«Ո՞վ է ասել, որ կոպտությունը դաստիարակչական դեր է կատարում». Ռուբեն Բաբայանը՝ Խոսրով Հարությունյանի հայտարարության մասին
Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ԱԺ Էթիկայի հանձնաժողովն ավելորդ է համարում: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ այն չի համապատասխանում մեր ազգային նկարագրին ու քաղաքակրթական ընտրությանը. «Շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե մենք ունենայինք «ճշտով» հանձնաժողով, առավել ևս, որ ունենք այդ գաղափարախոսության ու արժեհամակարգի համապատասխան բոլոր մասնագետները նույն ԱԺ-ում, որոնք կարող են «ճշտով» որոշել՝ որ պատգամավորն է համապատասխանում այդ կանոնակարգին, որը՝ ոչ»:
Ըստ նրա՝ էթիկայի ոլորտը նուրբ ոլորտ է. «Էթիկայի սահմանները յուրաքանչյուր հասարակություն իր համար է որոշում՝ ինչ է հասկանում դրա տակ: Նույնիսկ հանրագիտարանում չկա միանշանակ բնորոշում»:
Անդրադառնալով լրագրողներին ուղղված այն քննադատություններին, թե նրանք մոտենում են պատգամավորին՝ արդեն իմանալով, թե նա ինչ պետք է պատասխանի, նա ասաց, որ, եթե լրագրողին հետաքրքրում է այդ պատգամավորի կարծիքը, տրամաբանական է, որ մոտենում է. «Բայց հաճախ ոչ թե կարծիքն է հետաքրքրում, այլ սպասվող արձագանքը: Նախապես գիտի, թե մոտավորապես ինչ արձագանք է լինելու, և պատգամավորն էլ գիտի, թե իր կողմից ինչ արձագանք է լինելու: Մենք փորձում ենք քաղաքակրթական լրիվ այլ դաշտում գտնվող մարդկանց բերել այս դաշտի մեջ, չի ստացվում: Լրագրողն առաջին հերթին՝ ներկայացնում է հանրությունը, և հանրությունն իրավունք ունի իմանալու յուրաքանչյուր պատգամավորի կարծիքը»:
Անդրադառնալով Խոսրով Հարությունյանի հետևյալ մեկնաբանությանը. «Իմ պատանի տարիքում քիչ չեն եղել դեպքերը, որ մեծերն ասել են՝ ականջներդ կկտրեմ, ա՛յ լակոտ: Դրանից չի հետևել, որ նրանք ակնհայտորեն գալու էին՝ իմ ականջները կտրեն: Ուղղակի խրատում էին ինձ, սաստում իմ այս կամ այն քայլը», Ռուբեն Բաբայանը նշեց՝ ո՞վ է ասել, որ կոպտությունը դաստիարակչական դեր է կատարում, որ ագրեսիան բերում է նրան, որ դաստիարակում է. «Այդ աղջկա գրառումն ինձ էլ զայրացրեց, բայց շատ ավելի ճիշտ կլիներ՝ որպես մեծ՝ հետը խոսել ու բացատրել, որ ճիշտ չէ մարդկանց վիրավորել, դա ավելի մեծ դեր կխաղար, քան այն, ինչ տեղի ունեցավ: Եվ չմոռանանք, որ, երբ մենք կոպտում ենք ու ագրեսիվություն ենք դրսևորում, կա մի շատ պարզ բիբլիական ճշմարտություն՝ նա, ով ցանում է քամի, հնձում է փոթորիկ: Եվ այդպես էլ եղավ»: