Երբ կբացահայտվի մարտի 1-ը

Այսօր լրանում է մարտիմեկյան դեպքերի 8-րդ տարելիցը: 2008 թ. նախագահական ընտրություններին հաջորդող ցույցերի ընթացքում իրավապահների կողմից ուժի կիրառման հետևանքով 10 քաղաքացիների սպանությունների գործի քննությունը մինչև հիմա ավարտված չէ, իսկ Մարտի 1-ի բողոք-գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հասել է կոմունիկացիաների փուլ:

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը «168 Ժամի» հետ զրույցում տեղեկացրեց, որ քրեական գործով վերջին գործողությունը, որ կատարվել է, եղել է անցած տարվա կեսերին, երբ գործերը միմյանցից անջատվել են, դրանից հետո ոչինչ հայտնի չէ, թե ինչ է կատարվում այդ ուղղությամբ: Այսինքն, ըստ էության, քննչական գործողությունները սառեցված են:

Ա.Զեյնալյանը նշեց, որ ՄԻԵԴ-ից Հայաստանի կառավարությունը ժամանակ է խնդրել, որպեսզի երկարաձգվի Դատարանի առաջադրած հարցերին պատասխանելու ժամկետը, Եվրոպական դատարանը բավարարել է այդ խնդրանքը: Ըստ նրա՝ կառավարության պատասխանը ՄԻԵԴ-ի կողմից կվերահասցեագրվի դիմող կողմին, կտրամադրվի ժամանակ պատասխանի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու համար, և նաև առաջարկ՝ արդարացի փոխհատուցման պահանջ ձևակերպելու համար. «Այդ ժամանակի ավարտից հետո մեր առարկությունների վերաբերյալ հնարավորություն կտրվի կառավարությանը ներկայացնել դիրքորոշում, առարկություն, որից հետո արդեն կողմերն անելիք չունեն, Եվրոպական դատարանը կթևակոխի վճիռ կայացնելու փուլ: Իսկ թե դա ինչքան կտևի, չեմ կարող ասել, օրինակ, Անահիտ Սաղաթելյանի գործով կոմունիկացիան 2008-09 թթ.-ից ավարտվել էր, իսկ վճիռը կայացվեց 2015-ին»:

Զոհերի հարազատներն առանձնապես սպասումներ չունեն ՄԻԵԴ-ից: Մեզ հետ զրույցում

Կարդացեք նաև

Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, նշեց, որ, եթե դատը շահեն, միայն բարոյական վնասը «մի քանի կոպեկ կփոխհատուցեն», իսկ քրեական գործը բացահայտելու համար ՄԻԵԴ-ը քննիչներ չի ուղարկելու Հայաստան: «Էստեղ ընդհանրապես քայլ չեն անում, անցել է 8 տարի, փոխվել է 1 դատախազ, 3 քննիչ, և ոչ մի առաջընթաց, ոչ մի լուր: Իհարկե, նորություն չկա և չի էլ լինելու, որովհետև բացահայտված գործը չեն ուզում բացահայտել, որովհետև այս իշխանությունն է գնդակահարել մեր երեխաներին: Եթե բացահայտվի, ուրեմն մեղավորների շղթան, կծիկը կբացվի, դրա համար էլ ոչ մի առաջընթաց չի էլ լինելու»,- ասաց Ս.Քլոյանը:

Սակայն նա հույսը չի կորցրել, որ գործը մի օր կբացահայտվի, և մեղավորներն արժանի պատիժ կստանան. «Դեռ սպասում ենք, կգա մի ժամանակ, չգիտեմ՝ երբ, կգան նոր ուժեր, կլինի իշխանափոխություն, և անպայման կբացահայտվի Մարտի 1-ի էջը»:

Մարտի 1-ին սպանված Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը, այլևս որևէ հույս չունի. «Ոչ մի քայլ չի արվում, ոչ մի գործ չի բացահայտվելու, ոչ մեկի պետքն էլ չէ, որ բացահայտվի: Այնպես որ, ես չեմ գտնում, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան կարող է 8 տարի հետո բացահայտի: Եթե 8 օրվա ընթացքում ոչինչ չբացահայտեցին, 8 տարի է անցել, էլ ի՞նչ պետք է բացահայտեն: Ընդդիմադիրները, 8 տարի է ընդդիմադիր են աշխատում, ի՞նչն է փոխվել, եթե պետության ղեկավարը փոխվեց, ի՞նչ է փոխվելու: Ուշ է, արդեն ոչ մի բան չի փոխվի: Ես արդեն հոգնել եմ, ինձ էլ ոչ մի բան չի օգնի, իմ երեխային ոչ մեկը հետ չի բերի՝ ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ դիմությունը»:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ դատական համակարգն անգործության է մատնված, Մարտի 1-ի գործի բացահայտման ուղղությամբ քայլեր չեն արվում. «Գործը կարող է բացահայտվել միայն համակարգային փոփոխության դեպքում, երբ որ մենք իրոք կհիմնադրենք Հայաստանի Հանրապետություն, որտեղ կգործի օրենսդիր, դատական և գործադիր իշխանություն՝ տարանջատված սկզբունքով, այլ ոչ թե՝ կգործի բռնապետություն»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին նույնպես չի գոհացնում առկա իրավիճակը. «Այս պահին ակնհայտ է, որ իրավական առումով որևէ տեղաշարժ չկա, գործը փակված չէ, հանրության մեջ կան բազմաթիվ հարցականներ, և մեզանից յուրաքանչյուրը, որպես քաղաքացի, հույս ունի, որ մի օր բոլոր հարցերի պատասխաններն այդուհանդերձ կստանանք»:

Կնպաստի՞ արդյոք իշխանափոխությունը Մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը, Ն.Զոհրաբյանը դժվարացավ պատասխանել. «Ես չեմ կարող Վանգայի կանխագուշակումներով զբաղվել, թե երբ և ոնց կլինի»:

ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը վստահ է, որ ուշ թե շուտ կծիկը կբացվի, քննությունը վերջապես կվերջանա, և ամեն ինչ կբացահայտվի: Այսքան երկար քննության վերաբերյալ Մ.Բադեյանը նշեց, թե գործն էլ է արտառոց, այնպես չէ, որ իրավապահ մարմիններն ամեն օր այդպիսի գործերի հետ են առնչվում, և, հավանաբար, ինչ-որ դժվարություններ կան. «Ես քննիչ չեմ, չեմ կարող ասել»:

Դիտարկմանը, որ զոհերի հարազատները գործի բացահայտումը կապում են իշխանափոխության հետ, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ, որ դա չի պատճառը, որովհետև գոնե այն իշխանությունները, ում օրոք դա եղել է, իսկ մեզ մոտ իշխանությունն ասոցիացվում է երկրի նախագահի հետ, և մարտի 1-ին այն ժամանակ ուրիշ նախագահ էր, փոփոխությունը եղել է: Խնդիրն իշխանափոխությունը չի, որակյալ քննությունն է, և, այո, ես էլ կարծում եմ, որ չափից շատ է ձգձգվում, բայց քննիչ չլինելով՝ չեմ կարող ասել, թե ինչում է բանը»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, «168 Ժամի» հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս է գնահատում Մարտի 1-ի գործի քննությունը, պատասխանել է, որ գործի քննություն պետք է լինի, որ հնարավոր լինի գնահատել.

«Գործը, ըստ էության, չի քննվում: Մարտի 1-ի գործը, ինչքան էլ ամպագոռգոռ հայտարարություններ արեցին, որ վերաբացվում է, նորից տղամարդու խոսք տվեցին, որ պետք է սայլը տեղից շարժեն, և այլն, և այլն, այս բոլորը դատարկություն է: Իրականում, շարունակվում է նույն հին, պարտակման քաղաքականությունը, որը մենք ունենք 2008 թ. մարտի 1-ից ի վեր»:

Նա կարևորեց այսօր՝ մարտի 1-ին, ՀԱԿ-ի, Հայաստանի ժողովրդական կուսակցության և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համատեղ կազմակերպած հավաք-երթը, քանի որ իշխանությունները պետք է տեսնեն, որ հայ ժողովուրդը չի հարմարվել ու չի հաշտվել այդ ոճրագործության հետ և շարունակում է պահանջել դրա բացահայտումը, բոլոր կատարողներին և կազմակերպիչներին պատժումը: Լ.Զուրաբյանը վստահություն հայտնեց, որ Մարտի 1-ի գործը հեշտ բացահայտվող է.

«Բայց երբ որ գործը պետք է բացահայտի նա, ով դա արել է, ի՞նչ եք կարծում, դա հեշտ բացահայտվող գո՞րծ է: Շատ հեշտ բացահայտվող գործ է, ընդամենը պետք է հետազոտել հրամանի շղթան: Այդ մարդիկ հրամաններ են ստացել այդ ոստիկաններից, կրակողներից ոչ ոք չի գործել առանց հրամանների: Ընդամենը պետք է այդ հրամանների շղթան անցնել մինչև վերջ: Եվ հասկանալի է, երբ որ իշխանության են մարդիկ, որոնք կանգնած են այդ հրամանների շղթայի վերջում, նրանք թույլ չեն տա, որ քննությունը գոնե 1 քայլ առաջ կատարի դեպի այդ ոճրագործության բացահայտումը»:

Տեսանյութեր

Լրահոս