«Սերտ վրաց-ադրբեջանաթուրքական հարաբերությունները խոչընդոտ չեն հայ-վրացական հարաբերությունների համար». Վասո Կապանաձե
«Վրաստանն իր բոլոր հարևանների հետ հարաբերվում է համերաշխության սկզբունքով»,- այս մասին այսօր լրագրողների հետ առցանց ճեպազրույցի ընթացքում ասաց Վրաստանի ԱԳՆ նախկին աշխատակից, վրացի վերլուծաբան Վասո Կապանաձեն՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին:
Կապանաձեն նշեց, որ մերձավորարևելյան քաոսն անվտանգության սպառնալիք է ոչ միայն՝ Հարավային Կովկասի, այլև՝ ողջ աշխարհի համար: Ուստի, նրա խոսքով՝ գլխավորն այն է, որպեսզի Սիրիայում լարված իրավիճակը չվերաճի Ռուսաստան-Թուրքիա մասշտաբային պատերազմի: «Վերջերս ձեռք բերված համաձայնագիրը հույս է ներշնչում ու հիմքեր ստեղծում, որպեսզի իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա: Եթե նույնիսկ իրավիճակը տարածաշրջանում սրվի, ապա ենթադրում եմ, որ Վրաստանը, որը չի հանդիսանում ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ ՀԱՊԿ-ի անդամ, քիչ հավանական է, որ ուղիղ կերպով ներքաշվի հակամարտության մեջ»,- ասաց վերլուծաբանը: Ինչ վերաբերում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությանը, ապա Կապանաձեն գտնում է, որ մոտ ապագայում Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցություն չպետք է ակնկալել: Ըստ նրա՝ չնայած ՆԱՏՕ-ի ղեկավարների վստահեցումներին, այդ հարցը հետաձգված է: «Իրականում Վրաստանն իր տարածքում ունի կոնֆլիկտային տարածքներ՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տեսքով, ուստի քիչ հավանական է, որ Վրաստանը ներառվի ՆԱՏՕ-ի շարքերում՝ շատ հասկանալի պատճառներից ելնելով, և ալյանսին Վրաստանի անդամակցության մասին խոսակցություններն այդպես էլ խոսակցություններ կմնան»,- ասաց նա:
Անդրադառնալով Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան և Վրաստան-Հայաստան հարաբերություններին` Կապանաձեն ասաց, որ Վրաստանը զարգացնում է իր հարաբերությունները և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: «Չեմ կարծում, որ սերտ վրաց-ադրբեջանաթուրքական հարաբերությունները կարող են խոչընդոտ դառնալ հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման համար: Վրաստանը գործում է հետևյալ սկզբունքով. «Երեխաներ, եկեք համերաշխ ապրենք», ինչպես հայտնի մուլտֆիլմում է ասվում»,- վստահեցրեց Վասո Կապանաձեն: