Բաժիններ՝

«Ժամանակակից  հանքարդյունաբերությունը կարող է լինել զարգացած, ապահով և բնապահպանական տեսանկյունից լավ կառավարվող». «Գեոթիմ» ընկերության տնօրեն

Ամուլսարում հանքարդյունաբերության համար նախատեսվող շինարարական աշխատանքները սկսվելու են այս տարվա ապրիլ, մայիս ամիսներին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց հանքը շահագործել պատրաստվող «Գեոթիմ» ընկերության գլխավոր տնօրեն  Հայկ Ալոյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Հայաստանում Կանադայի դեսպանատան հետ համատեղ, Երևանում կազմակերպել է հայ-կանադական գործարար համաժողով, որը նվիրված է երկու երկրների գործակցության հետագա հնարավորությունների բացահայտմանը:

Հ. Ալոյանի խոսքով՝ Կանադան աշխարհում առաջատար հանքարդյունաբերող երկրներից է, և այս ֆորումը լավ հնարավորություն է՝ ծանոթանալու կանադական փորձին և նորագույն միտումներին հանքարդյունաբերության ոլորտում: «Որպես Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված ընկերություն՝ «Գեոթիմ» ընկերությունը կիրառում է կանադական և այլ երկրների հանքարդյունաբերության փորձը՝ Ամուլսարի ծրագրում, և կանադական հանքային ծրագրերը լավագույն օրինակն են այն բանի, որ այսօր ժամանակակից  հանքարդյունաբերությունը կարող է լինել զարգացած, ապահով, բնապահպանական տեսանկյունից լավ կառավարվող, ինչպես լինելու է Ամուլսարի հանքավայրը»,- նշեց նա:

Հ. Ալոյանը հայտնեց, որ Ամուլսարի հանքարդյունաբերության և շինարարական աշխատանքներում մասնակցել և մասնակցելու են կանադական ընկերությունները  և մասնագետները:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Ջերմուկի բնակչությունը դեմ է Ամուլսարի հանքավայրի շահագործմանը, և դա համարում են զբոսաշրջության հետ կապված խնդիր։ Հարցին՝ ի՞նչ եք պատրաստվում անել այդ առումով, Հ. Ալոյանը պատասխանեց, որ ընկերությունը աշխատում է համայնքների հետ 2007 թվականից, իրականացնում է սոցիալական ծրագրեր, և այդ ծրագրերի մեջ կա մի ուղղություն, որը նպաստելու է Ջերմուկ քաղաքի տուրիզմի զարգացմանը. «Կարծում եմ, որ հանքի շահագործման ընթացքում մենք նաև կնպաստենք Ջերմուկ քաղաքի տուրիզմի զարգացմանը, և ենթակառուցվածնքերի զարգացմանը»:

Կարդացեք նաև

Ընկերության տնօրենը նշեց, որ իրենք վերականգնել են Ջերմուկի մանկապարտեզը, կուլտուրայի կենտրոնը, նպաստել են ենթակառուցվածների զարգացմանը, և շարունակելու են աշխատել քաղաքի հետ՝ հանքի շահագործման ընթացքում:

Տարբեր համաժողովների ընթացքում հաճախ կրկնվում է այն միտքը, որ հնարավոր է միաժամանակ և՛ արդյունավետ ձևով շահագործել հանքը, և՛ այնպես անել, որ  էկոհամակարգը չվնասվի։ Ինչպե՞ս է «Գեոթիմ»-ը պատրաստվում դա անել։ Այս հարցին ի պատասխան՝ Հ. Ալոյանը պատասխանեց, որ վստահ է՝ իրենց ընկերությունը լինելու է հենց այդպիսի պատասխանատու ընկերություն, որը չվտանգելով էկոհամակարգը՝  ստեղծելու է օրինակելի հանք:

Նա նշեց, որ արդեն մոտ 6 միլիոն դոլար են ներդրել բնապահպանական ուսումնասիրությունների համար. «Իհարկե, և՛ շինարարության ընթացքում, և՛ ծրագրի նախագծման ընթացքում մասնակցել ու մասնակցելու են կանադական ընկերությունները: Կարծում եմ, որ այդ փորձը իրենք կարող են մեզ հետ կիսել»:

Հ. Ալոյանը նաև հայտնեց, որ նախատեսում են սկսել ծրագրի շինարարությունը  այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին։ Այն կտևի 2 տարի, կստեղծվեն ավելի քան 2000 աշխատատեղեր, այնուհետև 10 տարի կտևի հանքի շահագործումը, որի ընթացքում կստեղծվի ավելի քան 700 աշխատատեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս