«Ինչի կարող է հանգեցնել ոուսական զորքերի դուրսբերումը Սիրիայից»

168.am-ի զրուցակիցն է Սիրիայի «Ալխաբար» կայանի գործադիր տնօրեն, քաղաքական լուրերի պատասխանատու, պատերազմական լրագրող և վերլուծաբան Սարգիս Քասարջյանը

– Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին անսպասելի հայտարարություն է արել այն մասին, որ Սիրիայից դուրս է բերում ռուսական զինված ուժերի մեծ մասը՝ ասելով, որ իրենք ակտիվացնելու են ՄԱԿ-ի միջնորդությամբ ընթացող խաղաղ կարգավորման բանակցությունները: Ինչո՞վ կարելի է բացատրել Ռուսաստանի անակնկալ որոշումը:

– Նախ՝ պետք է հստակեցնել, որ Ռուսաստանն իր ամբողջ զորքը դուրս չի բերում Սիրիայից, այլ՝ զորքի հիմնական մասը: Ինչ վերաբերում է որոշման դրդապատճառներին, ապա հստակ որևէ պատճառ չկա, բայց եթե վերլուծենք, ապա մի քանի պատճառ կարող ենք նշել: Առաջինն այն է, որ Ռուսաստանը ցանկանում է եվրոպական պետությունների, ԱՄՆ-ի մոտ այնպիսի տպավորություն թողնել, թե ինքը երբևէ հակամարտության ռազմական կարգավորման կողմնակիցը չի եղել, իսկ ռազմական միջամտության պատճառը քաղաքական համաձայնություն ստեղծելու նպատակն էր: Երկրորդը` Ռուսաստանը ցանկանում է նաև արևմտյան պատժամիջոցները կասեցնել, ուստի դրա ամենալավ ձևը սիրիական հակամարտությունում քաղաքական համաձայնության գլխին կանգնած լինելն է: Եթե պետք է խոսենք քաղաքական համաձայնության մասին, ապա բնական է, որ քաղաքական համաձայնության գլխավոր մասը պետք է լինի ռազմական գործողությունների կասեցումը կամ թուլացումը: Երրորդ` կարծում եմ, որ ցանկություն կա նաև ճնշում բանեցնել սիրիական ղեկավարության վրա, որպեսզի ավելի հեշտ և առանց պայմանների առաջ մղվի քաղաքական համաձայնությունը:

Անշուշտ, կարելի է ասել, որ այս ամենում գուցե կար ԱՄՆ-ՌԴ համաձայնությունը ևս, որը դեռ հստակ չէ, ժամանակի ընթացքում կպարզվի: Իմ կարծիքով, Սիրիայում կմնան այն ուժերը, որոնք կարող են հետևել թուրքական ուժերի գործողություններին սահմանին, որոնք կարող են յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր փոփոխության դեպքում ռուսների միջամտությունը կրկին ապահովել սիրիական հարցում: Կարծում եմ, որ Լաթաքիայի ռուսական ռազմական օդակայանը կպահպանվի, նավային կենտրոնը` ևս:

– Այս որոշումը, ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կանդրադառնա Սիրիայում տիրող պատերազմական իրավիճակի վրա, քանի որ Սիրիայում ռուսական ռազմական գործողությունների ընթացքում կառավարական զորքերն առաջընթաց էին գրանցում` կարողանալով ճնշել նաև «Իսլամական պետությանն» ու «Ալ Նուսրա» խմբավորմանը:

– Եթե այս որոշումն իսկապես գործադրվի ամբողջությամբ, ապա, բնականաբար, իշխանական ուժերն իրենց այդ փայլուն առաջընթացը չեն կարողանա պահպանել, բայց պետք է նկատի ունենալ, որ այդ որոշումը հաջորդեց ԱՄՆ-ՌԴ խաղաղ համաձայնությանը, այսինքն` այսօր այդ ռուսական ուժերի գոյությունը պարզապես արմատական ահաբեկչական խմբավորումների` «Իսլամական պետության» և «Ալ-Նուսրա» խմբավորման դեմ էր: Կարծում եմ, ռուսներն այդ ուժերի դեմ պատերազմելու են այնուամենայնիվ, քանի որ այդ ուժերի դեմ պայքարելու համաձայնություն կա Ռուսաստանի և Արևմուտքի միջև:

– Այնուամենայնիվ, ԱՄՆ-ՌԴ համաձայնությունը որքանո՞վ կայուն և ամուր կլինի:

– Դժվար է ասել, քանի որ խոսքը հսկայական պետությունների ռազմավարական, քաղաքական, տնտեսական շահերի մասին է: Կարծում եմ՝ այս պայմանավորվածություններն ուժի մեջ կմնան, և Սիրիայում իրավիճակը չի փոխվի, քանի դեռ Օբաման չի լքել Սպիտակ տունը:

Սիրիայում իրավիճակի փոփոխությունը պայմանավորված է բացառապես քաղաքական համաձայնությամբ, այլ ձև չկա: Ճիշտ է, որ ռազմական առաջընթացը միջոց էր սիրիական պետության համար՝ ավելի զորավոր դիրք ունենալ բանակցության սեղանի շուրջ, բայց բոլորը նույն մտքին են, որ սիրիական հակամարտության կարգավորումը բացառապես քաղաքական է:

– Օրերս ՀՀ նախագահը պաշտոնական այցով Ռուսաստանում էր, որտեղ իր ռուս պաշտոնակցի հետ հանդիպմանը նշեց, որ Հայաստանը սատարում է Սիրիայում ռուսական գործողություններին: Հաշվի առնելով այդ գործողությունների թիրախները` այս հայտարարությունը վտանգի տակ դնո՞ւմ է Հայաստանը, թե՞ ոչ:

– Ըստ իս՝ հայտարարությունը չէ, որ վտանգի տակ է դնում երկիրը: Նախ՝ կարծում եմ, որ Հայաստանն իր դիրքով՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, չի կարող ռուսական գծի դեմ քայլել, չի կարող այս հարցում նաև արևմտյան քաղաքականությանը հետևել, քանի որ այդ քաղաքականությունն այս հարցում հաճախ ի շահ Թուրքիայի է: Երբ Հայաստանը զորակցում է ռուսական գործողություններին, դրանք ոչ միայն ռադիկալ ուժերի դեմ են, այլև Թուրքիայի կողմից ֆինանսավորվող, ուստի, բնականաբար, Հայաստանը դեմ պետք է լինի այդ քաղաքականությանը:

– Կան պնդումներ, որ նման հայտարարություններով Հայաստանը թիրախ է դառնում հենց այդ խմբավորումների համար, որոնք կարող են գործել Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով՝ ընդդեմ Հայաստանի:

– Այդ վտանգը միշտ կա, քանի որ խոսքը Թուրքիայի մասին է, որն իր սահմանները Հայաստանի համար փակ է պահում, հակահայկական քաղաքականություն է վարում, ԼՂ հարցում սատարում է ադրբեջանական դիրքորոշմանը: Թուրքիան ղեկավարում է, վերահսկում այդ խմբավորումները, ուստի դա նոր վտանգ չէ, նա կարող է ցանկացած պահի օգտագործել Հայաստանի դեմ, Արցախյան ճակատի դեմ, կարող է անել հեշտությամբ: Ուստի ՀՀ իշխանությունների նման հայտարարությունները տեղին են:

Տեսանյութեր

Լրահոս