Թուրքիայում նուրսիստների դեմ հատուկ օպերացիա է անցկացվում
Թուրքիայի Կայսերի նահանգի ոստիկանությունն այսօր ձերբակալել է Boydak հոլդինգի ղեկավարներին, որոնք մեղադրվում են այսպես կոչված «զուգահեռ պետության» կառույցների ֆինանսավորման մեջ, որոնք իբր թե առնչություն ունեն նուրսիստների ու «Հիզմեթ» շարժման թուրք առաջնորդ, իսլամի մասին 50-60 գրքի հեղինակ, գյուլենական շարժման հիմնադիր, ամբողջ աշխարհում միլիոնավոր հետևորդներ ունեցող Ֆեթուլլահ Գյուլենի հետ, գրում է Hurriyet-ը:
1957թ. հիմնադրված Boydak հոլդինգի մեջ մտնում են էներգետիկայի, քիմիական ու տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտի ընկերություններ:
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ ձերբակալվել են հոլդինգի գլխավոր տնօրեն Մեմդուխ Բոյդակը, ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Խաջի Բոյդակը, տնօրենների խորհրդի այլ անդամներ:
Ներկայում խուզարկություններ են ընթանում Boydak-ի գրասենյակներում:
«Զուգահեռ պետություն» անվանումով պաշտոնական Անկարան բնորոշում է Գյուլենի կողմնակիցներին, ով բնակվում է ԱՄՆ-ում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով՝ Գյուլենի նպատակն է տապալել թուրքական կառավարությունը: