«Ռուսաստանը սխալ է գործել, և այդ սխալը մեզ վրա թանկ է նստելու». Մոդեստ Կոլերով

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց է տվել «Կոմերսանտ» թերթին, որտեղ, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության խնդիրներին, ապա մարտի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարելիք պաշտոնական այցին։ «Մեր երկրների ղեկավարների հերթական հանդիպումն ուղղված կլինի նրան, որ քննարկվեն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններն ու նախանշվեն քայլերը, որոնք կուղղվեն մեր դաշնակցային ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը»,- ասել է Նալբանդյանը։

Սակայն հայկական մամուլում այցի օրակարգի վերաբերյալ տարբեր սցենարներ են շրջանառվում։ «168 Ժամն» այս առնչությամբ զրուցել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուս քաղաքական վերլուծաբան, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ:

– Ուշագրավ է այն, որ այցը տեղի է ունենալու Հայաստանում կայացած ներքաղաքական փոփոխությունների` դեկտեմբերի 6-ի հանրաքվեի, ԸՕ փոփոխությունների, ՀՅԴ-ի հետ կոալիցիայի ֆոնին, և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի երևանյան այցից հետո։ Ինչպե՞ս են Կրեմլում ընկալվում ՀՀ նախագահի քայլերն ու որոշումները։ Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն է լինելու այցի օրակարգը։

– Առաջին հերթին՝ Կրեմլում ավանդաբար քիչ են հետաքրքրվում Հայաստանի ներքին քաղաքականությամբ։ Ես նույնիսկ կարող եմ ասել, որ Մոսկվայում վստահություն կա այն ամենի նկատմամբ, ինչն այս դեպքում անում է Սերժ Սարգսյանը։ Երկրորդ` Դաշնակցության հետ կոալիցիան նորություն չէ, քանի որ այն ժամանակ առ ժամանակ նորացվում է, և դրանում որևէ նորություն չկա։ Երրորդ` չնայած Ռոբերտ Քոչարյանի բարձր և տեսանելի դիմադրությանը, սահմանադրական բարեփոխումներն ընդունվեցին, ինչը ոչ մի տեսակի ոչ միայն՝ բողոքի, այլև՝ մեկնաբանության չարժանացավ Մոսկվայում։

Այսինքն` այս տեսանկյունից Սերժ Սարգսյանը և՛ վստահություն, և՛ քարտ-բլանշ ունի։ Ինչ վերաբերում է օրակարգին, ապա ես կարծում եմ, որ օրակարգի գլխավոր բաղադրիչը կլինի Եվրասիական տնտեսական միության ներսում տիրող իրավիճակը և հեռանկարները, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, այդ թվում՝ «Իսլամական պետությունը», Անկախ Քրդստանի ձևավորման հեռանկարը։ Անկասկած, քննարկման առարկա կդառնան ռուս-թուրքական հարաբերությունները և դրանում Հայաստանի, ՌԴ-ի գործընկերային պարտավորությունները։ Ակնհայտ է, որ կքննարկվի իրավիճակը ԼՂՀ հակամարտության շուրջ, և այն բանի սպառնալիքը, որ Թուրքիան գուցե մղի Ադրբեջանին երկրորդ ճակատի բացմանը, ինչպես՝ Հայաստանի, այնպես էլ՝ ՌԴ-ի դեմ։ Բավականին հարուստ ու լավ, հասուն ու պատասխանատու օրակարգ է լինելու։ Վստահ եմ, որ օրակարգի բոլոր կետերի հարցում Ռուսաստանն ու Հայաստանը տեղին ու ճիշտ, նույնիսկ գործընկերային որոշումներ են կայացնելու։

– Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը Կրեմլում բարձրացնի գազի գնի հարցը, քանի որ, ինչպես գիտեք, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գազի գինը Հայաստանի համար իջեցնելու խնդրանք-նամակով դիմել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։ Ռուսաստանը պատրա՞ստ է ընդառաջ գնալ այս խնդրանքին, եթե պնդում եք, որ գործընկերային որոշումներ են կայացվելու։

– Հայաստանի և Ռուսաստանի միջև առաջացող բոլոր տնտեսական հարցերն արդեն քննարկվում են ԵՏՄ ձևաչափում, ուստի նման քննարկումների համար որևէ խնդիր չկա, հատկապես, եթե հաշվի առնենք, որ ՀՀ ներկայացուցիչն է առաջիկա տարիներին ղեկավարելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Այսինքն` Հայաստանը, առավել, քան երբևէ, պատրաստ է նման հարցերի քննարկմանը։

– Իր փետրվարյան հայտնի ելույթում ՀՀ նախագահը խոսել էր նաև Հայաստանի տնտեսական հեռանկարների` նոր շուկաների հետ համագործակցության անհրաժեշտության մասին, այնինչ Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարությունը Եվրասիական տնտեսական միությանն առաջարկել է զբաղվել ներմուծման փոխարինմամբ։ Հայաստանի ղեկավարի այս ցանկություններն ու ԵՏՄ զարգացումները որքանո՞վ են համադրելի՝ ըստ Ձեզ։

