Ուրիշ վիճակագրություն
Պաշտոնական վիճակագրությունը շարունակում է մեզ ուրախացնել՝ պլպլան մակրոտնտեսական ցուցանիշներով։ Երեկ հրապարակվել են 2016 թվականի հունվար-փետրվար ամիսների նախնական (շտապ հավաքագրված) ցուցանիշները։ Ըստ այդմ՝ ՀՀ տնտեսական ակտիվությունն այս տարվա առաջին երկու ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4.7%-ով։ Իսկ փետրվարը՝ հունվարի նկատմամբ՝ 9.4%-ով։
Տնտեսության կարևորագույն 2 ոլորտները՝ արդյունաբերությունն ու ծառայությունները, գրեթե երկնիշ աճ են գրանցել։ Այսպես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.9%-ով և հասել 194.1 մլրդ դրամի, իսկ ծառայությունների ոլորտի աճը կազմել է 9.8% (ծավալը՝ 173.8 մլրդ դրամ)։
Գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում աճը թույլ է (համապատասխանաբար՝ 2.5% և 2.1%), սակայն կարևորը՝ աճ կա։ Գյուղոլորտը տարվա առաջին երկու ամիսներին տվել է 40.7 մլրդ դրամի արտադրանք, կատարված շինարարությունը՝ 20.5 մլրդ դրամ։
Վերջին տարիներին տխուր ավանդույթ էր դարձել, որ շինարարության ոլորտը պետք է անկում ունենա։ Շինարարությունն անկումից կարծես դուրս եկավ, սակայն ավանդույթը շարունակում է մանրածախ առևտրաշրջանառությունը։ Նախորդ տարվանից սկսած մանրածախ առևտրի անկումը շարունակվում է նաև 2016-ին։ Հունվար-փետրվարին մանրածախ առևտրի ծավալը կազմել է 264.3 մլրդ դրամ, ինչը 1.8%-ով զիջում է նախորդ տարվա հունվար-փետրվարի ցուցանիշին։
Արտաքին առևտրի գծով նույնպես դրան համարժեք անկում ունենք՝ 1.7%: Սակայն այստեղ կա մի դրական կետ՝ արտահանումն աճել է։ Այսպես, հունվար-փետրվարին Հայաստանից արտահանումն աճել է 23.6%-ով և կազմել 225.7 մլն դոլար, իսկ ներմուծումը նվազել է 12.2%-ով՝ հասնելով 388.5 մլն դոլարի:
Մի խոսքով, չնայած որոշ տհաճ կետերին, հունվար-փետրվար ամիսների վիճակագրությունը վատը չէ։ Ավելին, հարևան երկրների համեմատ՝ մեր ցուցանիշներն ինչ-որ տեղ փայլուն են թվում (հիշեցնենք, որ Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը 2016 թվականի հունվար-փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3.2 տոկոսով)։
Սակայն, որքան Ազգային վիճակագրական ծառայության թվերը լավատեսական են լինում, այնքան թույլ է լինում հասարակության վստահությունն այդ տվյալների նկատմամբ։
Մարդիկ չեն հավատում լավ ցուցանիշներին։
Մենք վերջերս ինտերնետային փոքրիկ հարցում էինք անցկացրել՝ մասնակիցներին խնդրելով պատասխանել 4 պարզ հարցի՝ նախորդ տարվա, գործերի ընթացիկ վիճակի և սպասելիքների վերաբերյալ։
Հարցմանը պատասխանել է շուրջ 100 հոգի։
«Աճե՞լ է արդյոք ձեր ընկերության եկամուտը 2015 թվականին» հարցին մասնակիցների 55.6%-ը պատասխանել է՝ «ոչ, նվազել է»: 28.9%-ը նշել են, որ աճել է, 15.6%-ի մոտ մնացել է նույնը։
Չնայած, որ հարցման մասնակիցների կեսից ավելին եկամտի անկում է նշել, տարին վնասով փակածների տեսակարար կշիռն ավելի քիչ է՝ 29.8%: 42.6%-ը նշել են, որ 2015 թվականը փակել են շահույթով, իսկ 27.7 տոկոսի մոտ ծախսերն ու եկամուտները հավասար են եղել (ոչ շահույթ, ոչ վնաս)։
Ամենատխուրը, սակայն, սպասումներն են ընթացիկ տարվանից։ «Սպասո՞ւմ եք արդյոք եկամուտների աճ 2016-ին» հարցին մասնակիցների շուրջ կեսը պատասխանել է՝ ոչ։ 17%-ը դժվարացել է պատասխանել։ Իսկ լավատեսորեն տրամադրված է եղել 34%-ը։
Իսկ ինչպե՞ս է ազդել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը հարցման մասնակիցների գործունեության վրա։ 61.7%-ը նշել է, որ ընդհանրապես տարբերություն չի զգում։ 23.4%-ը պատասխանել է, որ բացասաբար է ազդել, և միայն 14.9%-ն է նշել, որ ԵՏՄ-ին անդամակցությունը դրական է անդրադարձել գործունեության վրա։
Իհարկե, այս հարցումը, այն էլ՝ ընդամենը 100 հոգու շրջանում, լուրջ եզրակացությունների հիմք չի կարող դառնալ։ Իհարկե, ընդհանրապես հարցումները վերին ատյանի ճշմարտություններ չեն։ Սակայն շեղումը՝ հարցման արդյունքների և պաշտոնական վիճակագրության միջև, չափազանց մեծ է։ Մի տեղում հիմնականում խնդիրներ ու դժվարություններ են, մյուս տեղում՝ փայլուն ցուցանիշներ ու աճ։
Միգուցե Ֆեյսբուքում կենտրոնացված են առավել ընդդիմադիր և դժգոհ տրամադրված մարդիկ, միգուցե հարցմանը մասնակցել են հիմնականում այն մարդիկ, ովքեր լավատեսությամբ չեն փայլում։ Սակայն մյուս կողմից՝ 4,7% տնտեսական ակտիվության մասին փաստող վիճակագրությունն էլ հալած յուղի տեղ չի կարելի ընդունել։ Մերկապարանոց հայտարարություն չենք անի, թե՝ ԱՎԾ-ն նկարչություն է անում։ Ընդունենք, որ բարեխիղճ ձևով, իրենց մեթոդոլոգիայով, ոչինչ չհորինելով՝ ստացել են աճի ցուցանիշը։ Սակայն, եթե տնտեսությունը 4.7%-ով ակտիվանում է, իսկ դժգոհություններն ու բացասական սպասումները՝ ավելանում, ուրեմն այդ 4.7%-ն իրականության հետ կապ չունի։
Իրականությունը երևի մեջտեղում ինչ-որ տեղ է՝ հոռետեսական հարցումների և պլպլան վիճակագրության միջև։ Մնում է գոնե հուսալ, որ որոշում ընդունողները գոնե իրենք իրենց համար տիրապետում են իրական թվերին (կապ չունի՝ հարցումների՞, թե՞ հրապարակման ոչ ենթակա վիճակագրության տեսքով) և ինքնախաբեության մեջ չեն գտնվում։