս գալ Թուրքիայից։ Այստեղ էլ բավականին լուրջ կոնֆլիկտ է ստեղծվում։ Թուրքիան երկկողմանի մեկուսացվեց՝ թե՛ Ռուսաստանից, թե՛ Միացյալ Նահանգներից, և շարունակվում է այդ պրոցեսը։ Բնական է, դա ազդում է Ղարաբաղյան բանակցային ֆորմատի վրա՝ Թուրքիայի դիրքորոշման հետ կապված։

– Իսկ այս պայմաններում հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ը պարտադրի Ադրբեջանին հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրումը, կամ հակամարտության բանակցային գործընթացում այլ ինչ-որ բեկումնային պահ լինի։

– Ոչ, բանակցային պրոցեսում նման բան չկա, եթե գերտերությունները ցանկություն ունենան խնդրի լուծման ճանապարհով գնալ, կճանաչեն Ղարաբաղը, ու հարցը կլուծվի։ Որևէ ուրիշ խնդիր չկա։ Բայց խնդիրն այն է, որ նրանք բոլորն ինչ-որ կուրս են տանում տարածաշրջանում՝ հիմնականում կապված Թուրքիայի հետ։ Խնդիրներն ավելի գլոբալ են, լոկալ չեն, Ղարաբաղյան խնդիրն ուղղակի որպես լծակ օգտագործում են ազդելու համար։

Եվ ամերիկացիների քաղաքականությունը հիմա ես չեմ բաժանում ռուսների քաղաքականությունից։ Պարզ երևում է, որ պարբերաբար շատ ինտենսիվ միասնական գործ են անում, և դա ոչ ոք արդեն չի էլ ժխտում, ԱՄՆ-ը՝ ՌԴ-ի հետ միասին, երկու ձեռքով արդեն սեպտեմբերի 30-ից տարածաշրջանում ինչ-որ փոփոխություններ են անում։

– Եվ ո՞ւր է տանում դա։

– Վերաձևում են, ինձ թվում է։ Թուրքիան բավականին բարդ իրավիճակում է, և այնտեղ իսկապես կարող է ներքին պրոցեսներ սկսվեն՝ կապված թե՛ քրդերի և թե՛ ընդհանրապես Էրդողանի քաղաքական ապագայի հետ։ Եվ դա հիմնական պրոցեսն է, որովհետև անգամ սիրիական պրոցեսը կարծես մի քիչ կողմ է մնացել։ Ճիշտ է, դա Սիրիայից սկսվեց, բայց սիրիականն այդքան ակտուալ չի, ինչքան որ Թուրքիայի հետ կապված խնդիրները դուրս եկան կենտրոն այդ քաղաքականության արդյունքում։ Եվ պետք է հետևել, թե ուր է գնում։ Միանշանակ է, որ տարածաշրջանում վերաձևումներ կլինեն, շատ մեծ փոփոխություններ են սպասվում։

– Նկատի ունեք նաև տարածքայի՞ն վերաձևումներ։

– Նաև տարածքային, և ընդհանրապես այնտեղ ամբողջ փիլիսոփայությունն է փոխվում՝ կապված իսլամի հետ։ Կենտրոնում իսլամի խնդիրն է, և դա շատ ավելի խորքային խնդիր է, քան թե ինչ-որ պետությունների վերաբերյալ։

– ԱՄՆ նախագահի թեկնածու Թրամփն էլ ծայրահեղ հակաիսլամիստական կեցվածք ունի։

– Այո, ԱՄՆ նախընտրական գործընթացներում էլ այդ թեզերն օգտագործում են տարբեր թեկնածուներ։ Բոլորն են զգում, որ ամերիկյան արտաքին քաղաքականության այդ կարևորագույն կուրսերից մեկն է կապված իսլամի հետ, և բոլորն էլ տեսակետ հայտնում են։

– Պարոն Սարգսյան, նշում եք, որ ԱՄՆ-ը ու ՌԴ-ն՝ ձեռք ձեռքի, տարածաշրջանային քաղաքականություն են վարում, բայց աշխարհի թիվ մեկ միջուկային գերտերություն Ռուսաստանը Վաշինգտոնում միջուկային գագաթաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել։ Ինչո՞ւ։

– Եթե հրավեր լիներ, պետք է Պուտինը գնար, բայց անմիտ կլիներ, եթե հրավիրեին, ու Պուտինը չգնար, լուրջ հարցեր կառաջանային։ Հավանաբար խուսափել են նման իրավիճակ ստեղծելուց։ Ուրիշ ի՞նչ պետք է լինի։

– Բայց կարող է և չգնա՞ր Պուտինը։

– Մնացած հարցերում այնպիսի դրվածք է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահները չեն հանդիպում, անընդհատ արտաքին գործերի նախարարներն են հանդիպում, այդ թվում՝ ԱՄՆ արտգործնախարարը հաճախ գալիս է Մոսկվա։ Այս ֆորմատը նկատելի է, որ նախագահների հանդիպումից խուսափում են։ Կարծում եմ, պատճառը միայն դա կարող է լինել։ Այդ հանդիպումն այս իրավիճակում անհասկանալի կլիներ, անգամ Էրդողանին չի ընդունում ԱՄՆ նախագահը։ Այսինքն՝ ոչ մի բան չի կարող առիթ հանդիսանալ, որ այն խնդիրները, որ կան Սիրիայի և Թուրքիայի շուրջ, դրանց վրա ազդեցություն թողնեն։ Այն հարաբերությունները, որոնք ստեղծվում են տարածաշրջանում, փորձում են պաշտպանել բոլոր մակարդակներում։

Երեկ, կարծես, Անվտանգության խորհուրդը հրաժարվեց ընդունել ՌԴ բանաձևը՝ Պալմիրայի հետ կապված, այսինքն՝ այնտեղ լուրջ պրոցեսներ են գնում, և ոչ ոք չի խախտի այդ հարաբերությունները։ Միացյալ Նահանգները երբեք պատասխանատվություն չի վերցնի շատ բաների համար, որ կատարվում են տարածաշրջանում, բայց նախագահների հանդիպումը ցույց կտար, որ նրանք միասին են գործում։ Առավել ևս Թուրքիային առնչվող որևէ խնդրի հետ կապված, ԱՄՆ-ը երբեք պատասխանատվություն չի վերցնի, եթե անգամ թուրք-քրդական բախումներ սկսվեն, առերես կպաշտպանեն Թուրքիային։ Այսինքն՝ ուրիշների միջոցով են գործում։

Տեսանյութեր

Լրահոս