Հունաստանը մինչև մայիս պետք է ապահովի իր սահմանների պաշտպանությունը. եվրահանձնակատար
Միգրացիայի ու ներքին գործերի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը նախազգուշացրել է, որ ոչ մի դեպքում չպետք է թույլատրել սցենար, որի համաձայն՝ Եվրամիությունը պետք է հրաժարվի Շենգենյան գոտուց:
«Դա կդառնար վերջի սկիզբը եվրոպական ինտեգրման նախագծի համար»,- հայտարարել է ԵՄ հանձնակատարը Die Welt-ի հետ զրույցում:
Ավրամոպուլոսի խոսքով՝ մարտի 4-ին Եվրամիությունը պլանավորում է ընդունել «ճանապարհային քարտեզ»՝ վերականգնելու Շենգենի համակարգի լիարժեք ֆունկցիոնալությունը:
Փաստաթուղթը ենթադրում է Շենգենյան գոտու ներքին սահմանների հսկողության փուլային չեղյալ հայտարարում: Ողջ ծավալով տվյալ փաթեթը պետք է իրականացվի մինչև 2016թ. նոյեմբերը:
Բացի այդ՝ քայլեր են ձեռնարկվելու ուժեղացնելու Հունաստանի կողմից Եվրամիության արտաքին սահմանների պաշտպանությունը:
Այդ նպատակով Աթենքին մինչև մայիսի 12-ը ժամանակ է տրվել: Եթե երկիրը չկարողանա հաղթահարել իր առաջ դրված խնդիրը, Եվրոպայում սահմանային հսկողության չեղյալ հայտարարումը ստիպված կլինեն հետաձգել, կարծում է եվրահանձնակատարը: