«Նոր բան ՀԱԿ-ը չի ասում». Արմեն Ռուստամյանը՝ ԸՕ-ի վերաբերյալ ՀԱԿ-ի առաջարկների մասին
«Համամասնական համակարգը երկու տեսակի է՝ բաց ցանկեր և փակ ցանկեր»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով այն դժգոհությունների մասին, թե ներկայացված Ընտրական օրենսգրքում չկա համամասնական համակարգ:
Նա պարզաբանեց, որ փակ համամասնական համակարգը այն է, երբ ձեռք չես տալիս ցանկի ներսի դասավորությանը, իսկ բացը՝ երբ ընտրողը ինքն էլ կարող է որոշել, թե ինչ դասավորություն լինի ցանկի մեջ: Նա նշեց, որ վերջինս ամենաժողովրդավարականն է համարվում ամբողջ աշխարհում, որ ընտրողն է նաև որոշում, թե ով որից հետո լինի ցանկի մեջ.
«Մեծամասնական սա չի կարող համարվել, որովհետև անձի ընտրություն որպես այդպիսին տեղի չի ունենում այս համակարգում, ուղղակի ընտրությամբ որոշվում է՝ որ կուսկացությանն է ընտրողը նախընտրել, իսկ անձն ընտրվում է ածանցված՝ անուղղակի քվեարկութամբ։ Սա երևի լավ չեն հասկացել, ու դրա պատճառով շփոթ են առաջացրել: Սա համամասնական է՝ իր դասական ամբողջ ընկալմամբ, և ուրեմն՝ ճիշտ կլինի դուրս գալ այս շահարկումների դաշտից»:
Հարցին՝ ՀԱԿ-ը պահանջներ ունի, իշխանությունն անընդհատ մերժում է, հնարավոր չի՞ գալ ընդհանուր համաձայնության, Ա. Ռուստամյանն այսպես պատասխանեց.
«Այդ բոլոր կետերի մասին մենք վաղուց ասել ենք, այդտեղ նոր բան ՀԱԿ-ը չի ասում, մենք այդ բոլոր հարցերը հիմա քննարկում ենք: Կարծում ենք՝ կարելի է ինչ-որ ձևաչափ ընդունել, որտեղ բոլոր տեսկետները կբախվեն իրար հետ, և վերջում ունենանք հնարավորինս լայն համախոհություն, իսկ ինչը չենք համաձայնեցնի, թող հասարակությունն ինքը գնահատի՝ ով էր ճիշտ, ով սխալ, բայց այս օրենսգիրքը պետք է անպայման անցկացնել, պետք է անպայման մտնել քննարկման դաշտ»:
Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե խնդրահարույց չէ՞, որ լրատվամիջոցների և դիտորդների թիվը սահմանափակվել է նոր ԸՕ-ում, Ա. Ռուստամյանը պատասխանեց, որ այդ հարցը նույնպես կարելի է քննարկել.
«Նախ, սահմանափակումը պետք է տրամաբանական լինի, և կապված լինի տարածքի մեջ տեղավորվելու ընդհանուր տրամաբանության հետ, ուրիշ որևէ այլ սահմանափակում լինելու է արհեստական: Այստեղ խոսքը գնում է մասնակիցների լիարժեք ներկայությունը ապահովելու մասին: Ես վստահ եմ, որ եթե տեղամասում անգամ անաչառ մեկը եղավ, որ վերահսկի պրոցեսը, այդ տեղամասում խախտումներ չեն լինի, մենք դա անցած փորձից գիտենք: Այստեղ քանակն այդքան կարևոր չէ»: