Կենդանիների պաշտպան Բրիժիտ Բարդոն Հայաստանն առաջադեմ երկրի օրինակ է համարում
Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ «Բրիժիտ Բարդո» հիմնադրամի և ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ, սույն թվականի մարտի 23-ին կիրականացնի Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգուց Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված երկու արջերի տեղափոխումը Ռումինիայում գտնվող «Լիբեարտի» արջերի մասնագիտացված ապաստարան: Այս մասին գործընկերները հայտարարեցին մարտի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։
Ինչպես տեղեկացրին FPWC հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից, կենդանիների տեղափոխման համար անհրաժեշտ բնապահպանական և կենդանաբուժական թույլտվությունները երկուստեք ստացված են, բազմակողմ պայմանագրերը՝ ստորագրված, իսկ տեղափոխման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները՝ պատրաստ։
Ռումինիայում գտնվող «Լիբեարտի» արջերի մասնագիտացված ապաստարանը միջազգային չափանիշներին համապատասխանող, մի քանի հեկտար տարածությամբ փակ գոտի է՝ նախատեսված առողջական ու հոգեբանական խնդիրներ ունեցող արջերի կացության համար։
Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգուց Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված երկու արջերը՝ Մաշան և Միշան, վերականգնողական կարանտինի ընթացքում ստացել են բոլոր անհրաժեշտ բուժումները, պատվաստվել են կատաղության դեմ, կենդանիների մազածածկը բարելավվել է, և դիտվում է քաշի ակնհայտ ավելացում: Ի տարբերություն առաջին օրերի, արջերն այլևս չեն կռվում միմյանց հետ սննդի և ջրի համար։
Երկու արջերի սննդի, խնամքի և տեղափոխման ծախսերը դեռևս անցած տարվա նոյեմբերից ստանձնել էր ֆրանսիական «Բրիժիտ Բարդո» հիմնադրամը։ Հիմնադրամի ներկայացուցիչները նաև այցելել են Հայաստան՝ ուղեկցելու արջերին իրենց նոր մշտական կացության վայր:
«Մի քանի ժամից Մաշա և Միշա արջերը կլքեն իրենց ճաղավանդակները և կհայտնվեն վայրի բնության գրկում։ Սա հնարավորություն ու հույս է բոլոր վայրի կենդանիների համար, որոնք անարդարացիորեն հայտնվել են ճաղավանդակների ներսում՝ անազատության մեջ։ Մեր հիմնադրամները, ստանալով Բնապահպանության նախարարության աջակցությունը, համագործակցել և հասել են այն մեծ արդյունքին, որն ունենք այժմ։ Հայաստանն այժմ վառ օրինակ է մի առաջադեմ երկրի, որը հարգանքով է վերաբերվում կենդանիներին։ Բրավո։ Մերսի», – ասել է «Բրիժիտ Բարդո» հիմնադրամի հիմնադիր, աշխարհահռչակ ֆրանսիացի դերասանուհի Բրիժիտ Բարդոն։
Ապագայում Բրիժիտ Բարդո հիմնադրամի և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի միջև համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ։
Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգում պահվող երկու արջերի և երեք առյուծների կացության հանդեպ ուշադրությունը սևեռվեց բրիտանական The Daily Mail թերթում «Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին» անվանումը կրող հրապարակումից հետո: Այգում պահվող երեք առյուծները Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ տեղափոխվել են Ուրցաձորում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան։
FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանի խոսքով, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում այս տարվա ընթացքում կբացվի Վայրի բնության փրկարար կենտրոնը։ Կենտրոնի առաքելությունը կլինի Երևանում և ՀՀ մարզերում վայրի կենդանիների մասնակցությամբ միջադեպերի կանոնակարգված մասնագիտական կառավարումը, որը կիրականացնեն Կենտրոնի փորձագիտական խմբի մասնագետները։ Կենտրոնի մասնագետները զննության կենթարկեն մարդկային գործունեության հետևանքով վայրի բնության մեջ կամ քաղաքային միջավայրում խոցելի իրավիճակում հայտնված կամ վտանգ ներկայացնող կենդանիներին՝ տրամադրելով համապատասխան բուժօգնություն և խնամք, ետ վերադարձնելով վայրի բնություն։ Կենտրոնը կիրականացնի նաև թիրախային տարբեր խմբերի ուղղված տեղեկատվական և կրթական արշավներ՝ ընդդեմ վայրի կենդանիների ապօրինի շահագործման և դրա հետևանքների:
Ասուլիսի ընթացքում Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը նշել է, որ Բնապահպանության նախարարությունը մոտ ապագայում կներկայացնի դաշտը կարգավորող նոր օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որն ուղղված կլինի վայրի բնության ու կենդանիների պահպանմանը։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՀ Բնապահպանության նախարարությանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կենդանաբուժական տեսչությանը, ՀՀ ֆինանսների նախարարությանն ու մաքսային մարմիններին, բոլոր համակիրներին և գործընկերներին` ցուցաբերած մեծ աջակցության և վստահության համար, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներին՝ խնդիրն ակտիվորեն լուսաբանելու համար: