Գևորգ Սաֆարյանի պաշտպանը պահանջում է 4 դատավորի պատասխանատվության ենթարկել
Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դիմել է Արդարադատության խորհուրդ՝ 4 դատավորների պատասխանատվության ենթարկելու պահանջով: Խոսքն այն դատավորների մասին է, որոնք առնչություն են ունեցել Գևորգ Սաֆարյանին կալանավորելու, որոշման դեմ բողոքի, ինչպես նաև նրա նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունների քննությանը: Փաստաբանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կայացված որոշումները մեկը մյուսին գերազանցել են անօրինականությամբ, չպատճառաբանվածությամբ, ակնհայտ անհիմն լինելով:
«Մեր դատական համակարգն այս պահին այնպիսի վիճակում է գտնվում, որ դատավորների մեծ մասին (խոսքս վերաբերում է ոչ բոլոր դատավորներին, որովհետև մենք ունենք նաև լավ պատրաստված դատավորներ) հետաքրքրում է ոչ թե արդար դատական ակտ կայացնելը, այլ, թե որքան քիչ գլխացավանք կունենան՝ այդ տիպի դատական ակտ կայացնելով: Այս հանգամանքը մեր արդարադատությունը հեռացրել է արդարադատություն իրականացնելուց:
Շատ դատավորներ ոչ թե արդարադատություն են իրականացնում, այլ արդարադատություն իրականացնելու պատրանք են ստեղծում: Այսինքն՝ իրենց օգնականները copy-paste են անում դիմումները, որոնք մուտք են եղել դատարան, իրենք վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից ստանդարտ ձևակերպումներն ունեն, որոշումները copy-paste են անում վճռաբեկ դատարանից և վերջում մի քանի նախադասություն գրում են, իբրև թե պատճառաբանում են դատական ակտերը, բայց Գևորգ Սաֆարյանի դեպքում վիճակը շատ ավելի վատ էր»,- ասաց Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ Գևորգ Սաֆարյանին կալանավորելու մասին առաջին որոշումը կայացրել է դատավոր Գագիկ Խանդանյանը:
Ըստ փաստաբանի՝ վերջինս իր որոշման մեջ վկայակոչել է Եվրոպայի խորհրդի Վեհաժողովի 1994թ. բանաձևը՝ հղում անելով գոյություն չունեցող ձևակերպման:
Պաշտպանական կողմն այս որոշումը բողոքարկել է վերաքննիչ քրեական դատարան, որտեղ բողոքը քննել է դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը, ով, ըստ փաստաբանի, գոնե մեկ նախադասությամբ չի պատճառաբանել իր դատական ակտը: «Մենք դատական ակտը բողոքարկել էին բազմաթիվ հիմքերով՝ մոտ 12-15 տարբեր հիմքերով: Հիմքերի մի մասը վերաբերում էր նրան, որ ընդհանրապես չի կարելի ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածը կիրառել Գևորգ Սաֆարյանի նկատմամբ, որովհետև ոստիկանների գործողություններն օրինական չեն եղել, հետևաբար՝ այդ հանցակազմը չկա, նաև այն հիմքով, որ դատարանը հղում էր կատարել կեղծ նորմի վրա:
Դատարանը չհերքեց 15 հիմքերը, անգամ հաստատված համարեց, ասաց՝ ինչ նշում է փաստաբանը, կարևոր չէ Գևորգ Սաֆարյանին չկալանավորելու համար: Եվ գրեց, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտը հիմնավոր է՝ առանց նշելու մեկ նախադասություն, թե կոնկրետ ինչն է հիմնավոր: Այսինքն՝ ստացվում է, որ մենք այդ նույն նախադասությունը կարող ենք դնել կամայական դատական ակտում, անգամ կարիք չկա անուն-ազգանունները փոխելու, որովհետև այդտեղ կոնկրետ անուն-ազգանուններ չկան»,- ասաց Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ դատարանը հրաժարվել է ընդհանրապես պատճառաբանություններ բերել, ինչը նշանակում է՝ արդարադատություն իրականացնել՝ առանց գոնե արդարադատություն իրականացնելու արտաքին պատրանք ստեղծելու:
Գևորգ Սաֆարյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը քննել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանը, ով քննել է քաղաքացիական գործեր: Ըստ Տիգրան Հայրապետյանի՝ դատարանը մերժել է գրավ կիրառելու վերաբերյալ իրենց միջնորդությունը՝ դատական ակտում նշելով կալանավորման նոր հիմքեր: Այս պարագայում, ըստ նրա, դատական ակտն ակնհայտ անպօրինի, անօրինական էր, որովհետև դատարանն այդ լիազորությունը չուներ, իսկ հիմքը, որով առաջին ատյանի դատարանը կալանավորել էր Գևորգ Սաֆարյանին, վերացրել է. «Եթե հին հիմքը վերացվում է, ոչ միայն պետք է գրավ կիրառվեր, այլ ընդհանրապես խափանման միջոցը պետք է վերացվեր, որովհետև խափանման միջոց ընտրելու հիմք չկար»:
Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը մեկ ամսով երկարացնելու մասին որոշումը կայացրել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը: Փաստաբանի խոսքով՝ իրենք վերջինիս ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, քանի որ նա չի պատասխանել իրենց տարաբնույթ հարցերին. «Մենք այդպես էլ չհասկացանք, թե ինչի համար է միջնորդությունը քննում Արաբկիրի դատարանը, եթե ենթադրյալ միջադեպը տեղի է ունեցել Կենտրոնի տարածքում, եթե կալանքը խափանման միջոց ընտրվել է Կենտրոնի դատարանում, գրավի միջնորդությունը քննվել է Կենտրոնի դատարանում: Բայց քննիչը միջնորդությունը ներկայացրել էր Արաբկիրի դատարան, որը այն վարույթ էր ընդունել՝ առանց պատճառաբանության»: Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ դատարանը Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարացրել է՝ պատճառաբանելով, որ նա չի բնակվում իր մշտական գրանցման վայրում: Ըստ փաստաբանի՝ սա անձին կալանավորելու համար հիմք չէ: «Այս «խելացի» գաղափարն իրականում որևիցե կապ չունի կալանք ընտրելու կամ չընտրելու հետ»,- ասաց Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ իրենք դատարանին ներկայացրել են բոլոր փաստաթղթերը, որ Գևորգ Սաֆարյանը Երևանում բնակվում է իր մորը պատկանող բնակարանում: