«Ռոբերտ Քոչարյանը չի համարվում քաղաքական շուկայի մասնակից». Ալեքսանդր Իսկանդարյան

«Ռոբերտ Քոչարյանը չի համարվում քաղաքական շուկայի մասնակից, դրա մասնակիցը լինելու համար պետք է ունենալ լուրջ քաղաքական պարտիա, լուրջ փողեր, կամ լուրջ դիրքեր ունեցող չինովնիկ լինել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ թեկուզ որոշ շշուկներ կան՝ Քոչարյանը լուրջ ֆինանսական կարողություն ունի, բայց մյուս երկուսից ոչ մեկը նա չունի.

«Այնպես որ, նրան չեմ տեսնում՝ քաղաքական պայքարի լուրջ մասնակից, բայց դա չի նշանակում, որ այդպիսին չի դառնա, ինչո՞ւ ոչ: Մենք օրինակը տեսել ենք, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տասը տարի տանը նստած գրքեր էր գրում, այգեգործությամբ էր զբաղվում, իսկ հետո վերադարձավ քաղաքականություն: Քոչարյանը բավական երիտասարդ է, էներգիայով լի, ապագայի համար ոչինչ հերքել հնարավոր չէ, բայց այսօր նա քաղաքական շուկայի մաս չէ: Երբ նա հարցազրույցներ է տալիս, ես չեմ հասկանում, թե ինչու են դրանք այդքան քննարկվում»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ երևի խարիզմատիկ կերպար է, նա այսպես արձագանքեց.

«Այո, երևի նա խարիզմատիկ մարդ է, ինձ թվում է, որ մեկնաբանները հանձնարարություն պետք է ունենան՝ նկարագրել ռեալ իրավիճակը, իսկ մեկնաբաններ ես անվանում եմ այն մարդկանց, որոնք իրենց քաղաքագետ են համարում»:

Իսկ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին լրագրողների հարցին Ա. Իսկանդարյանն այսպես պատասխանեց.

«Այն, ինչի մասին ես խոսում էի, պարոն Ծառուկյանի հետ արդեն կատարվել է: Նրան հնարավորություն է տրվել զբաղվել բիզնեսով, որով և նա զբաղվում է, իսկ քաղաքականությամբ նա չի զբաղվում: Նրա՝ քաղաքականությունից հեռացումը տեղավորվում է այն սխեմայի մեջ, որի անդամ, ինչպես ես ասացի, նա չի համարվում: Նա առաջվա նման զբաղվում է բիզնեսով, առաջվա նման ունի մեծ հնարավորություններ, բայց քաղաքական լուրջ քաշ այլևս չունի: Այդ մարդիկ իրենց առաջ հանձնարարություն են դրել՝ այնպես անել, որպեսզի այս իրավիճակն ավելի ընդհանուր դառնա ու չվերաբերի միայն պարոն Ծառուկյանին»:

Տեսանյութեր

Լրահոս