«Ուկրաինայի եվրաինտեգրման քաղաքականությունը փոփոխման ենթակա չէ». Անատոլի Կինախ

Ուկրաինայի նախկին վարչապետ, Ուկրաինայի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, կոնգրեսի առաջին փոխնախագահ, Գերագույն Ռադայի պատգամավոր Անատոլի Կինախը գտնում է, որ Ուկրաինան եվրաինտեգրմանն այլընտրանք չուներ: 168.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ճի՞շտ էր արդյոք Ուկրաինայի որոշումը, երբ նա մերժեց ԵՏՄ ինտեգրացիան և ընտրեց ԵՄ-ի ուղին, Ա.Կինախը հայտարարեց, որ Ուկրաինան մինչ այդ էլ տնտեսական առումով շատ լուրջ ինտեգրված էր Եվրամիությանը:

«Այդ ողբերգական դեպքերի ժամանակ ԵՄ մասնաբաժինն Ուկրաինայի առևտրաշրջանառության ծավալում կազմում էր 32%՝ այն դեպքում, երբ ՌԴ մասնաբաժինը միայն 8% էր: Մենք արդեն փաստացի ինտեգրված էինք ԵՄ-ին: Խոսք չկա այն մասին, որ ԵՄ-ն խոչընդոտելու է դեպի Արևելք Ուկրաինայի համագործակցության խորացմանը, հակառակը՝ եվրաինտեգրումը տնտեսության արդիականացման, միջազգային և եվրոպական ստանդարտներին անցում կատարելու մեծ խթան է: Այն ժամանակ արդեն Ուկրաինան ու Ռուսաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ էին, իսկ ԵՄ ստանդարտներն ԱՀԿ-ի ստանդարտներն են, այստեղ չկան հակասություններ: Խնդիրը շատ քաղաքականացված էր, և մենք տեսանք, թե ինչքան դժբախտություն այն բերեց: Ուկրաինայի եվրաինտեգրման քաղաքականությունը փոփոխման ենթակա չէ, սակայն մենք կանենք ամեն ինչ, որ բարելավենք մեր հարաբերությունները մեր հարևանների հետ, այդ թվում և՝ դեպի Արևելք»,- ասաց Ա.Կինախը:

Ըստ նրա՝ Ուկրաինան անցնում է շատ դժվար ուղի, Մայդանում պայքարած և իրենց կյանքը վտանգած մարդկանց գլխավոր պահանջն իշխանության և պետության որակի բարձրացումն է, կոռուպցիայի դեմ կոշտ պայքարը, քաղաքացիների իրավունքի ապահովումը՝ ինքնուրույն որոշելու իրենց ներկան ու ապագան. «Այս հարցերն այսօր էլ խիստ ակտուալ են: Անխոս, Դոնբասում պատերազմի հետևանքները շատ լուրջ են, բազմաթիվ մարդկանց կորուստն աննախադեպ է, իսկ յուրաքանչյուր մարդկային կյանքի կորուստը դժբախտություն է: Բայց մենք նպատակադրված ենք, որ խնդիրները լուծենք խաղաղ, դիվանագիտական ճանապարհով:

Մենք երբեք չենք համաձայնի, որ մեր տարածքային ամբողջականությունը քաղաքական առևտրի հարց լինի, և այս դժվարին պայմաններում ձևավորվում է ուկրաինական ժողովուրդը, երբ մարդիկ՝ անկախ նրանից` որ լեզվով են խոսում, որտեղ են բնակվում, գիտակցում են, որ կա հայրենիք, որը հարկավոր է պաշտպանել և աջակցել, հարկավոր է միավորվել: Սա շատ կարևոր պրոցես է:

Ղրիմի հարցում ռազմական լուծում չկա, այսօր անհրաժեշտ է, որպեսզի մենք և միջազգային հանրությունը միավորենք ջանքերը և այդ խնդիրը լուծենք ժողովրդավարական ճանապարհով: Եվ Ղրիմը պարտադիր պետք է վերադարձվի, Ղրիմը մեր հայրենիքի մասն է, առավել ևս, որ Ղրիմի բռնակցումն ուղեկցվել է միջազգային պայմանագրերի և ստանդարտների կոպիտ խախտումներով՝ սկսած Բուդապեշտի հուշագրից, որը ստորագրելով և հրաժարվելով միջուկային զենքից՝ Ուկրաինան ստացել է տարածքային ամբողջականության հստակ երաշխիքներ»:

Անդրադառնալով Հայաստանի հետ համագործակցությանը՝ Ա.Կինախը նշեց, որ քննարկվում են շատ կարևոր հարցեր, թե ինչպես բարելավել երկկողմ համագործակցությունը, առևտրաշրջանառությունը, ներդրումները գլոբալ համաշխարհային գործընթացների պայմաններում՝ սկսած միջազգային շուկաներում լուրջ մրցակցությունից, մինչև հասարակական-քաղաքական իրադարձություններ՝ թե´ Եվրոպայում, թե´ Ասիայում:

Նա կարևորեց, որ այս պայմաններում միավորվեն ջանքերը՝ իշխանության, բիզնեսի երկխոսության հիման վրա, նաև կարևորեց, որ երկու երկրները, որոնք բավականին նման խնդիրներ ունեն, չկորցնեն արդյունաբերության ռազմավարական ու նորարարական զարգացման կառավարումը, որպեսզի չվերածվեն զարգացած երկրների հումքային կցորդի կամ էժան աշխատուժի մատակարարի. «Սրանք համալիր հարցեր են, որոնց լուծումը հնարավորություն կտա, որ մեր պետություններն արժանի տեղ զբաղեցնեն զարգացող աշխարհում»:

Ա.Կինախն անհանգստություն հայտնեց այն առնչությամբ, որ անցած տարի գրեթե 38%-ով նվազել են Հայաստանի և Ուկրաինայի երկկողմ առևտրաշրջանառության ծավալները. «Դա շատ է, և պետք է երկկողմ համագործակցություն հաստատենք մեր ուկրաինական և հայաստանյան գործարարների միջև իրավիճակը բարելավելու համար: Մենք պատրաստ ենք լուծել մի շարք վարչական հարցեր Ուկրաինայում, վերահսկել ներդրումային ծրագրերը և ավելացնել մեր ներկայությունը Հայաստանի տնտեսությունում: Մենք Հայաստանի հետ սերտորեն աշխատում ենք գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտում, մեզ համար շատ կարևոր է համագործակցությունը լեռնամետալուրգիայի, քիմիական արտադրության ոլորտներում, պատրաստ ենք աշխատել մեքենաշինության ոլորտում: Ուկրաինան ունի հզոր պոտենցիալ մեքենա-, ավիա, սարքաշինության ուղղություններով, ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ: Հաշվի առնելով, որ մենք բոլորս նույն երկրի՝ ԽՍՀՄ-ի ժառանգներ ենք, և միասնական խնդիրներ ունենք հիմնական միջոցների ու սարքավորումների բարոյական ու ֆիզիկական մաշվածության առումով, պահանջվում է արդիականացում տնտեսության հիմնական ճյուղերում: Սրանք այն առաջնահերթ հարցերն են, որ պետք է լինեն կառավարությունների ուշադրության կենտրոնում: Մենք հակված ենք երկկողմ համագործակցությունը մեծացնելուն»:

Մեր դիտարկմանը, որ վերջերս Հայաստանն արգելեց մսի ներկրումն Ուկրաինայից, Ա.Կինախը պատասխանեց, որ նման խնդիրներ լինում են ոչ միայն՝ մեր երկու երկրների հարաբերություններում, և յուրաքանչյուր երկիր պետք է հետևի իր քաղաքացիների առողջությանը, պաշտպանի իր ապառողների իրավունքները: «Դժբախտաբար, կան դեպքեր, երբ մենք արգելում ենք տավարի մսի ներկրումն Արգենտինայից, Ուկրաինայում էլ որոշ ապրանքարտադրողներ խախտում են սահմանված չափորոշիչները: Գլխավորը, որ դա լինի հանգիստ, անկողմնակալ, միջազգային առևտրում առկա գործընթացներին համապատասխան: Ես վստահ եմ, որ նման մեթոդներով կարելի է լուծել ցանկացած հարց»:

Ա.Կինախը նշեց, որ այսօր աշխատանք է տարվում ԵՏՄ չափորոշիչները ԵՄ-ի չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ. «Ղազախստանը, Ռուսաստանն ԱՀԿ անդամ են, Բելառուսն ավարտում է անդամակցության գործընթացը, և ԵՄ չափանիշներին համապատասխանելը երաշխիք է, որ ապրանքը մրցունակ կլինի միջազգային շուկայում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս