Այս տարի IFC-ն պլանավորել է ավելի քան 100 մլն դոլարի ներդրումներ իրականացնել Հայաստանում
Հարցազրույց Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենի հետ
– Հայաստանում տնտեսության այն ճյուղերի շրջանակը, որտեղ ներդրումներ է իրականացնում Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), թվում է բավականին նեղ՝ բանկային ոլորտ, էներգետիկա և մեկ հանքարդյունաբերական ծրագիր։ Կա՞ն այլ որոլտներ, որտեղ նպատակ ունեք ներդրումներ կատարել ապագայում։
– Հայաստանում մասնավոր ոլորտը զգալի պոտենցիալ ունի։ Այս ֆինանսական տարում Հայաստանի մասնավոր ոլորտի ընկերություններին աջակցելու նպատակով IFC-ն պլանավորել է ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ իրականացնել։ Հայաստանում սա մեր ամենամեծ տարեկան ծրագիրն է։ Ի լրումն ֆինանսական ոլորտում IFC-ի ներդրումներին, մենք մտադիր ենք ավելացնել մեր ներդրումները ոչ ֆինանսական այնպիսի մրցունակ ոլորտներում, ինչպիսիք են ագրոբիզնեսը, էներգետիկայի և ծառայությունների ոլորտները։ 1995թ.-ին Հայաստանի IFC-ին անդամակցելուց հետո, IFC-ի երկարաժամկետ ներդրումային պարտավորություններն ընդհանուր առմամբ կազմել են 340 մլն ԱՄՆ դոլար՝ մոտավորապես 23 մլն ԱՄՆ դոլար ներգրավված փոխառություններ, 47 ծրագրի ֆինանսավորում մի շարք ոլորտներում՝ սկսած ֆինանսական շուկաներից և արտադրությունից՝ մինչև ագրոբիզնես, ծառայություններ, հիդրոէներգետիկա և հանքարդյունաբերություն (2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ)։
IFC-ն նաև աջակցել է առևտրային գործարքներին իր առևտրի ֆինանսավորման ծրագրի միջոցով և իրականացրել է խորհրդատվական ծրագրեր, որոնք միտված են եղել մասնավոր ոլորտի զարգացմանը։
Մի քանի օրինակ՝ մենք վերջերս 50 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս վարկի տրամադրման պարտավորություն ենք ստանձնել Ամերիաբանկին՝ կապիտալի աջակցության և տեղական ձեռնարկություններ մուտք գործելու նպատակով կարողությունների բարձրացման համար, ինչը հնարավորություն կտա խթանել ձեռնարկությունների զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։ IFC-ն Հայաստանի տեղական կապիտալի շուկայում տեղական արժույթով պարտատոմսերի առաջին ոչ-ռեզիդենտ թողարկողն էր։ Մենք թողարկեցինք հայկական անդրանիկ դրամային պարտատոմսը 2013թ.։ Ոչ ֆինանսական ոլորտներում մեր ներդրումների օրինակներն ընդգրկում են IFC-ի վարկը «Եվրոթերմին», որը «Նոյան» բնական հյութերի և պահածոների առաջատար արտադրողն է Հայաստանում, մեր աջակցությունը ինովացիոն, էներգախնայող գրասենյակային շենքերի կառուցմանը, որը իրականացվում էր Property Development ընկերության կողմից, «Էլիտ Պլազայի» ֆինանսավորումը՝ 18 հարկանի շենքի, որը նախագծվել է Երևանում բարձրակարգ գրասենյակային տարածքների աճող պահանջարկը բավարարելու համար։
Անցյալ տարի IFC-ն գնեց «Կոնտուր Գլոբալ» հիդրոէլեկտրակայանի փոքր մասնաբաժին՝ Հայաստանի կարևոր էներգաբլոկներից մեկի՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանի ձեռքբերմանը, վերանորոգմանը և գործարկմանն աջակցելու և երկրի էներգետիկայի ոլորտն ուժեղացնելու նպատակով։ Մենք շարունակաբար փնտրում ենք հարմար առիթներ իրականացնելու տեղական ձեռնարկությունների երկարաժամկետ ֆինանսավորում՝ տնտեսական աճն ու աշխատատեղերի ստեղծման գործընթացը խթանելու և աղքատությունը նվազեցնելու նպատակով։
– IFC-ն հայտարարել էր, որ աջակցում է Հայաստանում բանկերի համախմբման գործընթացին։ Արդյո՞ք մրցակցությունը բանկային համակարգում չի տուժի, եթե Հայաստանում գործեն ավելի քիչ բանկեր։
– Հայկական ֆինանսական շուկայում միավորման միտումը Կենտրոնական բանկի՝ բանկային համակարգն ուժեղացնելու ռազմավարության մի մասն է։ Բնական աճի կամ համախմբման միջոցով խոշորացած բանկերն արդյունավետ և կայուն բանկային համակարգի հիմք են։ Ընդհանուր առմամբ՝ ավելի մեծ բանկերն ավելի կայուն են և արդյունավետ՝ ի հաշիվ իրենց դիվերսիֆիկացված ծառայությունների փաթեթի և ժամանակակից բանկային տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու կարողության։ Նրանք նաև կապիտալի շուկաներ մուտքի ավելի լավ հնարավորություններ ունեն։ IFC-ն աջակցում է հայկական բանկերին, այդ թվում՝ միաձուլման և ձեռքբերման ջանքերում, որպեսզի նրանք կարողանան ավելացնել մասնավոր ընկերությունների վարկավորումը և խթանել աճը։
– Ձեր կազմակերպությունը «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության բաժնետերն է, որի հայաստանյան դուստր ընկերությունը՝ «Գեոթիմը», նախատեսում է սկսել Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրը։ IFC-ն վերջերս հայտարարեց հանքի շինարարության մեջ ներդրում կատարելու մտադրության մասին։ Ամուլսարը 2016թ.-ի ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկն է։ Մյուս կողմից՝ մեծ է քննադատությունը, որ տնտեսությունը հիմնված է միայն հանքարդյունաբերության վրա։ Արդյո՞ք կարծում եք, որ հանքարդյունաբերությունը կարող է լինել տնտեսական զարգացման համար կայուն հիմք։
– IFC-ն աջակցում է արդյունահանող ոլորտի զարգացմանը, քանի որ, լավ կառավարման դեպքում, բնական ռեսուրսների հարստությունը կարող է բերել կայուն տնտեսական զարգացման։ Երբ հանքարդյունաբերությունն՝ առաջնային ճյուղ է հանդիսանում, այն կարող է խթանել աճը և օգնել տնտեսության դիվերսիֆիկացիային։ Օգուտները ներառում են էական պետական եկամուտներ հարկերի և ռոյալթիների տեսքով, որոնք կարող են ներդրվել արդյունավետ մարդկային և ֆիզիկական կապիտալում։ Ավելին, հանքարդյունաբերությունը կարող է նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը, որն այլ պարագայում կարող էր տեղի չունենալ, և ստեղծել ուղղակի կամ անուղղակի դրական ազդեցություններ, ներառյալ՝ փոխադրումների և էներգետիկայի ոլորտներում ավելի լայն հասանելիություն, արդյունավետության ու աճի խթանում։
Հանքարդյունաբերությունը տալիս է աշխատատեղերի անուղղակի ստեղծման հնարավորություն իր մատակարարների շղթայի միջոցով. հանքում մի աշխատատեղը կարող է նպաստել ավելի քան 20 անուղղակի աշխատատեղերի ստեղծմանը։ Այսպիսով, հանքարդյունաբերությունը կարող է խթանել տեղական, հատկապես՝ հեռավոր համայնքների տնտեսական աճը, առաջարկելով աշխատատեղերի, փոքր բիզնեսից գնումների և համայնքային ներդրումների հնարավորություններ։ Մենք խրախուսում ենք, որ մեր հաճախորդներն աշխատեն համայնքների փոքր բիզնեսների հետ, այնպես, որ նրանք կախված չլինեն հանքից՝ որպես եկամտի միակ աղբյուր, այլ ունենան բիզնես հնարավորություններ՝ հանքարդյունաբերությունից դուրս։ IFC-ի նպատակն է՝ օգնել Հայաստանի նման երկրներին՝ զարգացնելու իրենց ռեսուրսները բնապահպանական և սոցիալական տեսանկյունից կայուն ձևով, նպաստելու զարգացմանը, ընդհանուր բարեկեցությանը և աղքատության նվազեցմանը։
– IFC-ի կատարողական չափանիշերը հաճախ վկայակոչվում են՝ որպես երաշխիք, որ Ամուլսարը կլինի ժամանակակից, բնապահպանական տեսանկյունից լավ կառավարվող հանք։ Ինչպե՞ս են այդ չափանիշերը երաշխավորում բնապահպանության տեսանկյունից լավագույն փորձն այն ծրագրերի համար, որոնք Դուք ֆինանսավորում եք, և արդյո՞ք Ամուլսարը համապատասխանում է դրան։
– Մենք հավատում ենք, որ հնարավոր է ունենալ պատասխանատու հանքարդյունաբերական ծրագրեր ցանկացած երկրում, և Հայաստանը բացառություն չէ։ Մենք օգտագործում ենք IFC-ի Կատարողականի չափանիշերը՝ որպես հենք՝ բացահայտելու և գնահատելու հնարավոր բնապահպանական և սոցիալական ռիսկերը ցանկացած ծրագրում, որը մենք ֆինանսավորում ենք՝ անկախ արդյունաբերության ճյուղից կամ ոլորտից։ Մեր հաճախորդները, ներառյալ՝ հանքարդյունաբերության ոլորտում, օգտագործում են այս չափանիշերը ծրագրի ազդեցությունները գնահատելիս։
Ուստի ծրագիրը զարգացվում է բնապահպանական, սոցիալական, առողջապահական և անվտանգության տեսանկյունից լավագույն միջազգային փորձին համահունչ։ Քանի որ մեր հաճախորդ ընկերությունների կողմից այս խնդիրների արդյունավետ կառավարումը որոշիչ դեր ունի ծրագրի հաջողության համար, մենք վերահսկում ենք ծրագրի համապատասխանությունն այս չափանիշերին։ Ամուլսարի հանքի դեպքում, ինչպես և՝ մեր մյուս ներդրումների պարագայում, նույնն է լինելու։
– ՀՀ կառավարությունը կանխատեսում է ՀՆԱ-ի 2.2% աճ այս տարի։ Որո՞նք են Ձեր կանխատեսումները, և տնտեսության ո՞ր ճյուղերն ունեն ամենամեծ պոտենցիալը՝ նպաստելու ՀՆԱ-ի աճին։
– Համաշխարհային տնտեսությունը դեռևս մարտահրավերների առաջ է, և սա ազդում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վրա, որտեղ տնտեսական միջավայրը չափազանց բարդ է։ Տարածաշրջանի երկրները, ներառյալ՝ Հայաստանը, դեռևս հարմարվում են նոր տնտեսական իրականությանը։ Ամեն դեպքում, Հայաստանում առավել մրցունակ ճյուղերը՝ ագրոբիզնեսը, հանքարդյունաբերությունը, էներգետիկան և ծառայությունները, հսկայական պոտենցիալ ունեն և կարող են օգնել զարգացնելու տնտեսությունը, մինչ կառավարությունը փորձում է զարգացնել այլ հնարավորություններ, որոնք նախանշված են Հայաստանի զարգացման ռազմավարության մեջ։ Այս փխրուն միջավայրում ավելի շատ բան կարելի է անել ներդրումային միջավայրը բարելավելու համար։ Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագիրը, որն իրականացվում է Համաշխարհային բանկի խմբի Առևտրի և մրցունակության դեպարտամենտի կողմից, շարունակում է խորհրդակցական աջակցություն ցուցաբերել կառավարությանը ներդրումային քաղաքականության և վերահսկողության բարեփոխումների վերաբերյալ։ Ծրագիրը կառուցված է IFC-ի նախորդ Ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրի (2011-2014) հիման վրա, որն օգնեց Հայաստանի կառավարությանը՝ ձևավորել և ընդունել բարեփոխումներ հարկերի, միջազգային առևտրի ընթացակարգերի, ստուգումների և սննդի անվտանգության վերաբերյալ։