Արդյո՞ք McDonald’s-ն իսկապես կհայտնվի Հայաստանում

Այս տարվա ապրիլին ԱՄՆ Օռլանդո քաղաքում սպասվում է McDonald’s ընկերության ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում որոշվելու է արագ սննդի ոլորտում առաջատար ցանցի՝ Երևանում ռեստորան բացելու հարցը։ McDonald’s-ի Հայաստան գալու մասին խոսակցություններն արդեն տասնյակ տարուց ավելի է, ինչ շրջանառվում են։ Ընկերությունն իր ապրանքային նշանը Հայաստանում գրանցել է դեռևս 1999 թվականին, սակայն այն երբևէ մեր երկրում չի օգտագործվել: Մի ժամանակ խոսակցություններ էին տարածվել նույնիսկ, թե «Տաշիր Գրուպն» է պայմանավորվածություն ձեռք բերել, ու վերջապես McDonald’s-ը ներկայացված կլինի Հայաստանում: Այս անգամ նախաձեռնողը վրացի գործարար Թեմուր Չկոնիան է, ով վրացական McDonald’s-ի հիմնադիրն է։

McDonald’s-ի ռեստորաններ բացելը բավական բարդ և ծախսատար գործընթաց է, եթե ռեստորանը բացում է ոչ թե ինքը՝ ապրանքանիշը: Դրա համար անհրաժեշտ է բավարարել մի շարք պայմաններ. օրինակ, 45 հազար դոլար վճարել՝ միայն McDonald’s-ի նշանը գործածելու իրավունքի համար, ռեստորանը պետք է ունենա նվազագույնը 20 աշխատող, ընդհանուր հասույթի 4%-ը պետք է փոխանցվի McDonald’s-ին, հաշվի է առնվում նաև լոգիստիկան, տվյալ տարածքի բնակչության թիվը, գնողունակությունը, և այլն:

Երևանում քիչ չեն արագ սննդի կետերը: Թե որքանո՞վ պահանջված կլինի McDonald’s-ը Հայաստանում, և ի՞նչ կփոխի այն մեր շուկայում, 168.am-ը հետաքրքրվեց Էկոնոմիկայի նախարարության Առևտրի վարչության պետ Գագիկ Քոչարյանից:

«McDonald’s-ը KFC-ի հետ ֆաստֆուդի նույն դաշտում է գործում, նաև Queen burger կա Երևանում, նույն կարգի ցանցեր են: Յուրաքանչյուր մրցակցություն կարող է բերել գների իջեցման: Կարող է McDonald’s-ն էլ մտնի Հայաստան և հաջողակ լինի: Մենք ունենք ուսանողական շատ մեծ զանգված, որը կարող է դառնալ իրենց հաճախորդը»,- ասաց Գ. Քոչարյանը:

Նա նշեց, որ McDonald’s-ն առայժմ չի դիմել նախարարությանը, իսկ, օրինակ, «Քարֆուրը» նախապես դիմել էր, ծանոթացել գործող կարգերին և օրենսդրությանը. ««Քարֆուրի» հետ հանդիպել էինք, տվել փաթեթները, իսկ McDonald’s-ի հետ ոչ մի բան չկա: Նրանք կարող են և չդիմել մեզ, ՀՀ-ում ազատ են զբաղվել յուրաքանչյուր գործունեությամբ, միայն պետք է բերեն, այստեղ գրանցեն իրենց ընկերությունը, դառնան ՀՀ ռեզիդենտ՝ օտարերկրյա ներդրումներով, կամ ֆրանչայզինգ լինի, և սկսեն աշխատել: Որևէ խնդիր չունեն: Այնպես չէ, որ պետք է պարտադիր դիմեն կառավարությանը կամ պետությանը»:

Գ. Քոչարյանի խոսքով՝ սկզբունք է, որ խոշոր ֆիրմաները գրանցում են իրենց ապրանքանիշը բոլոր պետություններում՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար: Թե ինչո՞ւ մինչև օրս բազմիցս խոսվում է McDonald’s-ի բացման մասին, բայց այդպես էլ ապանքանիշը չի հայտնվում Հայաստանում, Առևտրի վարչության ղեկավարը չգիտի.

«Չեմ կարող ասել՝ ինչո՞ւ Հայաստանում չեն բացվում: Կարող է՝ մենթալիտետի խնդիր լինի: Դա իրենց ներքին մարքետինգի, ուսումնասիրության հարց է»:

Նախկինում McDonald’s-ը Հայաստան բերելու փորձ եղել է նաև գործարար Խաչատուր Սուքիասյանի կողմից: Մեզ հետ զրույցում Խ. Սուքիասյանը նշեց, որ ընդհանուր հաշվարկ և մոտեցում կա, որ Հայաստանում իրացման ծավալներն այդքան մեծ չեն, և McDonald’s-ում դեռ քաղաքական որոշում չկա, որ Հայաստանում ներկայացված լինեն: Ըստ նրա, եթե, ի վերջո, որոշում կայացվի, հաշվարկ կա, որ McDonald’s-ի՝ թվով 5 ռեստորաններից ավելի մեր երկրում չի լինի:

«Իսկ McDonald’s-ն առանձնահատուկ արտադրություն ունի: Այն իր արտադրությունը կապում է իրացման համակարգի հետ. եթե արտադրության հետ կապված խնդիրը լուծվի՝ կամ Ռուսաստանից, կամ Թուրքիայից պետք է գա, լոգիստիկա պետք է մշակել, իսկ լոգիստիկայի դեպքում հնարավոր է՝ որոշակի գնային տատանում լինի, և եթե ինչ-որ մի քաղաքական որոշում կայացվի McDonald’s-ի գլխամասային գրասենյակում, ապա նրանք ինչ-որ առաջարկ կանեն: Բայց կարծում եմ, որ ռոյալթիի խնդիր ևս կա: Նրանք, ովքեր պետք է իրենց հետ պայմանագրային հարաբերության մեջ մտնեն այստեղ՝ որպես ֆրանչայզինգ, որպես McDonald’s-ը կազմակերպողներ, նրանք նույնպես պետք է բավական եկամուտ հետապնդեն, իսկ որոշակի մարքետինգային ուսումնասիրության արդյունքներով՝ Հայաստանում բավականին բարդություններ կան այդ հատվածում, ծավալներն այդքան մեծ չեն: Ես ինքս վստահ գիտակցում եմ, որ առաջիկա 1-2 տարին Հայաստանում McDonald’s դեռ չլինի, եթե քաղաքական որոշում չլինի»,- ասաց Խ.Սուքիասյանը:

Ի՞նչ կփոխի McDonald’s-ը Հայաստանում: Գործարարն առաջին հերթին՝ նշեց մշակույթը, McDonald’s ապրանքանիշի ներկայացվածությունը Հայաստանում, ինչպես նաև՝ այն հանգամանքը, որ որպես արագ սննդի համակարգ՝ դյուրինություն կբերի. «Այո, ինչ-որ ազդեցություն կունենա, և, միանշանակ, բավականին առաջնային դեր ու դիրք կունենա McDonald’s-ը: Ուղղակի գնային քաղաքականությունը, այսօրվա մեր միջին աշխատավարձը, մարքետինգը պետք է ինստիտուտներն անեն, որ ասեն, թե շուկայից ինչ հատված կվերցնի»:

Նա նշեց, որ ՀՀ իշխանությունների կողմից որևէ խնդիր կամ խոչընդոտ չկա այս հարցում: «Ինձ հաճելի էր՝ այն իմաստով, որ Հայաստանն այնպիսի ազատ երկիր է, որ վրացին էլ է մտածում, որ կարող է լինել McDonald’s-ի ներկայացուցիչը Հայաստանում»,- ասաց նա:

Անդրադառնալով Վրաստանում McDonald’s-ի համար առկա աշխատանքային պայմաններին, Խ.Սուքիասյանը նշեց մի քանի առավելություն՝ աշխարհագրական դիրքը, երկրում կա 5 մլն բնակչություն, և այլն. «Բայց ես չեմ կարծում, որ Վրաստանի McDonald’s-ը կարելի է համեմատել Ռուսաստանի կամ ավելի խոշոր երկրների հետ: Պարզ է, որ դա մի փոքր մարմին է, ՌԴ-ում հարյուրներով կան: Դրա համար ենթադրում եմ՝ Վրաստանի պատասխանատուն ինչ-որ չափով ներքին վստահություն է ունեցել, որ Հայաստանն ու Վրաստանը մի մարմին կդիտվի՝ ծավալի տեսակետից, բայց լոգիստիկան պետք է մշակել: Սակայն չեմ կարծում, որ McDonald’s-ի գլխավոր գրասենյակը նույն կերպ կմտածի»:

Տեսանյութեր

Լրահոս