Բանականությամբ Ռուսաստանին չես հասկանա

Հայկական սոցիալական ցանցերը նորից թնդում են: Նորից պատճառը մեր ռազմաքաղաքական գործընկեր Ռուսաստանն է: Վերջին մեկ ամսում Ռուսաստանի «թեթև» ձեռքով մեր բանակն ու սպառազինությունը նախ՝ հայտնվում է ադրբեջանական պաշտոնական շրջանակների ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ապա բուռն ու իրարամերժ քննարկումներ են սկսվում մեր սոցցանցերում ու մամուլում:

Փետրվարի 18-ին Ռուսաստանը հրապարակեց 2015-17թթ. Հայաստանին 200 մլն ընդհանուր արժեքով տրամադրվելիք սպառազինության ցուցակը: Ռազմական ու միջազգային հարցերի փորձագետ չլինելով, կհանդգնեմ պնդել, որ երկրորդ նման հրապարակում չեմ հիշում: Ոչ մի երկիր երբեք սպառազինության վաճառքի մանրամասն ցուցակ չի հրապարակում: Դա միայն ռազմական գաղտնիք չէ, որի պահպանումն առաջին հերթին ձեռնտու է սպառազինությունը ձեռք բերող երկրին:

Դա նաև առևտրային գաղտնիք է, որի պահպանումը պիտի որ հետաքրքրի հիմնականում վաճառող երկրին: Տեսեք՝ հայտնի էր, որ 2015թ. ամռանը Հայաստանն ու Ռուսաստանը 200 մլն դոլար ընդհանուր արժեքի պայմանագիր են կնքել: Իսկ փետրվարի 18-ին հրապարակվեց մեզ վաճառվող սպառազինության ամբողջական ցանկը:

Այսինքն՝ ցանկացած երկրի լուրջ փորձագետ կարող է հաշվարկել, թե որ զինատեսակն ինչ գնով է ՌԴ-ն վաճառում Հայաստանին: «Ինչո՞ւ հրապարակվեց այդ ցուցակը» հարցն այդպես էլ տրամաբանական պատասխան չունեցավ: Իսկ մարտի 9-ին Ռուսաստանի «Ռազմաքաղաքական տեղեկատու» շաբաթաթերթը հոդված հրապարակեց Հայաստանի և ԼՂՀ բանակների մասին: Շաբաթաթերթի հրատարակիչը «Քաղաքական և ռազմական հետազոտությունների ինստիտուտն» է:

Հոդվածը հեղինակել է ոմն Ալեքսանդր Խրամչիխին: Նա այդ ինստիտուտի փոխտնօրենն է: Ռուսական Վիկիպեդիայի տվյալներով՝ Խրամչիխինն ավարտել է ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը և զբաղվում է քաղաքագիտությամբ: Պարոնը, պարզվում է, բավական վախեցած է Չինաստանից՝ այդ երկիրը համարելով Ռուսաստանի միակ իրական վտանգը: Դրան գումարած՝ ֆիզիկոս-քաղաքագետ-քաղաքական տեխնոլոգը բավական հոռետեսական վերաբերմունք ունի Ռուսաստանի Զինված ուժերի ու ռազմաարդյունաբերական համակարգի նկատմամբ:

Կարճ ասած՝ նրա կարծիքով՝ Ռուսաստանն ի վիճակի չէ ժամանակակից տեխնոլոգիական զինատեսակներ արտադրել, իսկ բանակն ամենևին էլ մարտունակ չէ: Նման կարծիքի տեր փորձագետը հոդված է հրապարակել մեր բանակի մասին: Ամենացնցող փաստն այն է, որ մանրամասն նկարագրված է մեր բանակի կառուցվածքն ու առկա սպառազինությունը՝ ըստ կորպուսների: Նշված է` որտեղ քանի տանկ կա, քանի հրանոթ ու զրահամեքենա՝ ըստ մոդելների: Դժվար է ասել, թե հեղինակի բերած թվերը որքանով են համապատասխանում իրականությանը:

Այդ տվյալներին տիրապետող համապատասխան պաշտոնյաներն ու բարձրաստիճան զինվորականները հրապարակած հոդվածը կարդալուց, հարկավ, անակնկալի են եկել: Կամ էլ, ինչպես մեր նախագահը կասեր, «քահ-քահ ծիծաղում են»: Իսկ մենք՝ սովորական քաղաքացիներս, այդպես էլ չենք կողմնորոշվում լա՞լ, թե՞ խնդալ: Վաճառվող սպառազինության ցանկի հրապարակման պարագային պաշտոնական ոչ մի բացատրություն կամ կարծիք չհնչեց:

Դժվար չէ ենթադրել, որ Խրամչիխինի հրապարակած հոդվածն էլ պաշտոնական պատասխանի չի արժանանա: Բայց սույն պարոնը հոդվածում մի քանի հետաքրքիր ու տարօրինակ պնդումներ ունի: Նա մի կողմից՝ գրում է, որ մեր բանակն իր «բարոյահոգեբանական ու մարտական ոգով լավագույնն է Անդրկովկասում»: Նշում է. որ ղարաբաղյան բանակի սպառազինության մասին ստույգ տվյալներ չունի, բայց վստահ է, որ նա «չի զիջում հայաստանյան բանակին»:

Հայտնի է, որ 2011-15թթ. ընթացքում ամենաշատ զենք ներմուծած երկրների ցանկը գլխավորում է Ադրբեջանը: Անգամ այս փաստը հաշվի առնելով՝ ռուս փորձագետը գրում է, որ «Հայկական բանակն ի վիճակի է կասեցնել ադրբեջանական ոտնձգությունները»: Հոդվածում նույնքան մանրակրկիտ ներկայացնելով Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի սպառազինությունը՝ ավելացնում է. «Փաստ չէ, թե 102-րդ ռազմաբազան կօգնի պաշտպանել Ղարաբաղը, բայց միանգամայն հստակ է, որ նա Երևանի կողմից կռվելու է, եթե Ադրբեջանը կամ Թուրքիան հարձակվեն Հայաստանի վրա»: Ռուս քաղտեխնոլոգ-քաղաքագետը նաև վստահ է, որ ռուս-թուրքական հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանը ներքաշվելու է Թուրքիայի դեմ պատերազմի մեջ: Ըստ նրա՝ ռուս-թուրքական շահերը Մերձավոր Արևելքում ոչ թե տարբեր են, այլ տրամագծորեն հակառակ են:

Ռուս-թուրքական հնարավոր պատերազմի դեպքում, անգամ, եթե թուրքերը չուզենան արևելյան ճակատ բացել, միևնույն է, Գյումրիի ռուսաստանյան բազան ներքաշվելու է, իսկ «Երևանի համար դա չափազանց բարդ ընտրություն է, բայց այն շրջանցելն անհնար է»: Հետաքրքիր է, որ նման աշխարհաքաղաքական հեռանկարներ նկարագրող փորձագետը նույնպիսի մանրամասնությամբ նախորդ հոդվածում ներկայացրել էր թուրքական բանակն ու սպառազինությունը:

Սույն մասնագետը փորձագետի կարգավիճակով հաճախ է մասնակցում ռուսաստանյան հեռուստատեսության ու պետական ռադիոկայանների հաղորդումներին: Անհասկանալի է, բայց Ռուսաստանի մասին ամենաօբյեկտիվ գնահատականները հաճախ հենց իրենք՝ ռուսներն են տալիս: Տյուտչևը, օրինակ, վստահ էր, որ «Բանականությամբ Ռուսաստանին չես հասկանա»:

Շշմելու ճիշտ է ասված, անկախ նրանից, թե հետո ինչ էր պնդում պոետը: Ի վերջո, բանաստեղծ լինելուց զատ՝ նա նաև Ռուսաստանի արտգործնախարարության բարձրաստիճան չինովնիկ էր ու հմուտ դիվանագետ:

Տեսանյութեր

Լրահոս