Թուրքիայում սպանված հայ զինվորի ծնողները պահանջում են հայտնաբերել իրական մեղավորներին

Թուրքիայում զինվորական ծառայության ժամանակ ծառայակցի կրակոցից զոհված հայ Սևակ Բալըքչըի ծնողները վստահ են, որ սպանությունն իրականացվել է ազգային խտրականության հողի վրա: «Ակոս» պարբերականի հետ զրույցում զինվորի հայրը՝ Կարապետ Բալըքչըն բողոքել է, որ սպանության դատական նիստը շատ դանդաղ է ընթանում՝ իր հետևում շատ հարցականներ թողնելով:

«Որդիս ռասիստական փամփուշտով է սպանվել: Արդարություն եք ասում, սակայն արդարություն չկա: Դատավորին որոշ բաներ ասացինք, սակայն մեզ լուրջ չընդունեցին: Մեզ անհանգստացնում է այն, որ արդարություն չկա: Օրինակ, որոշ զինվորների առաջին վկայությունները չեն ընդունվել: Այս ամենը կարծես թատերական բեմականացում լինի: Ակնկալում ենք, որ դատավարության վերջում դրական արդյունք կլինի, սակայն այնքան էլ այդպես չի երևում: Եթե արդյունքը դրական չլինի, բնականաբար ավելի լուրջ ատյաններ ենք դիմելու»,- ասել է Կարապետը: Նա պատմել է, որ իրենք պահանջել են հետաքնն ություն իրականացնել հանցագործության վայրում, սակայն չի արվել: Բացի այդ, մեղադրյալն անգամ չի ներկայանում դատական նիստերին: Զինվորի հայրը նշել է, որ հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 6-ին՝ ավելացնելով. «Այս պահին դատական գործը մի փակ տուփի է նման»:

Անդրադառնալով դատարանի որոշմանն այն մասին, որ հանցագործությունը դժբախտ պատահարի հետևանք է՝ Կարապետը հերքել է դա: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ զինվորները սկզբում մի վկայություն են տվել, սակայն հետագայում այն փոխել են և ասես անգիր արած՝ բոլորը նույն բանը կրկնել:

«Մինչև հիմա գիշերները գլուխներս բարձին դնելիս նրա մասին ենք մտածում: Գիշեր, թե ցերեկ, ավտոբուսի մեջ, թե նավի վրա՝ միշտ Սևակն է… Ամեն տեղ նրա հետ խոսում եմ: Առանց Սևակի ոչ մի օր չի անցնում»,- պատմել է Կարապետը, ով նշել է, որ Բալըքչը ընտանիքի ամենամեծ նեղություններից մեկն էլ այն է, որ սարսափելի միայնակ են զգում իրենց:

Սևակի մայրը՝ Անի Բալըքչըն հերքել է որոշ լրատվականներում հայտնված լուրերն այն մասին, թե իրենք թողել են Թուրքիան ու մեկնել Երևան: «Մենք այստեղ ենք, ոչ մի տեղ չենք գնացել: Մեր տեղն այստեղ է, մեր որդին այստեղ է»,- նշել է նա: Սևակի մայրը հայտնել է, որ իրենք Սևակին չեն պատմել ցեղասպանության մասին, հետևաբար վարկածն այն մասին, որ սպանության օրը՝ ապրիլի 24-ին իր որդին ծառայակցին զայրացնող բան է ասել, նա էլ սպանել է, հավանական չէ: «Հայ երեխաներն արդեն վախենում են Թուրքիայում գնալ զինծառայության: Այդ վախն ավելի է մեծանում ապրիլի 24-ին: Ինչո՞ւ Սևա կին սպանեցին ապրիլի 24-ին, այլ ոչ թե 22-ին, 25-ին կամ 28-ին: Այդքան պատահականություն կարո՞ղ է լինել»,- նշում է Անի Բալըքչըն:

Ինչպես ամուսինը, նա ևս պատրաստ է մինչև վերջ գնալ որդու սպանության բացահայտման համար: «Եթե դատական գործը ցանկալի արդյունք չտա, ավելի բարձր ատյանների ենք դիմելու: Այս մասին ես դատարանում էլ եմ ասել: Կամաչեմ, եթե արդարությունն այլ երկրում փնտրեմ, սակայն եթե անհրաժեշտ լինի, ապա կանեմ այդպես: Երբ զինված ուժերից մեզ հայտնեցին որդուս մահվան բոթը, ինձ հարցրեցին, թե արդյոք կարո՞ղ են նրան Թուրքիայի դրոշով ծածկել: Ես ասացի, որ մենք այլ երկրում չենք ապրում, իսկ քանի որ նա զոհվել է ծառայության ժամանակ, հետևաբար, կարող են: Սակայն եթե դատարանը մեզ համ ար ընդունելի որոշում չկայացնի, այդ դրոշը հետ եմ վերադարձնելու: Այս մասին ես նրանց ասել եմ»,- նշել է նա:

Սևակի մայրը որդու մահվանից հետո սկսել է ուսումնասիրել իր ծագումն ու անցյալը: «Ցեղիս պատմությունն ուսումնասիրելիս հասկացա, որ վերապրածի սերունդ եմ: Ավելի վաղ դրա մասին չգիտեի: Պապիկիս կյանքը ողբերգություն է եղել, մայրիկիս կողմն Անկարայից է, նրանց պատմությունը ևս ողբերգություն է: Այդ դուք ինձ այս ուղղությամբ շեղեցիք: 55 տարեկանում սկսեցի ուսումնասիրել իմ ցեղը: Արդեն բոլորն ինձ գիտեն: Ամեն ապրիլի 24-ին Սևակի նկարով երթեր են կազմակերպվում: Սևակը մի մարդ էր, սակայն դուք նրան հազարը դարձրեցիք: Հայրենասիրությունը սա՞ է: Եթե այո, ապա համեցեք, սպանեք բոլոր հայերին: Սևակին հիմա ճանաչում են Երևանում, Ֆրանսիայում, Իտալիայում: Իսկ մինչ այդ Սևակը ոչ ոք էր, արվեստով զբաղվող հերթական մեկը: Ի՞նչ էր նրանից ձեր ուզածը: Այդ օրը՝ ապրիլի 24-ին մեզ վախեցնելու համար պետք է սպանեիք մեկին: Եվ այդ մեկը Սևակը դարձավ»,- նշել է Անին:

Հիշեցնենք, որ Սևակ Շահին Բալըքչըն թուրքական բանակում սպանվել է 2011 թ. ապրիլի 24-ին, երբ նրա զորացրմանը մնացել էր ընդամենը 23 օր: Զորամասի հրամանատարությունը սպանությունից անմիջապես հետո հայտարարել էր, որ այն տեղի է ունեցել «ծառայակից ընկերոջ հետ կատակելու ժամանակ` պատահաբար արձակված գնդակից»: Սևակի ծնողները պնդում են, որ նրան սպանել են հայ լինելու համար:

Տեսանյութեր

Լրահոս