«Հիմնական մոտեցումների հետ կապված կարողացանք մտքեր փոխանակել». Վահե Էնֆիաջյանը՝ Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպման մասին
«Մի շարք արատավոր երևույթներ, որոնք նախկինում տեղի են ունեցել ընտրությունների ժամանակ, մտահոգության պատճառ են հանդիսացել, ուստի նոր ԸՕ-ի քննարկումը տեղին էր ու կարևոր»,- այսօր Ազգային ժողովում Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, այս մասին հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Նրա խոսքով՝ իրենք գտնում են, որ ՀՀ-ում կա իրական հնարավորություն էականորեն որակապես այլ Ընտրական օրենսգիրք ունենալու համար. «Հաշվի առնելով նախկինում եղած արատավոր երևույթները՝ դրանք հնարավոր կլինի կանխել Ընտրական նոր օրենսգրքով: Մեր փորձագետների կողմից մի շարք հարցեր են առաջ քաշվել, սակայն պետք է նշեմ, որ ժամանակը բավարար չէր մեր կողմից արձանագրված հարցերը բարձրաձայնելու և սպառիչ պատասխաններ ստանալու համար: Հիմնական մոտեցումների հետ կապված, իհարկե, կարողացանք մտքեր փոխանակել»:
Վ. Էնֆիաջյանը նշեց, որ հարցեր կային հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ կապված. «Ասեմ, որ հանձնաժողովի ներկայացուցիչները մեզ հետ համակարծիք էին ու ասում էին, որ այստեղ թյուրիմացություն կա: Ցուցակների հրապարակման հետ կապված էլ ենք խոսել, և Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների տեսակետները մեզ հետաքրքիր էին: Մենք այս պահին ունենք մի մեծ փաթեթ, որի վրա աշխատել են մեր մասնագետներն ու փորձագետները: Պետք է ասեմ, որ մեզ համար ոչինչ ինքնանպատակ չի լինելու, անգամ ցուցակների հրապարակման հարցում պետք է լինի տրամաբանություն»:
Նա նշեց, որ այս և մի շարք այլ հարցերի հետ կապված՝ իրենց հետաքրքիր էին Վենետիկի հանձնաժողովի հիմնավորումները, որովհետև մի կողմից՝ կա ՍԴ վճիռ, մյուս կողմից էլ՝ կան քաղաքական որոշակի անվստահության դրսևորման միտումներ:
«Առաջիկայում կլինեն խորհրդարանական լսումներ, և կստեղծվեն այլ հարթակներ՝ մտքեր փոխանակելու, մեզ բոլորիս անհրաժեշտ եզրահանգման գալու համար: Թանաքոտ մատների հետ կապված ևս խոսել ենք ու նշել, որ մեր գործընկերներից կան մարդիկ, որոնք կարծում են, որ սա էլ է տարբերակ և մոտեցում, որը կարելի է քննարկման առարկա դարձնել: Ասեմ, որ այս հարցում մոտեցումները տարբեր են, կան պետություններ, որոնք տվյալ մոտեցումը ժամանակակից մեթոդ չեն համարում: Գիտեք, որքան էլ որ մենք ուսումնասիրենք արտասահմանի փորձը մեր երկրում կիրառելու համար, միևնույն է, մենք պետք է հաշվի առնենք մեր երկրի սպեցիֆիկան և այն երևույթներն ու դրսևորումները, որոնք եղել են նախկինում: Ամեն հանգամանք ուսումնասիրելուց հետո նոր կարող ենք էական ու նոր փոփոխություններով Ընտրական օրենսգիրք ունենալ»,- նշեց Վ. Էնֆիաջյանը: