
Կողմնակալության համար ՀԷՑ-ին տուգանել ու պատժել են

Երբ ՀՀ սահմանին գազի գինը նվազեց մինչև 165 դոլար, սպառողների համար գինը չնվազեց՝ դոլար-դրամ փոխարժեքի տատանումների հիմնավորմամբ, սակայն ՀՀ-ում կան դոլարով վճարող խոշոր սպառողներ, ինչո՞ւ նրանց համար գազի գինը չնվազեց: Այսօր ԱԺ նիստում ՀԾԿՀ 2016 թվականի գործունեության ծրագրի քննարկումների ժամանակ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանից հարցրեց Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ եթե խոշորների համար գազի գինը նվազեր, կնվազեր նաև էլեկտրաէներգիայի գինը, քանի որ դրանց թվում է Երևանի ՋԷԿ-ը և այլն:
Ռոբերտ Նազարյանը համաձայնեց, որ սահմանին 189 դոլարից 165 դոլար նվազումը խոշոր սպառողների համար այնքան էլ լավ չեղավ, որովհետև վճարում են ճշգրտում կատարելով դոլար-դրամ փոխարժեքով: Սակայն, ըստ նրա, Հայաստանի համար գները ճշգտվում են Օրենբուրգի մարզի գներով, և 165 դոլար նվազելը է միայն 1 տարվա համար է՝ պայմանով, որ սակագները մնան նույնը, պարզապես դրանով ռուսական կողմն օգնում է դոլար-դրամի տատանումների պատճառով:
«Հիմա նոր բանակցություններ են գնում, տեսնենք՝ այդ բանակցությունները ինչ տեսք կունենան, նոր կճշգրտենք»,- ասաց Ռ.Նազարյանը:
Ն.Փաշինյանը վրդովվեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ ՀԷՑ-ը հայկական ընկերություններին փող չի տալիս սնանկացնում է, իսկ «Հրազդան ՋԷԿ»-ի փողը տալիս է, իսկ հայ սպառողները ստիպված են ՀԷՑ-ի դրության մեջ մտնել ու 20 դրամ ավել վճարել:
«Հայաստանի շահերի՞ց են էդ ընկերությունները գործում, թե՞ ընդդեմ Հայաստանի շահերի, և Դուք արդյոք պարտավո՞ր չեք Հայաստանի շահերը պաշտպանեք»,- ասաց Ն.Փաշինյանը:
Ռ.Նազարյանը վստահեցրեց, որ ՀԾԿՀ-ն հնարավորն արել է և կանխել է շատ բաներ ու կա այս վիճակը: Նա համաձայնեց, որ ՀԷՑ-ը վատ է արել, որ հայկական ընկերություններին պարտքերը չի մարել, իսկ ռուսական ընկերությանը մարել է: Բայց դրա համար, ինչպես շեշտեց Նազարյանը, ՀԷՑ-ը ֆինանսական տուգանքի է ենթարկվել, նաև ՀԾԿՀ-ն ժամանակացույց է մշակել ու պարտադրել, որ այսուհետ ցանկացած երկրի կապիտալով ընկերության համար պարտք չառաջացնի. «Մինչև բոլոր ընկերությունների պարտքը չփակի, չի կարողանա իր գումարներից մի լումա ծախսել»: