Աճ, որ բացահայտում է աճի բացակայությունը

ՀՀ պաշտոնական վիճակագրությունը սրանից 10 օր առաջ արդեն հրապարակել էր ամսվա նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Նախ՝ հայտարարվեց, որ Հայաստանի տնտեսության ակտիվությունը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 5.1%-ով, և երկրորդ՝ հատուկ ընդգծվեց, որ աճի լոկոմոտիվն արդյունաբերությունն է՝ երկնիշ աճի ցուցանիշով։ Նշենք, որ 2015 թվականի հունվարին ՏԱՑ-ի աճի տեմպը շատ ավելի ցածր էր՝ 1.3%։ Այսինքն, տարին կարծես խոստումնալից էր սկսվել։ Սակայն երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է նաև հունվար ամսվա ամբողջական (մանրամասն) տվյալները, որտեղից երևում է, որ 5.1 տոկոս տնտեսական ակտիվության աճը դեռ լավատեսության հիմք չի կարող ծառայել։

Սկսենք արդյունաբերությունից։ Թերևս արդեն հասցրել եք լսել՝ արդյունաբերության ոլորտը հունվարին 15.7% աճ է արձանգրել։ Ոլորտի արտադրանքի ծավալը կազմել է 94.4 մլրդ դրամ։ 15.7%-ը կատակ բան չէ, ու այս թիվն արդեն մի քանի առիթով ներկայացվել է։ Իսկ ի՞նչ է ներկայացնում այդ աճը։ Ըստ էության, ոչինչ։ Ինչպես և ամբողջ 2015 թվականի դեպքում, արդյունաբերության աճն ամբողջությամբ պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտի աճով։

Այսպես, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի արտադրանքն այս տարվա հունվարին կազմել է 19.2 մլրդ դրամ։ Դա 75 %-ով գերազանցում է 2015-ի հունվարի ցուցանիշը։ Մինչդեռ մշակող արդյունաբերության ծավալը նույն ժամանակահատվածում նվազել է 6.3%-ով և կազմել 44.9 մլրդ դրամ։ Օրինակի համար նշենք, որ մշակող արդյունաբերության ոլորտում սննդամթերքի արտադրության ծավալը նվազել է ավելի քան 8%-ով։

Հիշեցնենք, որ 2015 թվականին նույնպես արդյունաբերության 5.2%-անոց աճն ապահովվել էր հանքարդյունաբերության հաշվին, իսկ մյուս ճյուղերում անկում էր գրանցվել։
Արդյունաբերությունից բացի, կա ևս մի ոլորտ, որի ցուցանիշն ուշադրության է արժանի։ Խոսքը վերաբերում է շինարարությանը։ 2009 թվականից ի վեր, առաջին անգամ նախորդ տարի շինարարությանը հաջողվեց դուրս գալ անընդմեջ անկումից։ 2015-ին տարեկան կտրվածքով գրանցվեց 0.3% աճ։

00000-shinararutyun

00000-ardyunaberutyun

Հունվարին շինարարության ոլորտն իսկական ռեկորդ է գրանցել՝ 5.1%։ Իրականացված շինարարության ծավալը, իհարկե, չես համեմատի 2000-ականների կեսերի հետ՝ ընդամենը 8.2 մլրդ դրամ։ Կարելի է մտածել՝ շինարարությունը կարծես սկսում է աշխուժանալ, սակայն դա այնքան էլ այդպես չէ։ Այդ 8.2 մլրդ-ի ուղիղ կեսը՝ 4.1 մլրդ դրամի շինարարությունն իրականացվել է միջազգային վարկերի հաշվին։ Արտաքին ռեսուրսներով իրականացված շինարարության ծավալն աճել է ավելի քան 10 անգամ։ Ընդ որում, դրա առյուծի բաժինն Ասիական զարգացման բանկի վարկն է՝ 3.7 մլրդ դրամ։ Այսինքն, շինարարության աճն ապահովվել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ծրագրի շնորհիվ։

Պետբյուջեի հաշվին շինարարությունը գրեթե կիսով չափ նվազել է և կազմել ընդամենը 596.8 մլն դրամ։ Սակայն ամենամտահոգիչը, իհարկե, կազմակերպությունների ցուցանիշներն են։ Կազմակերպությունների հաշվին իրականացված շինարարությունը նվազել է մոտ 60%-ով և կազմել 2 մլրդ դրամ։ Այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների հաշվին իրականացված շինարարության ծավալները կրճատվել են 9 անգամ։

Միակ լուսավոր կետն այստեղ բնակչության կողմից կատարված շինարարության ցուցանիշներն են։ Բնակչության միջոցներով իրականացված շինարարությունն աճել է 18.3%-ով և կազմել շուրջ 1.5 մլրդ դրամ։ Տխուր ցուցանիշներից էր նաև ներքին առևտրաշրջանառությունը։

Արդեն տեղեկացրել ենք, որ հունվարին առևտրաշրջանառության ծավալն անկում է ապրել 2.7%-ով և կազմել շուրջ 118 մլրդ դրամ։ Սակայն, երբ այս ցուցանիշներն ավելի մանրամասն ենք դիտարկում, պարզվում է, անկումն ավելի խորն է։ Մանրածախ առևտրաշրջանառությունը նվազել է 5.7%-ով և կազմել 72 մլրդ դրամ։ Իսկ ահա ավտոմեքենաների առևտրի շրջանառությունը 2016-ի հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, աճել է 16.6%-ով և կազմել 3.4 մլրդ դրամ։ 1.5 տոկոսանոց աճ է գրանցել նաև մեծածախ առևտրի շրջանառությունը։

Կարելի է շարունակել և հատ-հատ դիտարկել բոլոր ոլորտները՝ արտաքին առևտուր, բեռնափոխադրումներ, և այլն։ Կպարզվի, որ անգամ դրական ցուցանիշների դեպքում՝ ինչ-որ բան այն չէ, համաչափ չէ։

Իսկ եթե ավելի ընդհանուր դիտարկենք, ապա կստացվի, որ նախորդ տարվա համեմատ՝ ավելի մտահոգիչ վիճակ է։ Այսպես, եթե նախորդ տարի տնտեսական ակտիվության ցուցանիշն ապահովվել էր հիմնականում հանքարդյունաբերության և գյուղատնտեսության հաշվին, ապա այս տարվա տվյալներից դատելով՝ հույսներս միայն հանքարդյունաբերության ոլորտի վրա է։

Տեսանյութեր

Լրահոս