Հիմա էլ ադրբեջանական բանակը

Ռուսաստանը կրկին զարմացրեց: Այս անգամ ոչ միայն՝ մեզ, այլև` բոլորին: Պուտինը հրամայեց օդուժը դուրս բերել Սիրիայից: Համարյա մեկ օր արևմտյան լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները չէին մեկնաբանում այս անսպասելի որոշումը: Որևէ բացատրություն գտնելու համար ահագին ժամանակ անհրաժեշտ եղավ: Իսկ բացատրությունները տարբեր են, ու, որ ավելի կարևոր է, հակասական: Մեկը խոսում է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ ձեռք բերված գաղտնի համաձայնության մասին: Մյուսը կատարվածը բացատրում է Ռուսաստանին բնորոշ անհաշվենկատ քայլեր անելու և դաշնակցին վերջին պահին դավաճանելու սովորության մասին:

Հեռավոր Կարիբյան ճգնաժամն են հիշեցնում, երբ Նիկիտա Խրուշչովը Ֆիդել Կաստրոյին համոզեց թույլատրել միջուկային հրթիռներ տեղադրել Կուբայում: Իսկ հետո ԱՄՆ ճնշման տակ Խրուշչովը հաշվի չառնելով Կաստրոյի անհամաձայնությունը՝ հրթիռները հետ բերեց: Իբր հիմա, երբ Ժնևում սկսվել են սիրիական կոնֆլիկտի կարգավորման բանակցությունները, Ռուսաստանը կրկին ընդդիմության դեմ միայնակ թողեց իր դաշնակից Ասադին: Վերլուծաբանների երրորդ խումբը ռուսական օդուժի դուրսբերման պատճառ միայն տնտեսական պատժամիջոցներն են համարում: Նրանք պնդում են, որ Ռուսաստանը լայնածավալ մարտական գործողություններ վարելու ֆինանսական միջոցներ չունի:

Ամենամեղմ հաշվարկներով՝ պատերազմի մեկ օրը Ռուսաստանի վրա երկուս ու կես մլն դոլար էր «նստում», և այն չէր կարող երկար շարունակվել՝ նավթի ու գազի գնանկման ֆոնին: Բայց միջազգային խնդիրներից զատ, Ռուսաստանը մեզ «զարմացնելու» մեկ այլ ձև գտավ: Ռուսական «Ռազմաքաղաքական տեղեկատուն» այս շաբաթվա թողարկման մեջ ներկայացրել է ադրբեջանական բանակն ու սպառազինությունը: Հոդվածի հեղինակը նույն Ալեքսանդր Խրամչիխինն է: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթներին առանձին հոդվածներով ներկայացվել էին Թուրքիայի ու Հայաստանի բանակները: Մեր զինված ուժերը նախորդ հոդվածում բնութագրված էին՝ որպես Կովկասի ամենաաղքատ սպառազինված, բայց ամենամարտունակ բանակ: Ադրբեջանական բանակի գնահատականը կարելի է տեսնել հենց հոդվածի վերնագրից՝ «Բանակ` մեկ պատերազմի համար»:

Ադրբեջանական բանակի կառուցվածքի ու սպառազինության նկարագրությանը զուգահեռ՝ համեմատական գծապատկերով բերված է մեր և հարևան երկրի սպառազինության համեմատությունը: Ադրբեջանի բանակի կառուցվածքը ներկայացնելուց հետո հեղինակը նշում է, որ ադրբեջանական ռազմածովային ուժերն ամենաթույլն են Կասպից ծովում: Հետևաբար՝ ենթադրություն է արվում, որ այդ երկիրը ռազմական ծախսեր կատարում է՝ միայն Ղարաբաղյան պատերազմի պատրաստվելով: Ըստ հոդվածագրի Ադրբեջանը սպառազինություն վերջին տարիներին գնում է հետևյալ երկրներից՝ Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Իսրայել, Թուրքիա և Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն: Սա հայտնի է ոլորտի բոլոր մասնագետներին:

Ավելին` նույնիսկ ոչ մասնագետներս գիտենք, որ մեր հիմնական ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանը տարիներ շարունակ նորագույն զենքերով շարունակում է զինել Ադրբեջանին, որ երբեք չի եղել Կոլեկտիվ անվտանգության պակտի անդամ: Պարզապես հիմա պատկերը փոխվել է: Ռուսաստանի համար «հանկարծակի» բացահայտվել է, որ ինքը տարիներ շարունակ զենք է վաճառում Թուրքիային ամենահավատարիմ երկրին: Խոսելով հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի մասին՝ հոդվածագիրն ընդհանրացնում է. «Ռուսաստանն այս պարագային կհայտնվի նուրբ իրավիճակում՝ հարձակվողական բոլոր զինատեսակներն ինքն է տրամադրել Ադրբեջանին:

Դժվար է ենթադրել, որ Մոսկվան չէր հասկանում, թե ինչ նպատակի համար է դա, որ այն Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մեր ամենամերձավոր անդամ երկրի դեմ է: Իրավիճակը կրկնակի բարդ է, որովհետև Անկարայի (Բաքվի գլխավոր դաշնակցի) հետ բազմամյա տարօրինակ խաղիկները կանխատեսելիորեն ձախողվեցին»: Հետո հոդվածում վերլուծվում են պատերազմի հնարավոր բոլոր տարբերակները, որի արդյունքում նույնիսկ հետևություն է արվում, որ «Իրանը հավանաբար չի բավարարվի ռուս-հայկական կոալիցիային «ցավակցելով» և կմասնակցի պատերազմին` որպես դաշնակից»: Կարճ ասած, վերլուծված ու ներկայացված է տարածաշրջանային կատարյալ Ապոկալիպսիս:

Բայց անհասկանալի է, թե ինչու է ռուսական քաղաքագետն այդքան հետևողականորեն շարունակում վերլուծել մեր տարածաշրջանի երկրների զինված ուժերն ու փորձում վերլուծել իր կանխատեսած պատերազմի հետևանքները: «Գոյություն ունի ոչ զրոյական հավանականություն, որ Բաքվին վաճառված հայրենական (իմա՝ ռուսական) արտադրության զենքը կկիրառվի ոչ միայն՝ մեր մերձավոր դաշնակցի, այլև՝ ռուսական բանակի դեմ»,- եզրակացնում է Խրամչիխինը:

Բայց վերլուծությունների մեջ փորձագետը նաև վստահ է, որ Հայկական բանակն իր համեմատաբար համեստ սպառազինությամբ լիովին ի վիճակի է կասեցնել ադրբեջանական հնարավոր հարձակումը, եթե պատերազմի մեջ չներքաշվի Թուրքիան: Բոլոր վերլուծություններում, ի վերջո, հետևություն է արվում, որ հնարավոր պատերազմի հետևանքներն Ադրբեջանի համար կործանարար կլինեն: Հոդվածն ավարտվում է հետևյալ նախադասությամբ. «Ադրբեջանին հարկ կլինի մոռանալ Ղարաբաղը՝ նվազագույնը՝ մեկ տասն ամյակով, իսկ առավելագույնը՝ ընդմիշտ»:

Տեսանյութեր

Լրահոս