– Դուք շփոթում եք։ Ներմուծման փոխարինումը ներմուծման հետ գործ ունի, իսկ նոր շուկաների փնտրտուքն արտահանման հարց է, դրանք իրար չեն հակասում։ Իսկ ինչ վերաբերում է նոր շուկաներ գտնելու գաղափարին, ապա դա ուտոպիա է, փոխադարձ առևտուրը ԵՏՄ երկրների միջև փոքրանում է, դա խնդիր է, թվում է, թե ԵՏՄ-ի ներսում առևտրի համար ամենահարմարավետ պայմաններն են ստեղծված, սակայն դրանք չեն օգտագործվում։ Եթե դու չես օգտագործում այդ հնարավորությունները, ապա, թեկուզ Լուսին թռչես, ոչ մի տեղ լավ չի լինելու։ Պետք է վերցնել այն շուկան, որը քեզ համար հարազատ է, և օգտագործել այն լավագույնս, մնացածն ուտոպիա է։

– Պարոն Կոլերով, Սերժ Սարգսյանի հայտնի ելույթին հաջորդեց «Ազատություն» ռադիոկայանին տրված ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցի հրապարակումը, որում նա խոսել էր Ռուսաստանի նկատմամբ իր հատուկ զգացմունքների մասին։ Սա Հայաստանում պատահական չհամարեցին՝ մտածելով, թե երկրորդ նախագահն իր թեկնածությունն է առաջարկում Մոսկվային։ Դուք ի՞նչ եք կարծում այս մասին։

– Սահմանադրական բարեփոխումների արդյունքում նախագահի պաշտոնը ոչ մի իմաստ չունի, նույնիսկ վարչապետի, ԱԺ նախագահի` ևս։ Միակ պաշտոնը, որն իմաստ ունի Հայաստանի նոր իշխանական համակարգում, կուսակցության ղեկավարի պաշտոնն է, իսկ դա մեկն է։ Կարծում եմ՝ հարգարժան Ռոբերտ Սեդրակիչի բոլոր կարևոր դիտարկումների պայմաններում նույնիսկ՝ իշխանություն նրա վերադարձի համար տարածք չկա, քանի որ, չէ՞ որ նա չի վերադառնա ենթակա դիրքեր, ճիշտ չէ՞։

– Դուք արդեն ասացիք, որ ՀՀ նախագահի այցի ընթացքում քննարկվելու են ռուս-թուրքական հարաբերությունները և Հայաստանի գործընկերային պարտավորությունները, որոնք անհանգստացնում են հայաստանյան փորձագիտական հանրությանը։ Ինչպիսի՞ դեր է Կրեմլը վերապահում Հայաստանին Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում։

– Կա գլխավոր դերակատարություն, որը Հայաստանը պետք է իրականացնի յուրաքանչյուր իրավիճակում` պաշտպանվել և պահպանվել։ Ոչ մեկը ՀՀ-ին այլ դերակատարություն առաջարկել չի կարող։ Դա ակնհայտ է։ Մերձավոր Արևելքի նախկին աշխարհագրության փլուզման պայմաններում և Թուրքիայի ապագա կործանմանն ընդառաջ՝ միշտ շրջանառության մեջ է դրվելու բացասական ռազմական, ահաբեկչական, միգրացիոն էներգիա այդ տարածաշրջանից, ինչն ամեն դեպքում Հայաստանին վերաբերելու է։ Ինքը` Հայաստանը, նորագույն, ժամանակակից պայմաններում չի կարող ինքն իրեն պաշտպանել, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն չեն կարող աջակցել ՀՀ-ին՝ պաշտպանել իրեն, քանի որ նրանք չկարողացան և չցանկացան օգնել Թուրքիային` ՆԱՏՕ-ի անդամին Քրդստանից։ Ուստի ՌԴ-ի հետ գործընկերությունը, թեկուզ ռազմական ոլորտում, չունի այլընտրանք։

– Բայց Հայաստանում կան անհանգստություններ այդ կապակցությամբ՝ պայմանավորված Ռուսաստան-Ադրբեջան ռազմական գործարքներով։

– Այո, կան խնդրահարույց հանգամանքներ այդ հարցում։ Այո, Ռուսաստանն առաքում է ծանր սպառազինություն Ադրբեջանին, դա սխալ է, ես միշտ ասել եմ ու ասել եմ ամեն անգամ, երբ անհրաժեշտ է եղել դա ասել։ Ռուսաստանը սխալ է գործել և այդ սխալը մեզ վրա թանկ է նստելու։

Տեսանյութեր

Լրահոս