Իշխանությունը գերխնդիր է սահմանել՝ ազատվել ընտրակեղծիքներից
Մեր զրուցակիցն է Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը
– Պարոն Սահակյան, Ընտրական օրենսգրքի նախագծով նախատեսվող ռեյտինգային քվեարկությունը մեծ քննադատության տեղիք է տվել, դա դիտվում է որպես քողարկված մեծամասնական համակարգ: Ի՞նչ հակափաստարկ ունեք:
– Այդպես չէ, որ քողարկված մեծամասնական է, որովհետև ամենապարզ և ամենահասկանալի փաստն այն է, որ որևէ մեծամասնական ընտրակարգով ընտրված անհատ պատգամավորը չի կարող ընտրվել, քանի դեռ նրան կուսակցությունը չի առաջադրել և քանի դեռ այդ կուսակցությունը համապատասխան տոկոսով ձայներ չի հավաքել: Մեծամասնականի դեպքում, օրինակ, ունենք ինքնառաջադրված և ընտրված պատգամավորներ, որ ունեն մեկ մանդատ, բայց այս դեպքում դա բացառվում է: Օրինակ՝ եթե Հանրապետական կուսակցությունը 5%-ը չհաղթահարի, բայց ՀՀ որևէ ընտրատեղամասում տարածքային ռեյտինգային ցուցակների մեջ ընդգրկվածներից ՀՀԿ թեկնածուն ամենաշատ ձայնը հավաքի, միևնույն է, նա չի կարող պատգամավոր դառնալ: Նույնը վերաբերում է համամասնությանը, թե կուսակցությունը քանի տոկոս ձայներ կհավաքի, որպեսզի դրանք բաժանի տարածքների վրա:
– Իսկ ինչո՞ւ է ցուցակը մեկ ընտրատեղամասի համար, ոչ թե՝ համապետական: Ընդդիմադիրներն ասում են, որ ընտրատեղամասերի ներկայիս ձևով բաժանման դեպքում վարչական ռեսուրսն ազդեցության ավելի մեծ հնարավորություն կունենա:
– Ես համամիտ չեմ, այդ փաստարկները հիմնազուրկ են, դրանք մի բանի են միտված: Մենք մշտապես խոսում ենք կուսակցությունների խոշորացման մասին, և այլն: Մեր այս կարճ պրակտիկայի ընթացքում մի խնդիր է ի հայտ եկել, որ մի քանի հոգով կուսակցություն են բացում, երբեմն նաև միայն թղթի վրա է կուսակցությունը, բայց իրենց դրսևորումները և խոսելը` հսկա քաղաքական թիմից չեն տարբերվում: Կուսակցությունները ժողովրդի մեջ պետք է վստահություն ունենան, որ նաև իրենց ցուցակներում առաջադրեն մարդկանց, որպեսզի հետագայում կարողանան որոշակի քայլեր կատարեն:
Այս առումով կուսակցությունները պետք է մտածեն, որ միայն խոսելով չի, գործով է, ժողովրդի մոտ վստահություն ձեռք բերելով է: Իսկ 13 ընտրատարածքների բաժանելը պայմանավորված է մեր վարչատարածքային բաժանումով, ընտրատեղամասերն էլ ավելի են խոշորացվել և սրա նպատակը հետևյալն է` որպեսզի վերահսկողությունն էլ ավելի արդյունավետ լինի: 41 ընտրատեղամասում վերահսկողություն իրականացնելը շատ ավելի բարդ է, քան 13 ընտրատարածքներում: Հետևաբար, ես կարծում եմ, որ այստեղ որևէ խնդիր չկա, ավելին՝ այս առումով ավելի արդյունավետ կլինի վերահսկողական մեխանիզմի իրականացումը:
– Իսկ ինչո՞ւ ցուցակներն ամբողջ հանրապետության համար չկազմվեն, այլ առանձին ընտրատեղամասերի համար լինեն:
– Դա կլիներ արդեն տիպիկ ռեյտինգային, կլիներ ռեյտինգավորում, թե որ թեկնածուին՝ ինչի համար, և այն:
– Այս դեպքում, օրինակ, Սուրեն Խաչատրյանն իր մարզում շատ ավելի մեծ ազդեցություն և ռեսուրս ունի, ու ինքն այնտեղ առաջատար դիրքերում կլինի:
– Բայց չէ՞ որ կան ձայներ, որ Սուրեն Խաչատրյանին չեն պատկանում, կան ընդդիմության ներկայացուցիչներ, կան այլ հայացքներ ունեցողներ, հետևաբար՝ խնդիր չի լինի: Եթե մարդիկ կարողանան ճիշտ քարոզարշավ իրականացնել՝ ընդգրկելով ճիշտ մարդկանց, նաև ընտրական պրոցեսները կազմակերպելու առումով, չեմ կարծում, որ խնդիր կլինի: Խնդիր կլինի նրանց համար, ում կուսակցությունը միայն թղթի վրա է:
– Շատ է քննադատվում, որ քվեարկությունն էլեկտրոնային չէ, միայն ընտրողների գրանցումն է էլեկտրոնային: Ինչո՞ւ քվեարկության ամբողջ գործընթացն էլեկտրոնային եղանակով չի կազմակերպվում:
– Ի սկզբանե նշեմ՝ մենք բաց ենք՝ բոլոր առաջարկները քննարկելու: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ որևէ նորմ չկա, որն ամենավերջին ճշմարտությամբ ընդգրկված է ԸՕ-ում և փոփոխության ենթակա չէ, բացառությամբ այն նորմերի, որոնք ուղղակի արտացոլում են սահմանադրական նորմերը: Մնացած բոլոր դրույթները մեզ համար քննարկելի և փոփոխելի են:
Էլեկտրոնային քվեարկության հետ կապված՝ ընտրական գործընթացը բաժանենք 3 փուլի, առաջինը՝ ընտրողների գրանցումն է, երբ մուտք են գործում ընտրատեղամաս, երկրորդը՝ բուն քվեարկությունն է, երրորդը՝ հաշվարկի փուլն է 20:00-ից հետո:
Մեր գերխնդիրը, որպեսզի ընտրակեղծիքներից պաշտպանենք, դա կրկնաքվեարկությունները, այլ անձանց տեղը քվեարկությունները, ուրիշի անձնագրով կամ փաստաթղթով քվեարկելը բացառելն է: Եթե էլեկտրոնային գրանցման եղանակը ներդրում ենք այս փուլում, այդ մեղադրանքներից, կեղծիքների մեծ մասից դուրս ենք գալիս, կարծես թե վստահության մթնոլորտը բարձրացնում ենք: Նույնականացման քարտով և կենսաչափական անձնագրով քվեարկության դեպքում մեծ էկանի վրա երևում է նաև քաղաքացու դեմքը՝ նկարը, և բոլորը տեսնում են, որ օրինակ, Սահակյան Հովհաննեսն անձնագրով եկել-ներկայացել է, և այնտեղ իմ նկարն է: Եվ ընտրատեղասում գտնվող բոլորը կարողանում են շատ արագ իդենտիֆիկացնել՝ արդյո՞ք նա տվյալ մարդն է, թե՞ ոչ:
Եվ այստեղ դուրս է գալիս մի կտրոն, որ տվյալ անձը հաշվառված է տվյալ ընտրատեղամասում, և գալիս է հաջորդ փուլը՝ անցնում ես առաջ, քեզ տալիս են քվեաթերթիկը և քվեախցիկում իրականացնում ես ընտրությունդ: Որևէ խնդիր այստեղ չկա: Մենք չենք անցել էլեկտրոնային քվեարկությանը, որովհետև այն բազմաթիվ բարդություններ ունի, և ընդդիմադիր գործընկերներն էլ համակարծիք են, որ դեռ պետք չէ այն ներդնել: Բարդությունն այն է, թե հեռավոր գյուղերում տարեցներն ինչպես են քվեարկելու, երկրորդը՝ վերահսկողության խնդիրն է, որ եթե հանկարծ այդ համակարգը չաշխատի, լուրջ խնդիրներ են առաջանում, իսկ էլեկտրոնային գրանցման դեպքում 13-ից յուրաքանչյուր ընտրատարածքում կլինեն առնվազն 4-5 մասնագետ օպերատորներ, ովքեր խափանման դեպքում շատ արագ կարձագանքեն և խնդիրները կվերացնեն, որպեսզի ևս մեկ էլեմենտ չլինի՝ չվստահելու չափաբաժինն ավելացնելու առումով:
Մեր բոլորի ելակետը` ԸՕ փոփոխությունների քննարկումների ժամանակ պետք է սա կարողանանք ապահովել, և, կարծում եմ, ամեն ինչ նորմալ կլինի:
– Ընտրակեղծիքների մեղադրանքների հիմնական հասցեատերն իշխանությունն է, ընդդիմությունն էլ նշում է, որ վստահության բարձրացման հիմնական պահանջն ընտրություն իրականացրած քաղաքացիների ցուցակների հրապարակումն է: Ինչո՞ւ իշխանությունը դրան չի համաձայնում:
– Սրա մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք և դեռ կխոսենք: Ընտրացուցակների հրապարակայնացնելը նույնիսկ Վենետիկի հանձնաժողովն է նշում, որ, գաղտնիության սկզբունքի առումով, այդքան էլ խրախուսելի միջոց չէ:
– Բայց և արգելված չէ:
– Արգելված ևս չէ, թողնում են ազգային խորհուրդներին, այսինքն՝ պետությունների ներքին խնդիր են դիտարկում և թողնում են, որ երկիրն ինքը որոշի՝ հրապարակո՞ւմ է, թե՞ ոչ: Մենք ունենք նաև ՍԴ որոշում, որտեղ մանրամասն պարզաբանված է, թե ինչու չի կարելի հրապարակել: Բայց մենք այսօրվա օրենսգրքով ունենք բազմաթիվ մեխանիզմներ, որ դա բոլոր շահագրգիռ անձանց սեփականությունն է: Միգուցե լավ չեն հասկացել օրենսգիրքը: Տեսեք՝ եթե ես և դուք որևէ ընտրատեղամասում մեր գործառույթն ենք իրականացում, ես՝ ընդդիմության, դուք իշխանության ներկայացուցիչն եք, ես ունեմ որևէ խնդիր, որ վստահություն չի ներշնչել, կամ կասկածներ ունեմ, որ այստեղ պրոցեսներ են գնացել, պարզ հայերենով կարող եմ արձանագրության մեջ լրացնել կամ պահանջել վերահաշվարկ: Այս դեպքում ընտրացուցակները հասանելի են բոլորին՝ քննարկման առարկա են դառնում ոչ միայն ընտրացուցակները: Հետևաբար՝ այստեղ պետք է մի փոքրիկ գործողություն կատարել: Երկրորդը՝ նոր ԸՕ-ով եթե վստահված անձը կամ դիտորդն ուզում է ծանոթանալ, ոչ թե վերահաշվարկ անել, այլ շատ ավելի պարզ ընթացակարգով՝ միայն ծանոթանալ, կարող է այդ ցանկությունը հայտնել, և իրեն տրամադրեն այդ ցուցակները:
– Բայց շատ կարճ ժամանակով՝ ընդամենը 2 ժամով, իսկ դա բավարար չէ:
– Գիտեք, եթե իմ նպատակն ընդամենը մասնակցություն ունենալը և վերահսկելն է ընտրական պրոցեսները, և ոչ թե այլ պրոցեսներ տանել, ապա ընտրատեղամասերում փակցված են ընտրական ցուցակները, կարելի է նախապես ունենալ դրանք և համեմատության առումով նշել, օրինակ՝ 20 համարը կամ 50 համարը չի մասնակցել ընտրություններին, ունենալ ընդհանուր պատկերը և ընդամենը համեմատություն անցկացնել քվեարկածների ցուցակների հետ: Այդ դեպքում ես չեմ կարծում, որ որևէ խնդիր կա: Ես նորից եմ ասում, որ փորձել են հետաքրքիր թեմա առանձնացնել և տանել առաջ, որ ասեն՝ չեն գնում դրան, որովհետև խնդիր կա: Եթե մենք իդենտիֆիկացնում ենք անձին, որը մտել է տեղամաս, իր ընտրական սահմանադրական իրավունքը փորձում է իրացնել, կարողանում ենք նույնականացնել, ես չեմ կարծում, որ այլևս որևէ այլ խնդիր կա գործընթացում: Եթե դա կարողանում ենք իրականացնել, այլևս որևէ ընտրակեղծիքի մասին խոսելն ավելորդ է: Այլապես դառնում է Գյուլնազ տատի հեքիաթները՝ դե, ուրեմն մի բան մտածած կլինեն: Սա արդեն անճարակությունից, անզորությունից, չաշխատելուց է, Երևանում տարբեր հարթակներն օգտագործելու վատ սովորությունից է:
Պատմական ժամանակաշրջան է, երբ պետք է կարողանանք այս փուլը ճիշտ օգտագործել ու ընտրական մշակույթը ձևավորել և կարողանանք հասարակական վստահությունն ապահովել:
– Կա՞ ուսումնասիրություն, թե այսօր ընտրական համակարգի նկատմամբ վստահությունը որքա՞ն է և ԸՕ ընդունումից հետո որքա՞ն կլինի:
– Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, դա բավականին բարդ ուսումնասիրություն է: Երկրորդը՝ վստահությունը մեր հրապարակային խոսքից է, դրսևորումներից է: Մենք ինքներս պատրաստ ենք լայն քննարկումներ անցկացնել: Արդեն իսկ մարտի 18-ին Պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկումներ կինեն խորհդարանական քաղաքական ուժերի համար, որպեսզի մինչև առաջին ընթերցում ներկայացնենք ԸՕ-ն, այնուհետև հանրային շատ մեծ լսումներ ենք անցկացնելու լիագումար նիստերի դահլիճում մարտի 22-ին, որից հետո արտախորհրդարանական ուժերի հետ ենք քննարկելու, այն հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ ենք քննարկում կազմակերպելու, որոնք գրավոր առաջարկներ են ներկայացրել: Այսինքն՝ մինչև առաջին ընթերցմամբ լսելը հասարակության բոլոր անդամներին հնարավորություն է տրվում, և մենք ամեն ինչ անելու ենք, որ որևէ հարց անպատասխան չմնա: Չի նշանակում, որ բարձրացված հարցերը վերին ատյանի ճշմարտություն են, եթե մերժելու ենք, ապա՝ լիովին հիմնավորված: Այնպես որ, այս քայլերն են նաև, որ վստահության մակարդակը բարձրացնելու են: