Բաժիններ՝

Երեխան պետք է հասկանա՝ ի՞նչ է արտակարգ իրավիճակը, ինչպե՞ս վարվել տվյալ դեպքերում

Հայաստանը կունենա միասնական ազդարարման համակարգ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

«Ազդարարման համակարգը բնակչության համար ունի էական նշանակություն: Մենք պիլոտային ծրագիր ենք իրականացրել սահմանամերձ շրջաններում, մասնավորապես, Տավուշում: Արդյունքում 21 բնակավայր միացվեց կենտրոնցված ազդարարման համակարգին: Այժմ ձգտում ենք, որ հանրապետության ամբողջ տարածքում ձևավորվի միասական ազդարարման համակարգ: Անհրաժեշտության դեպքում հաղորդավարը «ուշադրություն, ուշադրություն» ձայնային հրահանգով կներկայացնի անհրաժեշտ տեղեկատվությունը»,-ասաց Վրեժ Գաբրիելյանը:

Նրա խոսքով, միասնական ազդարարման համակարգ ունենալը քաղաքացիական պաշտպանությանն ուղղված գործողություններից մեկն է:

«Անկախության տարիների սկզբից ի վեր քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել: 1988 թվականի երկրաշարժի, ղարաբաղյան պատերազմի ժամանակ շատ դժվար պայմաններ էին, որովհետև մի համակարգից անցում էինք կատարում մեկ ուրիշին, օրենսդարական կարգավորումները բավարար չէին: Այսօր իրավիճակը բոլորովին այլ է»,-ասաց Վրեժ Գաբրիելյանը: Նա նշեց, որ 25 տարիների ընթացում ընդունվել են մեկ տասնյակից ավելի կառավարության որոշումներ և իրավական ակտեր: Ընդունվել է Քաղացիական պաշտպանության հայեցակարգը: Ըստ Վրեժ Գաբրիելյանի` քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից մեր երկրում իրավական դաշտը կայացել է:

Զգալի աշխատանք է կատարվել բնակչության ուսուցման ուղղությամբ: Պարբերաբար դպրոցներում բուհական հաստատություններում, հիմնարկ-ձեռնարկություններում ուսուցման դասընթացներ են անցկացվում` կապված քաղաքացիական պաշտպանության հետ: Քաղաքացիական պաշտպանության համակարգի հիմքում ընկած է բնակչության պատսպարումը, անհատական պաշտպանության ապահովումը, տարհանումը, քիմիական, ճառագայթային պաշտպանությունը և այլն:

«Շատ կարևորում ենք ուսուցման աշխատանքները հենց դպրոցներից սկսելը: Երեխան պետք է հասկանա ի՞նչ է քաղաքացիական պաշտպանությունը, ի՞նչ է արտակարգ իրավիճակը, ինչպե՞ս վարվել տվյալ դեպքերում»,-հավելեց Վրեժ Գաբրիելյանն` ընդգծելով, որ բնակիչներին ուսուցանելը շարունակական գործընթաց է:

Մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է: 1994 թ. Հայաստանը եւս դարձել է Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ, եւ այդ օրվա առթիվ ՀՀ մարզերում ու մայրաքաղաքում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ` բաց դասեր, ուսումնական վարժություններ, տարհանումներ եւ այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս