«Սերժ Սարգսյանը նախապատրաստվում է իր հեռանալուն». Ալեքսանդր Իսկանդարյան
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, ասաց, որ տեղի են ունենում հետաքրքիր իրադարձություններ, որոնք ըստ նրա՝ սպասելի էին.
«Սա կարելի է անվանել էլիտային էվոլյուցիայի փորձ, այսինքն՝ էլիտայի կազմի փոփոխություն, կամ վերակառուցում: Այս պրոցեսն սկսվել է 2010-11թթ., երբ հայկական էլիտայում եղան առաջին լուրջ փոփոխությունները, հետո Հովիկ Աբրահամյանի գալուստով այդ պրոցեսում դադար եղավ, ու հիմա սա կարելի է համարել հնի շարունակություն: ՀՀԿ-ականները վերցրել են բոլոր քաղաքական հարթակները երկրում, բայց լուրջ դիրքեր չունեն: Հակասությունները առաջանում են նրանց ներսում, այն, ինչ կա նրանց միջև, իշխանության ներսում խնդիրներ են»:
Ըստ նրա՝ փորձ է արվում օլիգարխիան անջատել քաղաքականությունից.
«Սա չի նշանակում, որ օլիգարխիան դադարում է օլիգարխիա լինելուց, նրանք առաջվա նման բիզնեսը միմյանց միջև բաժանելու են: Բայց քաղաքականության մեջ հաղթում է այն հոսանքը, որը ես կանվանեի բյուրոկրատական: Մարդկանց, ում նախագահը բերում է քաղաքականություն, ավելի շատ չինովնիկական ուղղվածություն ունեն, քան սեփական բիզնես-մենեջերական: Այս փորձը չգիտեմ՝ որքանով հաջողված կլինի, որովհետև այսպիսի պայքարները դժվար են, քանզի իշխանությունները պայքարում են համակարգի ներսում՝ իրենք իրենց դեմ»:
Ըստ նրա՝ այս փոփոխությունները հիմա են կատարվում, որովհետև Սերժ Սարգսյանի ձեռքերը քիչ թե շատ կապված են.
«Բոլոր ընտրություններն անցել են, հանրապետականները վերցրել են ամեն ինչ, հանրաքվեն է անցել, լինելու են ընտրություններ, իսկ դրանից հետո նա դադարելու է լինել նախագահ, դրա հետ մեկտեղ՝ վարչապետը լրիվ այլ մարդ է լինելու, ամեն ինչ այլ կերպ է լինելու և Սերժ Սարգսյանը հիմա նախապատրաստվում է իր հեռանալուն: Քաղաքագետների համար սա շատ հետաքրքիր իրավիճակ է: Հաջորդ տարվա կեսին ականատես ենք լինելու շատ հետաքրքիր պրոցեսի՝ էլիտային հեղափոխության կամ էվոլյուցիայի: Էլիտային համակարգի փոփոխություններ անելու ձգտումը կա, և հարցը անձնային հարաբերությունների մեջ չէ, այլ՝ համակարգի»,- ասաց Իսկանդարյանը: