«Չկա մի հոդված, որը վերջնական է ու ենթակա չէ փոփոխությունների». Հ. Սահակյանը՝ ԸՕ նախագծի մասին

Ընտրական օրենսգրքի ներկայացված նախագծում ամրագրված բոլոր դրույթները վերջնական չեն և կարող են ենթարկվել փոփոխությունների: Փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: «Այս նախագիծը նախնական տարբերակն է: Ես վստահեցնում եմ, որ չկա մի հոդված, որը վերջնական է ու ենթակա չէ փոփոխությունների: Բոլոր խնդրահարույց հարցերը մենք կլսենք, և կարող են լինել փոփոխություններ: Մենք չենք պատրաստվում որևէ նորմ պաշտպանել հերոսի կեցվածքով: Մենք էլ ենք մարդիկ, կարող ենք սխալներ ունենալ, դրա համար մեզ համար կարևոր է նաև լսել կառուցողական առաջարկներ»,- նշեց Սահակյանը:

Անդրադառնալով նախագծում ամրագրված այն դրույթին, որ մի տեղամասում միաժամանակ կարող են լինել 8 լրագրող և դիտորդ՝ Սահակյանն ընդգծեց, որ դա էլ պետք է քննարկման առարկա դառնա: «Այդ հարցի հետ կապված էլ մեր դիրքորոշումը վերջնական չէ: Մենք պետք է լուրջ քննարկման առարկա դարձնենք այս հարցը: Ես էլ տեսնում եմ, որ այստեղ խնդիր կա: Պետք է լրացուցիչ քննարկենք, փորձենք այլ տարբերակներ գտնել: Պատրաստ ենք լսել ցանկացած ողջամիտ առաջարկ, որոնց արդյունքում կարող են լինել փոփոխություններ»,- ասաց Սահակյանը:

Նաև հավելել է, թե մինչև Ազգային ժողովում օրենսգրքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումը կազմակերպելու են լուրջ քննարկումներ քաղաքացիական հասարակության, արտախորհրդարանական և խորհրդարանական քաղաքական ուժերի հետ. «Լինելու են նաև աշխատանքային քննարկումներ: Մենք կտրամադրենք մեկ շաբաթ, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը հնարավորություն ունենան ծանոթանալ նախագծի հետ, որից հետո արդեն կսկսենք քննարկումները»:

Հովհաննես Սահակյանը հավելեց, որ մարտի 18-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներ կկազմակերպի այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք ներկայացրել են գրավոր առաջարկներ: «Մարտի 22-ին մենք կկազմակերպենք խորհրդարանական լայն լսումներ, որին մասնակցություն կունենան քաղաքացիական հասարակության լայն զանգվածներ, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր: Մենք հնարավորություն կտանք, որպեսզի բոլորը ներկայացնեն իրենց առաջարկները»,- ասաց Սահակ յանը:

Նա ընդգծեց, որ ընտրական օրենսգրքի ներկայացված նախագծում առկա դրույթները դոգմա չեն և կարող են ենթարկվել փոփոխությունների: Սահակյանը կոչ արեց բոլոր շահագրգիռ կողմերին քննարկումների ժամանակ լինել ակտիվ, ներկայացնել առաջարկներ, որոնք կարող են ընդունվել:

Տեսանյութեր

Լրահոս