Բաժիններ՝

Հարկային օրենսգիրք. Վնասե՞լ, թե՞ բարելավել գործարար միջավայրը

Անցած տարի հոկտեմբերի սկզբին կառավարությունը հավանության արժանացրեց Հարկային օրենսգրքի նախագիծն ու որոշեց, որ այն արդեն կարելի է քննարկել հանրային հատվածի, շահագրգիռ կազմակերպությունների հետ: Դրանից հետո պարբերաբար հայտարարվում է, վարչապետի մոտ քննարկումներ են ընթանում օրենսգրքի շուրջ, ինչ-որ առաջարկներ են ներկայացվում, ընդունվում կամ չեն ընդունվում: Նախատեսվում է, որ Հայաստանում միասնական հարկային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018թ.-ին: Այն լուրջ փոփոխություններ կբերի հարկային քաղաքականության, ընթացակարգերի ու վարչարարության առումով:

Գործարար աշխարհը բազմաթիվ խնդրահարույց դրույթներ է մատնանշում օրենսգրքում: Պարզվում է՝ դրանում մի շարք անընդունելի, բազմիմաստ սկզբունքներ կան, որոնց դեպքում անորոշությունների առկայությունը հայեցողական որոշումների հնարավորություն է ընձեռում, հետևաբար՝ հնարավոր կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Խնդրահարույց է անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգը: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի գործող խմբագրության բովանդակությունից (հաշվառում չվարելու կամ կոպիտ խախտումներով վարելու կամ ակնհայտ կեղծ տվյալներով հաշվարկներ հարկային մարմին ներկայացնելու դեպքերում) բխում է, որ հարկային մարմնին հարկ վճարողի հարկային պարտավորություններն անուղղակի եղանակով հաշվարկելու իրավասություն տրված է բոլոր այն դեպքերում, երբ հարկ վճարողն ըստ էության թերհայտարարագրում է իրական գործարքներից բխող հարկային պարտավորությունները և հարկային մարմնի տրամադրության տակ եղած գործիքակազմով հնարավորություն չի ունենում գնահատել իրական գործարքները և միայն այդ դեպքում է կիրառում անուղղակի եղանակներով գնահատման հնարավորությունը:

Մինչդեռ, նախագծով նախատեսված մոտեցումները և գործիքակազմը, որոշ դեպքերում, որևէ առնչություն չունեն իրական գործարքներից բխող հարկային պարտավորությունների հաշվարկման հետ:

Նախագծով անուղղակի եղանակով հարկային պարտավորությունները հաշվարկելու իրավասություն նախատեսված է այնպիսի դեպքերի համար, որոնք ըստ էության որևէ առնչություն չունեն կեղծ տվյալների ներկայացման դեպքերին:

Նախագծով նախատեսված սահմանումների ընդհանրական և երկիմաստ բովանդակությունն անսահման հնարավորություն է ընձեռում անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման համար, և նախագծի ընդունման և դրա դեֆորմացված կիրառման արդյունքը կարող է լինել հարկ վճարողների իրական գործարքների մասով պետության կողմից կողմնորոշիչ գների կիրառումը կամ ներմուծվող ապրանքների համար մաքսային ոլորտում կողմնորոշիչ գների կիրառման տեղայնացումը հարկային ոլորտում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային մարմնի ներկայիս գործելաոճը հաճախ հարկ վճարողների հիմնավոր դժգոհությունն է առաջացնում, նախագծով նախատեսված հայեցողական որոշումների անսահմանափակ հնարավորության պայմաններում, նույն գործելաոճի պայմաններում կարող է էապես վատթարացնել երկրի բիզնես միջավայրը:

Եթե այնուամենայնիվ, նախագծի նպատակը մաքսային ոլորտում կողմնորոշիչ գների կիրառման տեղայնացումն է իրացման գործարքների համար ևս, ապա, եթե ներմուծման ժամանակ հարկ վճարողը հնարավորություն է ունենում տեղեկանալ կողմնորոշիչ գներին, ներքին գործարքների դեպքում նման հնարավորությունը բացակայելու դեպքում կարող է փաստի առաջ կանգնել, և ոչ միայն՝ ծանրաբեռնվել իրական հարկային պարտավորություններին չառնչվող նոր հարկային պարտավորություններով, այլ նաև՝ պատասխանատվության ենթարկվել պակաս հաշվարկվող հարկի գումարից հաշվարկվող տուգանքների գումարի չափով:

Անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի հստակեցումն անհրաժեշտ է իրականացնել արդեն իսկ ամրագրված սկզբունքների և գործիքակազմի շրջանակներում՝ հարկ վճարողներին զերծ պահելով նոր իրավակարգավորումներից, հակառակ պարագայում նախագծի ընդունումն էապես կարող է վնասել գործարար միջավայրին: Թե որքանո՞վ կառավարության համար ընդունելի կլինեն մասնավոր հատվածի դիտարկումներն ու առաջարկները, պարզ կլինի օրենսգրքի վերջնական հաստատումից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս