Երբ և որքան կբարձրանա հոսանքի սակագինը
Հայաստանի պաշտոնական տնտեսական տեղեկատվության ընթերցումը բավական պիտանի բան է: Ընթերցողի մոտ այն խթանում է գիտելիքների ձեռքբերումն ու ընդլայնումը՝ ընթերցողին դարձնելով ավելի կիրթ ու նրբանկատ: Այս պնդումները հատկապես ճիշտ են մեր Էներգետիկայի նախարարության և Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի տարածած տեղեկատվության պարագային:
Այս հանձնաժողովը փետրվարի 24-ին նիստ է գումարել, քննել է Էներգետիկայի նախարարության ներկայացրած հայտը և թույլատրել, որ «2016-17 սակագնային տարում Հայաստանի ԱԷԿ-ը վերազինման համար լրացուցիչ 1 մլրդ 537 մլն դրամ ծախսի»:
Պարզ ընթերցողը, օրինակ, գիտեր, որ գոյություն ունի 2016-17 ուստարի: Իսկ մեջբերված նախադասությունից միանգամից իմացավ, որ կա նաև 2016-17 սակագնային տարի: Ավելին՝ պարզ ընթերցողը կարդալով ԱԷԿ-ի լրացուցիչ ծախսերի մասին՝ դրանում նուրբ ակնարկ է նկատում, որ այդ սակագնային տարում էլեկտրաէներգիայի սակագինը փոխվելու է: Ավելի ճիշտ ասած՝ ավելանալու է:
Մինչ այս կարծիքին հանգելը պարզ ընթերցողը փորձում է հիշել ԱԷԿ-ի ֆինանսական վիճակի մասին իր ունեցած տեղեկությունները: Բայց որպեսզի պարզ ընթերցողը ինքնուրույն չհիշի ու խուճապի չմատնվի՝ Էներգետիկայի երկարամյա փոխնախարար Արեգ Գալստյանն անձամբ է հիշեցնում, որ ատոմակայանը թանկ հաճույք է: Վերջին թանկացումները հիմնավորելիս՝ պաշտոնապես նշվում էր այն մասին, որ ԱԷԿ-ը Ռուսաստանից 270 մլն դոլար վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ էր ստացել: Մեր ՀԾԿՀ-ն ժամանակին բոլորիս ու մանրամասն բացատրեց, որ այդ վարկը չափազանց անհրաժեշտ է, և այն, բնականաբար, պիտի ներառվի սակագնի մեջ:
«Որտեղի՞ց ծագեց լրացուցիչ 1 մլրդ 537 մլն դրամ նոր ծախսի պատուհասը, և ինչո՞ւ այն չի կարելի ներառել այդ վարկ-դրամաշնորհի մեջ» հարցին ի պատասխան՝ փոխնախարարը շատ բարեկիրթ բացատրում է, որ վարկ-դրամաշնորհը պիտի ծախսվի մեր Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման նպատակով: Իսկ 1,537 մլրդ դրամը բոլորովին այլ նպատակով պիտի ծախսվի:
Ռեակտորի արտադրամասի սարքավորումների արդիականացման վեհ ու անհրաժեշտ նպատակով: «Այդ գումարն անհրաժեշտ է ներգրավել վարկերի միջոցով, քանի որ գործող ռեսուրսները, այդ թվում՝ Ռուսաստանի տրամադրած վարկն ու դրամաշնորհը, ինչպես նաև՝ ՄԷՄԳ տեխնիկական օգնությունը, այդ նպատակին (այսինքն՝ վերազինման) չեն համապատասխանում»,- ասում է փոխնախարարը: «Թե ինչպես է հնարավոր, որ այդ վեհ նպատակով ծախսի կարիքի մասին մի տարի առաջ մեր էներգետիկներին հայտնի չէր» հարցն այդպես էլ կախված կմնա օդում: Պարզ ընթերցողին այդ մասին ոչինչ չեն հայտնի: Փոխարենը՝ նրան բացատրում են, որ ՀԾԿՀ-ն հենց այնպես չի համաձայնել այս ծախսերին: Ավելին, այն դիտարկվել է «Հօգուտ սակագնի, և այդ ծախսը համարվում է ոչ թե՝ շահագործման, այլ՝ ներդրումային»:
Կանխելով պարզ ընթեցողի «իբր ի՞նչ» պրիմիտիվ հարցը՝ փոխնախարարը բացատրում է՝ «Իսկ դա նշանակում է, որ դրանց ներառումը սակագնում կարելի է բաժանել մի քանի տարվա վրա: Այդ դեպքում դրա (սակագնի) վրա նկատելի ազդեցություն չի առաջանում»: Պարզ ընթերցողը, իհարկե, կարող էր ուրախանալ մեր կառավարիչների համարյա հայրական հոգածության սույն դրսևորումով, բայց թվաբանությունը չի թույլատրում: Տարեկան Հայաստանում մոտ ութ մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա է արտադրվում: Դրանից մոտ 1,5 մլրդ-ն արտահանվում է:
Կորուստներն ու մնացած բոլոր ծախսերն արդեն կայացած գռեհիկ ավանդույթի համաձայն՝ բաշխվում է ներքին սպառողին մատակարարվող էներգիայի սակագնի վրա:
Այսինքն, եթե այդ 1,537 մլրդ դրամը բաշխվեր, ՀԾԿՀ-ի բառապաշարով ասած՝ մեկ սակագնային տարվա վրա, ապա հնարավոր է՝ սակագինը թանկանար 23-25 լումայով: Բայց հո մեր հարազատ իշխանությունները չէի՞ն կարող նման ծանր բեռ գցել տնտեսության ու բնակչության ուսերին: Նրանք սակագինը սովոր են 6-7 դրամով ավելացնել: 23 լումայանոց ավելացումն աններելի ու անընդունելի է նրանց համար:
Այս անհավանական որոշումը պարզ ընթերցողի մոտ մեկ-երկու տարօրինակ հարց է ծնում: Օրինակ՝ «Որտեղի՞ց են ճարելու այդ 1,537 մլրդ դրամը, որքա՞ն ժամանակով և քանի՞ տոկոսով»: «Ստիպված ենք նոր աղբյուրներ փնտրել»,- բացատրում է հարգարժան երկարակյաց փոխնախարարը՝ ոչինչ չբացատրելով: Եթե ուշադիր եք ընթերցել նախարարի բացատրությունները, կնկատեք, որ մեր էներգետիկներն այդ գումարը մեկ վարկի տեսքով չեն ակնկալում ստանալ, այլ «վարկերի»: Նման մոտեցումն է, որ զգուշավոր է դարձնում մեր տնտեսական պաշտոնական տեղեկատվությունն ընթերցողին, հիմք տալով եզրակացնել, որ այդ 3 մլն դոլարը գերազանցող վարկատուն հստակ հայտնի է և բավական հարմար տոկոսներով է պարտք տալու:
Վստահ, որ համակարգը, միևնույն է, սակագները բարձրացնելու ճանապարհով միշտ էլ վերադարձնելու է պատեհ ու անպատեհ ներգրավված ֆինանսական միջոցները: Պարտք վերադարձնելը միշտ էլ համարվել է պատվի գործ: Բա մենք՝ պարզ սպառողներս, կթողնե՞նք, որ մեր չինովնիկները սևերես մնան: Չենք թողնի, իսկական հայրենասերի ու քաղաքացու նման՝ անխոնջ կտանենք սակագնի բարձրացման հերթական հարվածը: Ի վերջո, միջազգային տնտեսությունն ամենևին էլ իր լավագույն օրերը չի ապրում: Ինչո՞ւ պիտի մենք լավ լինենք: