Օսկանյանի «վերահայտնությունը»

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը բավականին երկար ժամանակ ստվերում մնալուց հետո երեկ իր հայտարարություններով «փոթորկեց» քաղաքական հանրությանը: Նա հաստատեց շրջանառվող լուրերը՝ կուսակցություն հիմնելու մասին:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հենասյուներից մեկը համարվող Օսկանյանը, սակայն, հայտարարեց, թե իր կողմից կուսակցություն ստեղծելը բացարձակ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, թեև միաժամանակ ինքն իրեն չի տարանջատում Քոչարյանից:
«Ես այդպիսի խնդիր չունեմ: Ես Վարդան Օսկանյանի ռեսուրսով եմ պատրաստվում ժողովրդի քվեն ստանալ՝ մեր անելիքներով ու մեր ծրագրով»,- ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց Օսկանյանը:

Ըստ նրա՝ Ռ.Քոչարյանի իշխանությունը թե՛ բազմաթիվ թերություններ և թե՛ մեծ հաջողություններ է ունեցել` հատկապես այսօրվա տնտեսական իրավիճակի ու արտաքին քաղաքականության ֆոնին: Վ.Օսկանյանի համոզմամբ՝ հայ ժողովուրդը շատ հարցերում դրականորեն է հիշում այդ շրջանը, և պետք չէ ամեն ինչ սևացնել:

Հարցին, թե կօգնի՞ Քոչարյանի անունն իր կուսակցությանը, Օսկանյանը պատասխանեց, թե կուսակցությունը կլինի, կաշխատեն, ժողովուրդն իր գնահատականը կտա: Նա չմանրամասնեց, թե ովքե՞ր են լինելու այդ նոր կուսակցությունում: Հարցին, թե հնարավո՞ր է, որ նախկին ԲՀԿ-ականները՝ Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը կամ Էլինար Վարդանյանը լինեն, Օսկանյանը պատասխանեց. «Ո՛չ հաստատելու եմ, ո՛չ հերքելու եմ:

Կարդացեք նաև

Այն պահին, երբ վերջնական որոշում կլինի՝ կիմանաք»: Մարտի 1-ի դեպքերի հետ ասոցիացվող Օսկանյանն այժմ փորձում է ամեն կերպ ձերբազատվել այդ բեռից, և ինքն է Մարտի 1-ն անվանում «սև էջ», իսկ տվյալ օրվա իշխանությանը՝ պատասխանատու կատարվածի համար: Խորհրդարանում նա հայտարարեց, թե իշխանությունը չպիտի թույլ տար, որ նման բան տեղի ունենար: Իրեն մեղադրողներին Օսկանյանը խորհուրդ է տալիս թարմացնել հիշողությունը, քանի որ իր ելույթը կրակոցներից 3-4 ժամ առաջ է եղել.

«Ուղղակի օդում զգալով, որ լարված իրավիճակ է, և նման զարգացումներ կարող են լինել, փորձել եմ կանխել: Ես շահեկանորեն տարբերվում եմ մյուս քաղաքական գործիչներից, որ այդ պատասխանատվությունն եմ վերցրել, համարձակություն եմ ունեցել կանգնել կամերայի առաջ և կոչ անել և՛ հանրապետության նախագահին, և՛ ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել, որպեսզի խուսափենք Մարտի 1-ից»:
Ըստ նրա՝ Մարտի 1-ի բացահայտումը կլինի իր ստեղծելիք կուսակցության օրակարգում, և իրենք կաջակցեն դրա բացահայտմանը. «Իրավապահ մարմինները պիտի դրանով զբաղվեն: Որքան թափանցիկ լինեն նման հարցերը, այնքան լավ՝ մեր հետագա զարգացումների համար»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «168 Ժամի» հետ զրույցում Օսկանյանի կողմից Մարտի 1-ի բացահայտման պահանջը «շատ լավ» որակեց: «Մարտի 1-ի բացահայտման խնդիրը մենք ի սկզբանե ենք դրել, և ով միանում է դրան, դա կարելի է միայն ողջունել»,- ասաց նա:

Հարցին, թե զավեշտալի չէ՞, որ Օսկանյանն իրեն դուրս է դնում Մարտի 1-ի պատասխանատվությունից, կարո՞ղ է իշխանությունը պատասխանատվությունը կրել կատարվածի համար, իսկ առանձին ճյուղային նախարար՝ տնտեսական կամ արտաքին գործերի՝ ոչ, Լ.Զուրաբյանը պատասխանեց. «Իշխանությունը կրում է քաղաքական կոլեկտիվ պատասխանատվություն, իսկ կոնկրետ հանցագործությունների համար պատասխանատվություն կրում են կոնկրետ մարդիկ, որոնք այն ժամանակ, երբ նորմալ իրավական պետություն կունենանք, բոլորն իրենց պատասխանատվության բաժինը կստանան»:

Լ.Զուրաբյանին չի հուզում՝ կամագործակցե՞ն, թե՞ կմրցակցեն Օսկանյանի կուսակցությունն ու ՀԱԿ-ը. «Ես ընդհանրապես չեմ ցանկանում նման հարցի վրա կենտրոնանալ, որովհետև մեզ համար իրականում գոյություն ունի մի հակառակորդ՝ դա այն ռեժիմն է, որ այսօր գոյություն ունի Հայաստանում»: Սակայն, ըստ Լ.Զուրաբյանի, եթե Օսկանյանը ստորագրի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ՀԱԿ պահանջների պլատֆորմը, ինքը խնդիր չի տեսնում:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ բոլոր պրոցեսների վերաբերյալ միշտ, ցանկացած պարագայում պատասխանատուն իշխանությունն է. «Բայց պատասխանատուն և մեղավորը տարբեր բաներ են: Կա քննություն, ես չեմ ուզում իրավական խնդիրների մեջ մտնել, բայց կա չգրված օրենք՝ քաղաքական գործընթացների համար նախևառաջ իշխանությունն է պատասխանատու»:

Թե ե՞րբ է իշխանությունը կրելու այդ պատասխանատվությունը, որ ժողովուրդն էլ զգա դա, ԱԺ փոխնախագահի խոսքով, պատասխանատվությունը տարբեր ձևով է լինում, և անպայման չէ, որ դա ազատազրկում լինի կամ իրավական որևէ հետևանք. «Պատասխանատվություն ասելով՝ ես նկատի ունեմ քաղաքական պատասխանատվություն։ Եվ ցանկացած քաղաքական պատասխանատվության պատասխան տալիս է հանրությունը՝ ընտրությունների ժամանակ։ Եթե ժողովուրդը դրական գնահատի իշխանությունների գործունեությունը՝ կողմ կքվեարկի, եթե չի վստահի Հանրապետականին՝ կողմ չի քվեարկի։ Այստեղ որևէ մեծ դժբախտություն չի լինի»:

Քոչարյանի իշխանության տարիներին արձանագրված դրական ու բացասական արդյունքների հետ կապված Օսկանյանի դիտարկումներին ի պատասխան՝ Է.Շարմազանովը հիշեցրեց, որ քաղաքական գործընթացների պատասխանատուն 1999 թ.-ից նաև ՀՀԿ-ն է, իսկ Քոչարյանի նախագահության շրջանում կառավարության ղեկավարը երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանն էր, ով Հանրապետական կուսակցության նախագահն էր:

Օսկանյանի կուսակցությանն անդամակցելու առումով առաջիններից համարվող ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն անդամագրվելու հրավեր դեռ չի ստացել: Ըստ նրա՝ Վարդան Օսկանյանը բոլոր իրավունքներն ունի հայաստանյան քաղաքական դաշտում կուսակցություն հիմնելու: «Կուսակցության հիմնադրմամբ քաղաքական դաշտում էական փոփոխություններ կլինեն, երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերը զբաղեցնելու մասին բոլոր խոսակցություններում հստակություն կմտնի, բոլորի խաղաքարտերը, մեղմ ասած, խառնվելու են»,- կանխատեսեց նա:

Վ.Օսկանյանի նման՝ Վ.Հովհաննիսյանը ևս հերքեց, թե նախկին արտգործնախարարը կապ ունի Մարտի 1-ի հետ. «Միակ մարդը, ով Մարտի 1-ի հետ որևէ կապ չունի, դա Վարդան Օսկանյանն էր: Բոլոր նրանք, ովքեր եղել են իշխանության մաս և բարիկադի մյուս կողմում, ունեն պատասխանատվության չափ»:

Ըստ Վ.Հովհաննիսյանի՝ բարոյական չէ այդ թեման շահարկել: Նա վստահեցրեց, թե ինքն ամենաշահագրգիռ մարդկանցից մեկն է, որ այդ ողբերգությունը բացահայտվի մինչև վերջ.

«Դա միայն իրավապահ համակարգի գործ չէ: Ինչո՞ւ մեր քաղաքում, մեր երկրում այդքան բարիկադավորվեց հասարակությունը, ավելի խորքային հարց է»:
ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը նույնպես անդամակցելու հրավեր չի ստացել: «Հրավեր լինելու դեպքում՝ կքննարկեմ հարցը, և որևէ բան չեմ բացառում»,- ասել է նա:

Օսկանյանի՝ կուսակցություն հիմնելու որոշումն Է. Վարդանյանը ողջունեց: Ըստ նրա՝ Օսկանյանը լրջագույն դերակատարություն է ունեցել ՀՀ քաղաքականության մեջ: Է.Վարդանյանը հորդորեց չշահարկել այն հարցը, որ Օսկանյանի անունը կապվում է Մարտի 1-ի հետ:

Տեսանյութեր

Լրահոս