«Մեր շփումները երկու երկրների միջև պետք է ավելի ակտիվ շարունակվեն»

Հայաստանի և Հարավային Կորեայի միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու մեծ հեռանկարներ կան, որոնք շարունակում են չիրացված մնալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի Հանրապետություն Կորեայի Հանրապետություն խորհրդարանական բարեկամության խմբի հայաստանյան պատվիակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ով վերջին օրերին աշխատանքային այցով Հարավային Կորեայում էր:

«Մենք այցի ընթացքում ներկայացրեցինք այն հնարավորությունները, որոնք բացվել են Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկման և աշխարհաքաղաքական իրադրության փոփոխության պայմաններում, ինչպես նաև այն դեպքում, որ Հայաստանը մաս է դարձել Եվրասիական տնտեսական միության:

Սրանք նոր իրողություններ են, որ կարող են լրացուցիչ գրավչություն հաղորդել Հայաստանի տնտեսությանը: Երբ մենք ասում ենք, որ հեռանկարները շատ մեծ են, դրանք շարունակում են չիրացված մնալ: Հիմնականում խոսքն այն ոլորտների մասին է, որտեղ մարդկային կապիտալը հիմնական ռեսուրսն է: Տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքաարդյունաբերության, բոլոր այն ոլորտներում որտեղ բարձր տեխնոլոգիաների ներգրավվածության եղանակով աշխատանք է տարվում, այդտեղ մենք համագործակցության մեծ հեռանկարներ ունենք: Հետաքրքիր է տեսնել, որ Հարավային Կորեայի հայկական համայնքի ներկայացուցիչները հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցներ են: Երիտասարդներ են, ովքեր աշխատում են «Սամսունգ» ընկերությունում: Կրթության, մշակույթի, հումանիտար ոլորտներում ևս համագործակցության հեռանկարներ կան: Բրյուսովի անվան լեզվաբանական համալասարանում գործում է կորեերենի ուսումնասիրման կենտրոնը: Մենք այցի ընթացքում եղել ենք նաև Սեուլի ամենահայտնի համալսարաններից մեկում, որտեղ էլ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մեր համալսարանի հետ համագործակցսությունն ավելի խորանա»,- մանրամասնեց Ֆարմանյանը:

Նա նաև հայտնեց, որ այցի ընթացքում տեղեկացել է, որ առաջիկայում հայ և կորեացի գործարարների հանդիպումներ են լինելու: «Ես այն կարծիքին եմ, որ շփումները երկու երկրների միջև պետք է ավելի ակտիվ շարունակվեն: Հարավային Կորեան այն պետությունն է, որը առաջավոր փորձ ունի ոչ միայն տնտեսական զարգացման, այլ նաև ժողովրդավարության հաստատման առումով, ուստի այդ երկրի հետ կապերը հարկավոր է ավելի ակտիվացնել և, ինչու ոչ, կիրառել տարբեր ոլորտներում առաջընթաց արձանագրելու նրանց փորձը»,- հավելեց պատգամավորը:

Սամվել Ֆարմանյանը մանրամասներ ներկայացրեց Հարավային Կորեա կատարած այցից: «Մենք հանդիպումներ ենք ունեցել Կորեայի Ազգային ժողովի նախագահի, բարեկամության խմբի անդամների հետ: Քննարկումների առանցքում, բնականաբար, եղել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության հետագա ընդլայնումը՝ որպես միջպետական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ: Մենք քննարկել ենք համագործակցության հետագա խորացման հնարավորությունները: Այդ հարցում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հաշվի առնելով, որ սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանի խորհրդարանի դերն էապես փոխվել է, իսկ խորհրդարանը լավ կառավարման տեսանկյունից աջակցության կարիք հետայսու ևս ունի»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:

Ֆարմանյանի տեղեկացմամբ՝ իրենք օգտագործել են առիթը ներկայացնելու ԼՂ հակամարտության վերաբերյալ իրավիճակը: «Մեզ համար շատ տպավորիչ էր լսել, որ բարեկամության խմբի կորեական պատվիրակության ղեկավարը կիսում էր մեր այն կարծիքը, որ կարգավորման հիմքում պետք է ընկած լինի հակամարտության բուն էությունը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը ապրել այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Մեզ համար տպավորիչ էր նաև տեսնել, որ Կորեայի խորհրդարանի մեծ մասը տեղյակ էր մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկին՝ Հայոց ցեղասպանությանը: Ասեմ ավելին՝ ամեն տարի ապրիլի 24-ին Կորեայի խորհրդարանի նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպվում է լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- եզրափակեց պատգամավորը:

Նշենք, որ ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանի գլխավորած պատվիրակություն չորսօրյա աշխատանքային այցով եղել է Հարավային Կորեայում: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը և Թեւան Պողոսյանը: Մարտի 10-ին պատվիրակության անդամները հանդիպել են Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չունգ Ուի Հվայի հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս