«Մտածում էի՝ չեմ դիմանա»
hayzinvor.am. «Մեքենայի պատուհանից ուսումնասիրում եմ տեղանքը. այն ԼՂՀ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի վերահսկողության տակ է, ամբողջովին ձյունածածկ: Արդեն նկատում եմ ինժեներական արգելափակոցները, փշալարերը, որոնք հակառակորդի տեղաշարժը կաշկանդելու համար են, բայց ո՛չ խորամանկ աղվեսների, որոնք անարգել ներս ու դուրս են անում… Այդ ամենն էլ թերևս հուշում է` մեկ կրակոց, և ձմեռային օրվա գեղեցկությունն ու խաղաղությունը պայմանականություն կդառնան: Ճանապարհը, որ թվում էր` ոչ սկիզբ ունի, ոչ էլ վերջ, հանկարծ ընդհատվում է արահետով, ապա երևում է ծղոտե պատնեշը, որից այն կողմ էլ փռված է մեր մարտական հենակետը, կամ, ինչպես ասում է ինձ ուղեկցող դասակի վարորդը` ժամկետային զինծառայող Մխիթարը, մեր երկրի ամենահզոր կտորը…
Այս ռեպորտաժը ձմեռային առաջնագծում ծառայության դժվարությունների մասին չէ, որովհետեւ դրանցից, ցրտից այստեղ ոչ մեկը չի խոսում, ոչ էլ հակառակորդին դիմակայելու վճռականության մասին է, այդ էլ բնական են համարում: Այս ռեպորտաժը այն երիտասարդների մասին է, որոնք իրենց վստահված հողակտորի պատասխանատուն եւ տերն են:
Հրամանատարը
Ցուրտը սեղմում է, իսկ նա սառը ջրով մի լավ շփում է պարանոցն ու դեմքը: Նկատելով մեզ` սրբիչով սրբում է ձեռքերը, ողջունում, ապա պարզաբանում. «Թրծվում եմ»: Բաց դեմքով, ժպտուն աչքերով, ոսկեգույն մազերով զինվորականը, որից առույգություն է հորդում, դասակի հրամանատարն է` լեյտենանտ Ռաֆայել Մխչյանը: Հրամանատարը ամենատարեցն է դիրքում՝ ընդամենը 22 տարեկան: Նա իր հրամանատարությամբ ծառայող որոշ զինվորների համեմատ նոր մարդ է այս կողմերում. «Ընդամենը հինգ ամիս է, ինչ ավարտել եմ Ռազմական ինստիտուտը և ստանձնել պարտականություններս»:
Մինչ հրամանատարը պատմում է, ես նրան մտովի համեմատում եմ իր տարեկիցների հետ: Շատ ավելի հանգիստ, լրջմիտ ու ծանրախոհ է: Մտածում եմ` դժվարություններից էլ հաստատ չի երկնչում, եթե կամովին ընտրել է այս վայրը: Չնայած ինքն իր այդ որոշումը այսպես է մեկնաբանում. «Մեր երկրի համար կենսական նշանակության իրադարձություններն այսօր առաջնագծում են տեղի ունենում, պիտի գայի»: Հիշում է, թե ինչպես է առաջին անգամ դիրք բարձրացել: Անկեղծանում է` անհասկանալի ներքին շփոթ կար ու անհանգստություն. «Մտածում էի՝ չեմ դիմանա: Բայց պինդ տղա դուրս եկա (ժպտում է): Իսկ եթե լուրջ` խրամատը ցանկացածին զինվոր կդարձնի, կսովորեցնի ուժեղ լինել»: Ծառայության այս մի քանի ամիսների ընթացքում Ռաֆայելը կարևոր մի հետևություն էլ է արել` ««Ինչ գրված է մարդու ճակատին, դա էլ կատարվում է» թեզը առաջնագծում անհիմն է, ավելի լավ է զգոն, աչալուրջ լինես, գլխիդ սաղավարտ դնես, զրահաբաճկոն հագնես` ինչպես կարգն է: Ես այդպես էլ անում եմ և խստորեն հետևում եմ, որ իմ ենթականերն էլ նույնը անեն»:
Քայլերս ծանրանում են ցեխից: Ռաֆայելը դանդաղեցնում է քայլը. «Պիտի գարնանը գայիր, ասում են` խրամատը ծաղկում է: Հիմա մի քիչ անփույթ տեսք ունի, հալչող ձյան մեղքով է: Թեեւ ձյունն էլ իր դրական կողմն ունի, տեսանելիության դաշտը սպիտակում է, և հակառակորդին նկատելը ավելի հեշտ է…»: Սակայն լեյտենանտը հակառակորդից չի ուզում խոսել, միայն ասում է` «Շատ են կրակում…»:
«Ստաժավորները»
Մխչյանը շարունակում է քայլել խրամատի երկայնքով՝ ավտոմատը ուսին՝ ժամանակ առ ժամանակ կանգ առնելով պաշտպանիչ կամ մոլորեցնող ինժեներական կառույցների մոտ: Ցույց է տալիս, բացատրում, որ այդ նորամուծությունները դիրքը մի քանի անգամ ավելի ապահով և պաշտպանված են դարձնում, բայց և հրահանգավորում է` չնկարահանել: Իզուր չէ, որ հենց այս հենակետ ենք եկել: Վերջերս փոխգործակցության շրջանակում առաջնագիծ այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը իրենց գոհունակությունն են հայտնել և կարևորել համանման ձևաչափով մյուս դիրքերի կահավորումը:
