«Մուլեն Ռուժ». ոչ պաշտոնական հասարակաց տնից` մինչև համաշխարհային ճանաչում ունեցող «մյուզիք-հոլ»
Դա հիասքանչ և թեթևամիտ դարաշրջան էր, անփութության և անհոգության ժամանակ, յուրահատուկ ժամանակաշրջան Ֆրանսիայի պատմության մեջ. կարճատև դադարի պահ երկու պատերազմների միջև` երկու հարյուրամյակների սահմանագիծը: Սոցիալական պատնեշները փլուզվեցին, և արդյունաբերական հեղափոխությունը բոլորին ավելի լավ կյանքի հույս սկսեց տալ: Այս մթնոլորտում գերազանց ներգծվում էր առաջին կաբարեների ի հայտ գալը, այնպիսիների, ինչպիսին էր «Մուլեն Ռուժը» («Կարմիր Ջրաղաց»):
Ֆրանսիացիներն ասում են. «Ով եղել է Փարիզում և չի այցելել «Մուլեն Ռուժ», նա չի կարող մինչև վերջ հասկանալ, թե ինչ է Փարիզը»:
1889թ. հոկտեմբերին Փարիզի ամենաբարձր բլուրի` Մոնմարտրի վրա մեծ հանդիսավորությամբ բացվեց «Մուլեն Ռուժ» կաբարեն: Դրա սեփականատերեր Ժոզեֆ Օլլերն ու Շառլ Զիդլերը նույնիսկ իրենց ամենալավատեսական կանխագուշակություններում պատկերացնել չէին կարող, որ իրենց կաբարեն 100 տարի հետո կդառնա Փարիզի տուրիստական ամենաբարձր հաճախելիություն ունեցող վայրը:
Կաբարեի մուտքի մոտ կառուցեցին մեծ կարմիր ջրաղաց (ժամանակին Մոնմարտրում կային միայն խաղողի այգիներ և ջրաղացներ): Ժամանակի ընթացքում այդ կարմիր ջրաղացը դարձավ «Մուլեն Ռուժի» այցեքարտը և Փարիզի գիշերային կյանքի իկոնան:
Իր գոյության հենց սկզբից կաբարեն ձեռք բերեց վատ համբավ: Այստեղ կարելի էր գտնել ափիոն և աբսենտ, իսկ տեղացի գեղեցկուհիների մեջ կային ոչ միայն՝ պարուհիներ, այլ նաև՝ պոռնիկներ: Տոնի և էյֆորիայի ընդհանուր մթնոլորտում այստեղ ուրախանում էին արիստոկրատները, նկարիչները, բուրժուան և ցածր դասի ներկայացուցիչները:
«Մուլեն Ռուժի» առաջին աստղերից էին Լուիզա Վեբերը` Լա Գուլիու` շատակեր մականունով (շատ էր սիրում ուտել և խմել հաճախորդների հաշվին) և Ջեյն Ավրիլը` Լուիզայի մշտական մրցակցուհին: Լա Գուլիուին անվանում էին «կանկանի թագուհի»: Ըստ լեգենդի, մի անգամ, կատարելով պարային պա, նա սրահում նկատում է Ուելսի արքայազնին և բացականչում է. «Էյ, Ուելս: Քեզանից՝ շամպայն»: Կաբարեի մշտական այցելուներից էր ֆրանսիացի հայտնի նկարիչ Անրի դե Թուլուզ-Լոտրեկը` «Մուլեն Ռուժի» աֆիշների և Լա Գուլիուի ու Ջեյն Ավրիլի դիմանկարների հեղինակը:
Պարային շոուները «Մուլեն Ռուժում» միշտ պրովոկացիոն և էպատաժային են եղել, չնայած ի սկզբանե այստեղ մերկապար չէին պարում. 19-րդ դարի վերջում դա աներևակայելի կլիներ: Իսկ այն ժամանակ կանկանը ևս համարվում էր գռեհիկ պար և առաջացնում էր պարկեշտ փարիզեցիների զայրույթը:
Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում կաբարեն փակ է եղել, սակայն դրանց ավարտից հետո միշտ վերսկսել է իր աշխատանքը: 1944թ.-ից այստեղ սկսում են ելույթ ունենալ Էդիթ Պիաֆը և Իվ Մոնտանը: Այդ ժամանակներից «Մուլեն Ռուժը» վերածվել է համաշխարհային ճանաչում ունեցող մյուզիք-հոլի, ամեն տարի այստեղ այցելում են հազարավոր զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից: Այսօր էլ կաբարեի ավանդական ատրիբուտները մնում են անփոփոխ` շքեղ դեկորացիաներ, անհավանական թանկ բեմադրություններ, էքստրավագանտ հագուստներ և ամենագեղեցիկ աղջիկները:
Այսօր «Մուլեն Ռուժն» էլիտար մյուզիք-հոլ է, իսկ 19-րդ դարի վերջում այն եղել է Փարիզի բոհեմի սիրելի վայրը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը