«ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագիրը չի կարող համարժեք լինել Ասոցացման համաձայնագրին»․ եվրոպացի վերլուծաբան
«Հայաստանի արտաքին քաղաքականությունը սահմանափակող գործոնները շատ են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի (Վիլնյուս) Քաղաքական վերլուծության և ուսումնասիրության բաժնի ներկայացուցիչ, հեղինակավոր եվրոպացի վերլուծաբան Լինաս Կոժալան` խոսելով ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագրի ու ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի մասին։ Ըստ նրա, ծրագրի շուրջ ԵՄ-ում առկա տարաձայնությունները շարունակվում են, քանի որ ԵՄ անդամ երկրներից մի քանիսն ԱլԳ երկրների համար ԵՄ-ի ուղղությամբ զարգացման մի ուղի են պատկերացնում, մյուսները՝ մեկ այլ։
Այնուամենայնիվ, բարեփոխումների իրականացման հարցում, նրա խոսքով, բոլորը միակամ են՝ ԱլԳ բոլոր երկրները պետք է բարեփոխվեն, որից հետո կարելի է մտածել նրանցից մի քանիսին անդամակցության հեռանկար տրամադրելու մասին։ Ծրագիրը, ըստ Կոժալայի, ունի չլուծված խնդիրներ՝ անբավարար միջոցներ, ԵՄ անդամակցության հեռանկարի բացակայություն։ Ամեն դեպքում, Կոժալան նշեց, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները դասեր են քաղել ուկրաինական իրադարձություններից՝ փորձելով լսել յուրաքանչյուր երկրի առաջարկներն ու խնդիրները, ինչը բավականին լուրջ առաջընթաց պետք է համարել։ Այս ամենը, նրա համոզմամբ, կիրականացվի, որքան որ թույլ կտան ԵՄ-ի խնդիրները, այդ թվում՝ փախստականների ճգնաժամն ու ԵՄ որոշ անդամ երկրների խնդիրները։ «Չեմ կարծում, որ ընդարձակ, Ասոցացման համաձայնագրին համարժեք կլինի ԵՄ-Հայաստան ներկայումս բանակցվող փաստաթուղթը, քանի որ ներկայումս Հայաստանին սահմանափակող գործոնները շատ են, այդ թվում՝ ԼՂ հակամարտությունը։ Հակամարտության առկայությունը երկրի արտաքին քաղաքականության համար արդեն իսկ մեծ բեռ է:
Նույն խնդիրը կա ինչպես՝ Հայաստանում, այնպես էլ՝ Մոլդավայում, Ուկրաինայում։ Ռուսաստանն օգտագործում է հակամարտությունները՝ այս երկրներին Արևմուտքից հեռու պահելու նպատակով։ ԵՄ-ն դեռ չի կարողանում արձագանքել այս մարտահրավերին, քանի որ դրա համար անհրաժեշտ է այս երկրների համար անվտանգության երաշխիքներ տրամադրել, այնինչ ԵՄ-ն դա անել չի կարող։ ԵՄ շատ անդամ երկրներ կարծում են, որ երկիրն իր անվտանգության մակարդակը կարող է բարձրացնել՝ բարեփոխվելով։ ԵՄ անդամ երկրների մեծամասնությունն այն կարծիքին է, որ ԵՄ-ն չի կարող ինքը միջամտել ու լուծել հակամարտությունը, հատկապես, երբ ԵՄ-ն Հարավային Կովկասը ռուսական ազդեցության գոտի է համարում, ուստի փորձում է հեռու մնալ և չմիջամտել մեծ թափով այդ տարածաշրջանի խնդիրներին»,- ասաց Լինաս Կոժալան։ Վերջինս, սակայն, վստահություն հայտնեց, որ Հայաստանն ու Եվրոպական միությունն իրենց հարաբերությունները կամրագրեն համաձայնագրում՝ առավելագույն խորությամբ, ինչը թույլ է տալիս ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, քանի որ երկու կողմերը շահագրգիռ են այդ հարցում։