Հասնում ենք խրամաբջիջ, որտեղ հերթապահում է ավագ դիտորդ, շարքային Մարզպետ Մելեթյանը: «Մեր ստաժավորներից է. մենակ էլ դիրքը կպահի»,- հրամանատարը ընկերաբար խփում է դիտորդի ուսին: Զինվորի փոքր և երկարավուն դեմքին ժպիտ է հայտնվում: Մեկ տարի մարտական հերթապահություն իրականացնող Մարզպետն ընտելացել է մի քանի հարյուր ոտնաչափ այն կողմ կանգնած հակառակորդի մշտական ներկայությանը, ինչպես նաև` կրակոցներին. «Երբ առաջին անգամ իմ ուղղությամբ կրակեցին, ինչ թաքցնեմ, վախեցա: Էդ մի անգամն էր: Հիմա կրակոցները միայն ականջով եմ լսում, մարմնիս վրա էլ էն ազդեցությունը չունեն: Պարզապես ամեն անգամ, կապ չունի` նրանք են կրակում, թե մենք` պատասխանում, մտածում եմ` կյանքը փխրուն է, ինչպես ապակին»: Շարքային Մելեթյանը խաղաղության իր բանաձևն ունի. «Ծառը պիտի ջրես, չէ՞, որ աճի, դե, նույնն էլ խաղաղությունը` պիտի պահպանենք, որ ամրանա»: Համաձայնում եմ:
Շարժվում ենք առաջ: Մինչև մյուս «ստաժավորին» հասնելը մնում է դեռևս մի քանի հարյուր մետր ճանապարհ: Քայլելը ավելի հեշտացել է, որքան էլ նույն ցեխն է: Ահա և կրտսեր դիտորդ, շարքային Գուրգեն Վարդանյանը: Ինը ամիս է` դիրք է պահում: Ե՛վ դեմքով, և՛ կեցվածքով իսկական զինվոր է, իսկ երբ զեկուցում է` հրամանատարի է նմանվում: Նկատել է հակառակորդի ինժեներական գործողությունները: Խնդրում եմ՝ ցույց տա կրակակետը, որը այն կողմում կարգի են բերում: Նա անգամ հեռադիտակ չի առաջարկում. «Առանց դրա էլ երևում են… Մեր նշանառության տակ են»: «Գոնե գիշերը կառուցապատեն»,-ասում եմ: Բայց դիրքապահը քմծիծաղ է տալիս. «Ախր, զինվորի համար լույսն էլ, մութն էլ նույնն են: Այստեղ գիշերը քնելու համար չէ, ոչ էլ ցերեկը` աշխատելու. այստեղ օրը ո՛չ սկսվում է, ո՛չ էլ ավարտվում»: Այժմ ինձ մնում է միայն հարցնել Գուրգենին` իսկ ի՞նչն է այստեղ կարևոր. «Միայն թե տրամադրությունդ տեղը լինի: Իսկ բարձր տրամադրություն ապահովում են ամենահասարակ բաները, ամենասովորական, որ թիկունքում չես կարևորում: Օրինակ` պարոն Մխչյանի հյուրասիրած տնական մուրաբան»: Բոլորս ժպտում ենք:
Գետնատնակում
Հետևում թողնելով խրամատը՝ մտնում ենք գետնափոր կացարան: Այն մաքուր է, ինչպես տունը` հյուրին ընդունելուց առաջ: Վառարանում ճարճատող փայտը մտերմիկ ու խաղաղ միջավայր է ստեղծում, իսկ երկհարկանի զինվորական երկաթե մահճակալները` կարգ ու կանոնի մասին են հուշում: Փոքրիկ պատուհաններից ներթափանցող լույսի տակ ուրվագծվում են մարտական հերթապահությունից հետո հանգստացող զինվորների դեմքերը: Ծանոթանում ենք: Շարքայիններ Սերգեյ Հովհաննիսյանն ու Գևորգ Սիմոնյանն են: Երկուսն էլ մի քանի ամիս առաջ են զորակոչվել բանակ և առաջին անգամ են դիրքերում:
-Ես իմ բնույթով համառ եմ և խոչընդոտների հանդիպելիս է՛լ ավելի համառ եմ դառնում: Մարտական հերթապահությունը, խոստովանում եմ, բարդ է, այնուամենայնիվ, ես վստահ եմ ուժերիս վրա և ուրախ եմ, որ այստեղ եմ,- ասում է Սերգեյը:
-Խրամատն ինձ համար դեռ լաբիրինթոս է` ոլոր-մոլոր ճանապարհներով, հակառակորդի համար պատրաստած անակնկալներով, մի քանի քառակուսի մետր քարե խրամաբջիջով, որտեղից աշխարհին նայում եմ արդեն ուրիշ աչքերով` զինվորի աչքերով: Այստեղ ես ինձ պիտանի մարդ եմ զգում: Ես կյանքումս առաջին անգամ իսկապես ոգևորված եմ,- մեր զրույցը եզրափակում է Գևորգը:
Ես հրաժեշտ եմ տալիս հրամանատարին ու իր զինվորներին: Գետնատնակից դուրս գալիս նկատում եմ պատին ամրացված ծալովի պատգարակը և մտքումս ասում` «թող այն տղաներին երբեք պետք չգա»:
Հետգրության փոխարեն: Վերադառնում ենք զորամաս: Մխիթարը միացրել է մեքենայի նվագարկիչը: Հնչում է նրա սիրելի` Վիկտոր Ցոյի երգը: Իսկ երգում այսպիսի մի տող կա. «Պատերազմը երիտասարդների գործն է… (Война – дело молодых.)»:
Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` հեղինակի